Հրազդանից 3 հոգի տեղափոխվել է Երեւան, որից 2-ի մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, մեկի մոտ՝ H1 N1

Հրազդանից 3 հոգի տեղափոխվել է Երեւան, որից 2-ի մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, մեկի մոտ՝ H1 N1

Հայաստանում ներկայումս նկատվում է գրիպի եւ շնչառական վարակների հիվանդացության բարձրացում: Ըստ առողջապահության նախարարության կայքի՝ հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Այսօրվա տվյալներով հոսպիտալացված է 85 հղի, որից 20–ի մոտ` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին: Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանից հետաքրքրվեցինք թե ինչպիսին է վիճակը Հրազդան քաղաքում.



«2016 հուվարի 10-ի դրությամբ կասկածելի, որպես H1 N1 վիրուս՝
եղել է 4 հիվանդի մոտ, որից երկուսը հղիներ են՝ 30-32 շաբաթական, որոնք թոքաբորբով տեղափոխվել են մանկաբարձություն եւ գինեկոլոգիայի հանրապետական կենտրոն, հոսպիտալացվել են եւ ստանում են համապատասխան բուժում: Մեկ հիվանդ տեղափոխվել է Երեւանի Էրեբունի հիվանդանոց՝ H1 N1-ի վիրուսի կասկածով, հիմա նա գտնվում է շատ ծանր վիճակում, արհեստական շնչառական ապարատին միացված, այդ հիվանդի քույրն էլ մեզ մոտ է բուժում ստանում»: Չնայած այս ամենին, Հրազդանը չի գտնվում վտանգավոր գոտում. «Իմ հորդորն է ազգաբնակչությանը՝ չզբաղվել ինքաբուժության եւ գրիպի նշանների դեպքում դիմել բժշկի: Այդ հիվանդություն կարող է ընթանալ շատ արագ եւ հանգեցնի լուրջ իրավիճակների: Սահմանափակել ենք տեսակցությունները հիվանդների հետ»:



Ռոբերտ Սահակյանը նշեց, որ տոնական օրերին շատ ծանրաբեռնված է աշխատել շտապ-օգնության աշխատակազմը եւ մինչ այսօր ունեցել են 277 կանչ, 266 հիվանդներ սպասքրկվել են անհրաժեշտ կարգով: Գրիպի հետ կապված կանչերը 87 են եղել, որից 0-7տ. հիվանդները՝18 երեխա, ստացիոնար են ընդունվել 14 հիվանդ, որից 8-ը՝ 0-7 տարեկան, 4-ը՝ մեծահասակ:



Նշենք, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված երիտասարդը 19 տարեկան է, Կոտայքի մարզի Սոլակ համայնքից, ով գտնվում է ծանր վիճակում, եւ ըստ բժշկական կենտրոնի տնօրենի՝ շատ հավանական է հիվանդի մոտ վերջնական ախտորոշվի H1 N1 վիրուսը, իսկ տղայի քույրը այս պահին բուժում է ստանում Հրազդանի բժշկական կենտրոնում:



Հավելենք, որ այսօր մարզերի առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված հերթական խորհրդակցության առանցքում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակի գնահատումն էր: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերը, դիմելիությունը, անդրադարձ կատարվեց նաև ծանր հիվանդների վարման և բուժման գործընթացին: Բարդ դեպքերի վերլուծության և բուժման ընթացքը քննարկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խորհրդակցությանը ներկա առաջատար ռեանիմատոլոգներին հանձնարարեց մշտապես պահպանել կապը մարզային գործընկերների հետ:



Նելլի Կարապետյան