Խոսրով Հարությունյանը չի հոգնել ՀՀԿ-ականների գործերը քննելուց

Խոսրով Հարությունյանը չի հոգնել ՀՀԿ-ականների գործերը քննելուց

Քիչ առաջ ավարտվեց Էթիկայի հանձնաժողովի նիստը, որտեղ քննվում էր լրագրողական երեք ՀԿ-ների դիմումն ընդդեմ Մհեր Սեդրակյանի։



Նիստից հետո հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ ինքը որևէ ըստ էության հայտարարություն չի կարող անել, քանի որ օրենքը թույլ չի տալիս։ Կանի, երբ դիմումը քննությունը լիարժեք ավարտվի։
Նա, սակայն, ասաց, որ տեսանյութը նայել է, բայց դրանից դուրս ոչինչ չի կարող ասել։
«Այս պահին մենք պայմանավորվեցինք, որ հարցի հիմնական զեկուցող Թևան Պողոսյանը, ինչպես նաև մեր հանձնաժողովի մնացած անդամները հնարավորության սահմաններում կշփվեն թե՛ այն լրագրողների հետ, որոնք ներկա են գտնվել այդ միջադեպին և նրանցից կփորձեն հավելյալ տեղեկություններ ստանալ, թե ինչ է տեղի ունեցել, որից հետո կնախապատրաստենք մեր վերաբերմունքը հարցի վերաբերյալ»,-ասաց նա՝ նշելով, որ Մհեր Սեդրակյանին նիստին մասնակցելու կհրավիրեն երկուշաբթի։



Hraparak.am-ի հարցին, թե չի՞ հոգնել ՀՀԿ-ականների հարցերը քննելուց, Հարությունյանն ասաց․ «Ոչ, բարեկամս, ես իմ գործն եմ կատարում և քննում եմ ոչ միայն հանրապետականների գործը։ Անցյալ անգամ մենք քննում էինք նաև այլ պատգամավորների գործ։ Մի խոսքով, եթե ուզում եք ասել՝ հոգնեցի, ապա ոչ»։



Նշենք, որ նիստի ժամանակ փորձել են տեսանյութերով լսել, թե Մհեր Սեդրակյանը իսկապես հայհոյու՞մ է լրագրողին, թե՞ ոչ։ Հանձնաժողովի ադնամներից միայն Թևան Պողոսյանն է ասել, որ ինքը լսում է հայհոյանք։ Մյուս պատգամավորները՝ ԲՀԿ-ից վերջերս դուրս եկած Վահան Բաբայանը և ՀՀԿ-ականներ Սուքիաս Ավետիսյանն ու Խոսրով Հարությունյանը հայտարարել են, որ չեն լսում։ Դրան ներկա են եղել նաև դիմում տվող լրագրողները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ