«Թել-Սել»-ի տերմինալները թանկացել են աղքատների համար

«Թել-Սել»-ի տերմինալները թանկացել են աղքատների համար

Վերջին երկու շաբաթում թվում է, թե աննշան իրադարձություն տեղի ունեցավ մեր առօրյայում։ Փողոցներում տեղադրված «Թել-Սել» ընկերության տերմինալները, որոնց միջոցով մեր քաղաքացիները հեռախոս էին լիցքավորում, ինտերնետի եւ այլ ծառայությունների դիմաց ակնթարթային վճարումներ կատարում, թանկացրին որոշ ծառայությունների գները։ Հեռախոս լիցքավորելու համար այժմ 1000 դրամից ոչ թե 30 դրամ է պահվում, այլ՝ 35։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչով է պայմանավորված թանկացումը, եւ արդյոք ավելացե՞լ են տերմինալների սպասարկման ծախսերը։ Չէ որ առաջին հայացքից աննշան այս թանկացումը վերաբերում է սոցիալական լայն զանգվածին եւ գրեթե հավասարազոր է տրանսպորտի կամ, ասենք, բջջային կապի թանկացմանը։ «Թել-Սել» ընկերության բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Արթուր Խաչատրյանը դեմ է «թանկացում» որակմանը եւ առաջարկում է խոսել գների փոփոխության մասին։ Ըստ նրա, հեռախոսի լիցքավորման ծառայությունը ոչ թե թանկացել, այլ նույնիսկ էժանացել է, քանի որ «առաջ հեռախոսակապի համար 1000 դրամից ավելի վճարում կատարելու դեպքում տերմինալը 4 տոկոս էր պահում, իսկ հիմա տոկոսը զրոյացվել է»։ Ըստ բիզնեսի զարգացման վարչության պետի, 1000 դրամից ավելի լիցքավորողներն անհամեմատ շատ են, ուստի ավելի ճիշտ է խոսել էժանացման մասին։ 



- Փաստորեն, ձեր ծառայությունները սոցիալապես անապահով խավի համար են թանկացել, ովքեր 1000 դրամից պակաս են «քցում» հեռախոսի մեջ։
- Ոչ թե իրենց համար է թանկացել, այլ ծառայության գինն է թանկացել։ Պատճառն այն է, որ թղթադրամ եւ մանրադրամ մշակելու պրոցեսները տարբեր են։ Թղթադրամն ավելի հեշտ է մշակել, քան մանրադրամը։ Մշակել ասելով՝ նկատի ունեմ մի քանի գործողություններ՝ տերմինալից հասնել բանկ, մանրադրամները տարանջատելն ու տեսակավորելը եւ այլն։ Սա մեխանիզմ է, որը թանկ է։



Ըստ Արթուր Խաչատրյանի, լրացուցիչ 5 դրամների գանձումը կապված է տերմինալների նկատմամբ ԿԲ պահանջների որոշակի խստացման հետ, որի արդյունքում ավելացել են տերմինալների ծախսերը։ Ծառայության նոր գները համաձայնեցվել են նաեւ բջջային օպերատորների հետ։ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունում գնային փոփոխությունը դիտարկում են որպես «երկու ընկերությունների բարի կամքի դրսեւորում», իսկ թե ինչով էր այն պայմանավորված, պատասխանում են․ «ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրավասու չէ միջամտել որեւէ այլ կոմերցիոն կազմակերպության գործառնական ներքին գործընթացներին»: ««Թել-Սել» ընկերությունների բարի կամքի դրսեւորում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտի՝ 1001 դրամ եւ ավելի գումարի չափով վերալիցքավորման դեպքում, նախկինում գանձվող 4% միջնորդավճարի փոխարեն սահմանվել է 0% միջնորդավճար»:



Հիշեցնենք, որ «Թել-Սել»-ը Հայաստանում գործում է 2007 թվականից։ 2014 թվականից ընկերության տնօրենների խորհուրդը ղեկավարում է Արտաշես Ավետիսյանը, որը մինչ այդ ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարարն էր, իսկ ավելի վաղ աշխատել է ԿԲ-ում եւ համարվում էր Տիգրան Սարգսյանի «մարդկանցից»։ Արտաշես Ավետիսյանի պաշտոնանկությունն այդ օրերի մամուլը կապեց գոմեշի մսի շուրջ ծագած սկանդալի հետ, քանի որ նա էր, ըստ շրջանառվող տեղեկությունների, ստվերային կերպով վերահսկել Հայաստան ներկրվող գոմեշի մսի շուկան՝ գումարներ գանձելով ներմուծողներից։



Պաշտոնական տեղեկություններով, Ավետիսյանը հեռացել էր սեփական դիմումի համաձայն։ Փաստորեն, պաշտոնանկությունից հետո Արտաշես Ավետիսյանի համար շատ էլ լավ ժամանակեր են սկսվել։ «Թել-Սել»-ը վճարումների ընդունման ամենախոշոր համակարգն է, որն ակնթարթային վճարման 1000-ից ավելի տերմինալներ ունի Հայաստանով եւ Ղարաբաղով մեկ։