Տարրական պարկեշտություն

Տարրական պարկեշտություն

Թերեւս դեռ վաղ տարիքում պետք է մարդուն սովորեցնել, որ չի կարելի շահարկել հայրենիքի, սիրո, ընտանիքի գաղափարները, չի կարելի կայանալ բանակի, ժողովրդի հաշվին, չի կարելի օգտվել մարդու անօգնական, անապահով վիճակից։ Սա, թվում է, տարրական պարկեշտության այբուբենն է, որ պարտավոր են բոլորն իմանալ։ Բայց երբ մարդիկ սկսում են շահարկել մեզնից հեռացած, վաղուց մահացած անձանց անունը, հիշատակը, նրանց հետ կապված հիշողություններ պատմել ու դրանցում հերոսանալ, դա արդեն բոլոր սահմաններից դուրս է, մարդկային բարոյականության պատկերացումներից վեր։ Արժե՞ արդյոք բացատրել այս մարդկանց, որ մահացած մարդու հիշատակը հարգելը նախեւառաջ նշանակում է չասել բաներ, որոնք կարող էր հաստատել կամ հերքել միայն մահացածը։ Արժե՞ բացատրել, որ երբ բարձր հեղինակություն ունեցող հանգուցյալի անձի մասին ինչ-որ պատմություններ են պատմում, չարժե այդ անձի, նրա հետ ունեցած հարաբերությունների միջոցով բարձրանալ։ Մի քանի օր շարունակ հեռուստաընկերությունները հեռարձակում էին Էդուարդ Շարմազանովի ուշագրավ պատմությունները, թե ինչպես է պատանի Էդիկը քննադատել Անդրանիկ Մարգարյանին ու այն ժամանակվա ՀՀԿ-ն, ինչ համարձակ ու անվեհեր տղա է եղել մանկության ու պատանեկության շրջանում նա եւ ինչպես է այդ համարձակության շնորհիվ նկատվել Անդրանիկ Մարգարյանի կողմից ու առաջ քաշվել։ Այդ հերոսական պատմությունը լսողների մի մասը թերեւս մտածում էր՝ կարճ ժամանակում ինչպե՜ս է փչացել այս տղան՝ իսպառ կորցրել քննադատելու ունակությունը։ Մյուսները հառաչում էին՝ խեղճ Անդրանիկ Մարգարյան, մարդուն գերեզմանում էլ հանգիստ չեն տալիս։ Երրորդները Բարոն Մյունհաուզենին էին հիշում։ Բայց դժվար թե որեւէ մեկին այդ պատմությունը դուր եկավ, պատմողը՝ առավել եւս։