Մենք հո աղջի՞կ չենք, որ խանդենք

Մենք հո աղջի՞կ չենք, որ խանդենք

Մինչ ՀՅԴ-ն ակտիվ բանակցությունների մեջ է իշխանությունների հետ՝ կոալիցիոն թեմաներով, ԲՀԿ-ում աչքները ջուր առած սպասում են, թե իրենց երբ է հերթ հասնելու։ Ակնհայտ է, որ այսօր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու թեկնածու ուժերը հենց այս երկուսն են՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, ովքեր իրենց կոալիցիոն ժեստն արեցին՝ սահմանադրական փոփոխություններին «այո» ասելով։ Բայց ԲՀԿ-ում դեռ ձեն-ձուն չկա այս թեմայով, ՀՀԿ-ում էլ ոտքները կախ են գցել, միայն «հին ընկերների» հետ են բանակցում։ Դրա համար էլ ԲՀԿ-ականներն արդեն թափանցիկ ակնարկներ են անում, թե «էդ ե՞րբ առաջարկեցիք, որ չուզեցինք»։ ԲՀԿ-ական պատգամավորներից Աբրահամ Մանուկյանը կրկին մեզ վստահեցրեց. «Չկա նման առաջարկ, չի եղել մեզ։ Էս պահի դրությամբ, հենց էս վայրկյանի վիճակով նման խոսակցություն, առաջարկ չի եղել»։



- Բայց ձեր կողմից, տարբեր ԲՀԿ-ականների կողմից ակնարկներ եղել են, որ եթե առաջարկ լինի, չեք մերժի։



- ԲՀԿ-ում ամեն մարդ ունի իր անձնական կարծիքը, եւ կարող են արտահայտել։ Կուսակցությունը ո՛չ նման որոշում է կայացրել, ո՛չ էլ նման խոսակցություն է եղել, ո՛չ էլ առաջարկություն է եղել։



- Իսկ Ձեր անձնական կարծիքը ո՞րն է այս հարցում։



- Երբ որ կլինի առաջարկություն, քննարկում կլինի, մենք կոլեգիալ որոշում ընդունող կուսակցություն ենք, էդ ժամանակ էլ կորոշենք։



- ՀՀԿ-ից Գագիկ Մելիքյանն ասաց, որ այդ առաջարկությունները փոխադարձ պետք է լինեն։ ԲՀԿ-ի կողմից առաջարկ կամ հստակ ձեւակերպում կարո՞ղ է հնչել, որ՝ այո, մենք պատրաստ ենք գնալ կոալիցիայի, եթե առաջարկեք։



- Ոչ։ Նման քննարկում չկա, որ մենք պիտի առաջարկենք։ Մե՛զ պիտի առաջարկեն։



- Իսկ ՀՅԴ-ի այդ կոալիցիոն բանակցություններին ինչպե՞ս եք վերաբերվում։



- Իրենց գործն է, ամեն կուսակցություն իր ապագան ինքն է կերտում։



- Խանդով չե՞ք վերաբերվում։



- Չէ, չէ, մենք հո աղջի՞կ չենք՝ խանդենք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ