Երբ իշխանությունն ու ընդդիմությունը սիրով են զբաղվում, պետք չէ խանգարել

Երբ իշխանությունն ու ընդդիմությունը սիրով են զբաղվում, պետք չէ խանգարել

Իշխանությունն ամեն ինչ անում է Ընտրական օրենսգրքի տխրահռչակ նախագծի քննարկումները հնարավորինս անաղմուկ, առանց լրատվամիջոցների անցկացնելու համար։ Ընդդիմադիրներն էլ կարծես առանձնապես չեն ընդդիմանում իշխանության ցանկություններին։ Չնայած նախօրեին ԱԺ լրատվության վարչության պետն իրազեկել էր, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախատեսվող քննարկումը լրագրողների համար բաց է լինելու, բայց երեկ առավոտյան հանդիպման մեկնարկին լրագրողներին հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանն անակնկալ դուրս հրավիրեց՝ հայտնելով, թե աշխատանքային քննարկումը նախատեսված է առանց լրագրողների։ Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը, Հովհաննես Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Ալիկ Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը։



Ուշագրավ է, որ նախապես որեւէ լրագրող տեղյակ չէր այդ հանդիպման մասին եւ տեղեկացավ միայն նախօրեի ուշ երեկոյան՝ ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջում թողած գրառումից։ Ընդ որում, շփոթ առաջացավ, եւ նախօրեին հստակ չասվեց, որ երկու քննարկում-հանդիպում է լինելու։ Մեկը ՀԱԿ-ի նախաձեռնությամբ 4+4+4 ֆորմատով առաջին քննարկումն էր, որը կայանալու էր չորեքշաբթի՝ 17։30-ին, խորհրդարանում։ Մյուսը՝ խորհրդարանականների մասնակցությամբ քննարկումը, որը տեղի էր ունենալու առավոտյան ժամը 11-ին։ Երեկ ՀԱԿ շրջանակներից կարծիքներ էին հնչում, որ պետաիրավականի քննարկումն իշխանության հակաքայլն էր 4+4+4 ֆորմատին։ Որոշ տեղեկություններով, զուգահեռաբար նման քննարկումներ կանցկացվեն։



Զարմանալի է, որ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը հերքում էր, թե հանդիպումը փակ է եղել, ասում էր՝ պարզապես լրագրողներին չի հետաքրքրել քննարկումը, եւ նրանք միահամուռ լքել են սենյակը։ «Ես մտածեցի, որ հետաքրքրությունը կորցրին ու դուրս եկան։ Ես կուզենայի, որ բոլոր քննարկումներն էլ բաց լինեին, բայց աշխատանքային պրոցեսը երբ որ պիտի կատարվի... Ես չեմ կարծում, որ 4+4+4 ձեւաչափի դեպքում ավելի արդյունավետ կլինի բացը, որովհետեւ կխանգարեն, այլ բան է, որ խորհրդարանի դահլիճում դա հնարավոր է, բայց ոչ կանգնեն գլխներիս վրա, միմյանց հետ զրուցեն ու խանգարեն։ Ի վերջո, որոշման խնդիր է՝ փակ անել, թե բաց, հիմա իմաստ դնել, թե չդնել դրա մեջ, չի կարելի, կարեւորն արդյունքն է։ Ինձ համար երկու ձեւաչափն էլ ընդունելի են։ Չի կարելի, հիմա ի՞նչ՝ հավաքվենք ստադիոնում, քննարկե՞նք։ Վերջիվերջո, արդյունք եթե չունենանք, բոլորի համար պարզ կլինի, որ ժամանակի վրա ենք խաղում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը, որի կուսակցությունը նաեւ երեք չորսերի ֆորմատում է ներգրավված։



Իսկ ինչո՞ւ եք մի քանի ֆորմատներով քննարկում, տեսակետ կա, որ պետաիրավականում քննարկումը 4+4+4-ին հակակշիռ է մտածվել, դուք երկուսում էլ կաք, ինչպե՞ս հասկանալ։
«Այսօրվա քննարկումը բաց քննարկում էր բոլորի համար, ցանկացած քաղաքական ուժ հնարավորություն ուներ մասնակցել։ Ես այլ բան չգիտեմ»,- պատասխանեց նա։ Բաց թե փակ լինելու դիլեմայի շրջանակներում էլ Խաչատրյանը մի անեկդոտ հիշեց. «Մեկը հարցնում է՝ կնոջը կարելի՞ է հրապարակում սիրել, պատասխանում են՝ ոչ, որովհետեւ խորհուրդներով կխանգարեն»։



ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, թե ինքը դեմ է եղել փակ քննարկմանը եւ նույնիսկ առաջարկել է գործընկերներին` թույլ տալ լրատվամիջոցներին մասնակցել. «Ընդհանրապես ես կողմ եմ, որ նման քննարկումները բաց լինեն, ես մտադիր եմ նաեւ 4+4+4 ֆորմատում էլ առաջարկել բաց քննարկում»։ Մարգարյանն ընդամենը տասը րոպե է մնացել պետաիրավականի քննարկմանը։ Մասնակցել է որպես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Նա նաեւ ասաց, որ ինքն այդ քննարկմանն այլեւս անելիք չուներ, քանի որ իրենց հիմնական մոտեցումները «Հայկական վերածնունդ» միավորումը կներկայացնի երեկոյան կայանալիք 4+4+4 ձեւաչափի հանդիպման ժամանակ:



Հովհաննես Սահակյանն էլ փորձեց բացատրել, թե փակ-գաղտնի քննարկում չի եղել, որեւէ գաղտնի որոշում չի կայացվել, եղել է աշխատանքային քննարկում՝ առանց լրատվամիջոցների, որպեսզի չաղմկեն-չխանգարեն։ «Քննարկումը փակ չէր, այլապես հանդիպումից հետո կասեինք՝ մանրամասներ մի հաղորդեք, բայց եղավ ճիշտ հակառակը։ Մենք ընդամենը աշխատանքային քննարկում ենք ունեցել։ Մարտի 18-ին, ինչպես հայտնի է, բոլոր ուժերն իրենց առաջարկներն են ներկայացրել, եւ մենք մեր պատասխանները, կարծիքներն էինք ներկայացնում այդ առաջարկների մասին»,- ասաց Սահակյանը։ «Պատասխանող» կողմից քննարկմանը մասնակցել են նաեւ նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հրայր Թովմասյանը։ Ի դեպ, Սահակյանն ասաց, որ քննարկման ընթացքում, օրինակ, եզրահանգման են եկել ազգային փոքրամասնություններին կուսակցությունների ցուցակներում պարտադիր ներգրավելու դրույթից հրաժարվելու հարցում։