Հայաստանի երրորդ հանրապետության վարչապետները

Հայաստանի երրորդ հանրապետության վարչապետները

Իր գրեթե 25-ամյա գոյության ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ունեցել է 13 վարչապետ (13-րդը դեռ պաշտոնավարում է, չնայած նրա նշանակման առաջին իսկ օրվանից արվող սաստիկ հոռետեսական կանխատեսումներին՝ հենց թեկուզ չարաբաստիկ 13 թվի հետ կապված)։ Ասել է թե՝ մեր վարչապետները չեն եղել երկարակյաց, ինչպես երկրի նախագահները, եւ փոխվել են՝ ելնելով քաղաքական կոնյունկտուրայից։ 



Հայաստանի երրորդ հանրապետությունն ունեցել է լիբերալ-ազատական, կոմունիստական, պահպանողական հայացքների տեր վարչապետներ, որոնց մեծ մասն այսօր էլ ակտիվ դերակատարում ունի քաղաքական-հասարակական կյանքում։ ՀՀ առաջին վարչապետը Վազգեն Մանուկյանն էր՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որը պաշտոնավարեց 1990-1991թթ.։ Հետո նրա «ջրերը մի առվով չհոսեցին» նախկին համախոհների հետ, հեռացավ եւ հիմնադրեց ԱԺՄ-ն։ Անցան տարիներ, եւ ԱԺՄ-ն տրոհվեց մի քանի մասի, իսկ 1996-2013թթ. ՀՀ նախագահի բոլոր ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած եւ այդպես էլ ՀՀ նախագահ չդարձած Մանուկյանը 2009 թվականից առայսօր Հանրային խորհրդի նախագահն է։



1991 թվականի նոյեմբերից մինչեւ 1992թ. հուլիսը ՀՀ վարչապետի պարտականությունները դրվեցին կոմունիստական անցյալ ունեցող, ղարաբաղյան շարժման հետ առնչություն չունեցած եւ միգուցե հոգու խորքում այդ շարժումը մերժող Գագիկ Հարությունյանի վրա։ Նա հին «ոսկոր» է եւ նորանկախ Հայաստանում էլ շարունակեց իր փառահեղ կարիերան՝ 1996 թվականի փետրվարից ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն է, եւ նրա անվան հետ են կապվում ցայսօր ՀՀ նախագահի, ԱԺ բոլոր կեղծված ընտրությունների, սահմանադրական կեղծված հանրաքվեների ժամանակ «դակիչի» դերակատարումը։ Կեղծված ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեները նա հաջողությամբ «հորով-մորով» է արել՝ նույնիսկ ընդդիմադիր քաղաքական ուժերին մոլորեցնելով իրավաբանական «խուճուճ» ու խրթին ձեւակերպումներով։ Հենց այդ ձեւակերպումներին հավատացին 2004թ. հանրահավաքներ հրավիրող ընդդիմադիր ուժերը, որոնք, ձեռքներին ունենալով ՍԴ որոշումը, ապրիլի 12-ին ուղղվեցին Երեւանի Բաղրամյան պողոտա՝ երգ ու պարով փորձելով հասնել այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին։ Քոչարյանն, իհարկե, հրաժարական չտվեց, իսկ Բաղրամյանում երգ ու պարն ավարտվեց ծեծ ու ջարդով եւ ընդդիմադիրների ձերբակալություններով։



Այնուհետեւ, 1992-1993թթ. ՀՀ վարչապետ նշանակվեց Խոսրով Հարությունյանը՝ դարձյալ ուղնուծուծով կոմունիստ, եւ որը հետագա տարիներին էլ անպաշտոն չմնաց, նույնիսկ ԱԺ նախագահ եղավ մի որոշ ժամանակ։ Այսօր Խոսրով Հարությունյանը ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր է եւ Հանրային խորհրդի անդամ։



1993-95թթ. ՀՀ վարչապետն էր լիբերալ հայացքների տեր երիտասարդ բարեփոխիչ Հրանտ Բագրատյանը, որը Հայաստանում արեւմտյան երկրների օրինակով մի շարք տնտեսական բարեփոխումներ ձեռնարկեց։ Նա 1995թ. Սահմանադրության ընդունումից հետո վերանշանակվեց ՀՀ վարչապետ եւ պաշտոնավարեց մինչեւ 1996թ. նոյեմբեր։ Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ պատգամավոր է եւ ակտիվ գործունեություն է ծավալում ԱԺ-ում, երկրի հասարակական կյանքում։ Նա թեեւ ՀԱԿ ցուցակով է ընտրվել ԱԺ պատգամավոր, սակայն 2013թ. հանդգնեց իր թեկնածությունը դնել ՀՀ նախագահի ընտրություններում՝ անկախ ՀԱԿ-ի կայացրած որոշումից, եւ արժանացավ իր գործընկերների բուռն կշտամբանքին։



1996-1997թթ. ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանից հայ հասարակությունը հիշում է միայն նրա ժպիտը։ Պալատական խարդավանքների պատճառով հրաժարական տված եւ «մառախլապատ Ալբիոն» մեկնած նախկին վարչապետը նշանակվեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, որտեղից եկել եւ որտեղից սկսել էր իր դիվանագիտական գործունեությունը։ Նա այսօր էլ նույն պաշտոնում է, իսկ նրա բիզնես գործունեության եւ կարողությունների մասին առասպելներ են պատմում։ Արմեն Սարգսյանին փոխարինեց 1994-1997թթ. ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ՀՀ վարչապետ աշխատեց 1997-1998թթ., իսկ հետո դարձավ ՀՀ նախագահ։ Մեկ տարի էլ՝ 1998-1999թթ., ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցրեց Արմեն Դարբինյանը, որն այսօր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորն է եւ պատմության մեջ մնաց «պրոֆեսիոնալների կառավարություն» տերմինով, սակայն առանձնապես պրոֆեսիոնալիզմով աչքի չընկած գործունեությամբ։



1999թ. մայիսին ՀՀ վարչապետ նշանակվեց սպարապետ Վազգեն Սարգսյանը, որը նույն թվականի հոկտեմբերի 27-ին դարձավ ԱԺ ներխուժած ոճրագործների զոհը։ Վազգեն Սարգսյանին փոխարինեց նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, որը պաշտոնավարեց մինչեւ 2000 թվականի մայիսը։ Արամ Սարգսյանը պաշտոնից հեռացավ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հակասությունների պատճառով, 2001թ. հիմնադրեց «Հանրապետություն» կուսակցությունը եւ առայսօր էլ այդ կուսակցության նախագահն է։ Ամենաերկարակյաց վարչապետն Անդրանիկ Մարգարյանն էր, որը ԽՍՀՄ տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ էր եւ սովետական ժամանակաշրջանի քաղբանտարկյալ։ Նա, որպես ՀՀ վարչապետ, պաշտոնավարել է 2000-2007թթ.։ Անդրանիկ Մարգարյանն անժամանակ հեռացավ կյանքից 2007թ., սրտի կաթվածից։ Նրան փոխարինեց Սերժ Սարգսյանը, որը 2008թ. դարձավ ՀՀ նախագահ։



2008թ. ՀՀ վարչապետ նշանակվեց արեւմտամետ գործչի իմիջ ունեցող, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա պաշտոնավարեց մինչեւ 2014թ., լուրջ հակասություններ ունեցավ քաղաքական ուժերի հետ, որոնք պահանջում էին նրա հրաժարականը, իսկ այնուհետեւ նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ Իսկ 2016թ. փետրվարի 1-ից, երբ Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունն անցավ Հայաստանին, ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավար նշանակվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։



Դե, իսկ գործող վարչապետին ներկայացնելու կարիք չկա՝ նա Արտաշատի նախկին քաղաքապետ, Արարատի նախկին մարզպետ, տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանն է։



Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ