«Կոլցո» օպերացիայից 25 տարի անց

«Կոլցո» օպերացիայից 25 տարի անց

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Քաշաթաղի (նախկին՝ Լաչինի) շրջանի վերահայացման կազմակերպիչ, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արեւելքի բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյանը հիշեցնում է, որ մեկ ամիս հետո, ապրիլի 30-ին, լրանում է «Կոլցո» օպերացիայի 25-ամյակը։ Ապրիլի 29-30-ին էլ նախատեսված է ԳԱԱ չորս ինստիտուտների ուժերով անցկացնել գիտաժողով։ Այդ գիտաժողովում մեր արեւելագետ, արվեստագետ, պատմաբան եւ հնագետ-ազգագրագետ գիտնականները նպատակ ունեն անդրադառնալու Գարդմանի եւ Շիրվանի հայության պատմա-մշակութային ավանդներին։ Ալեքսան Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի տարբեր շրջանների, Արեւմտյան Հայաստանի, Արցախի կամ Պարսկահայքի մշակույթը կարելի է գնահատել նաեւ առանձին-առանձին։ Նա ասում է, որ, թեեւ Գարդմանն այսօր մեր պետության կազմում չէ, Շիրվանն էլ ավելի հեռու է, բայց նրանց մշակութային ավանդները պետք է կարողանանք գնահատել, քանի որ շատ կարեւոր է հոգեւոր մարդու վերաբերմունքը սեփական եւ այդ թվում՝ տեղային, այսինքն՝ յուրաքանչյուրիս «փոքր հայրենիքի» (գավառի, քաղաքի, գյուղի, շրջանի, թաղամասի) մեջ խրված արմատներին՝ անգամ եթե դրանք բռնի ձեւով տեղահան են արված։



Ալեքսան Հակոբյանը կարծում է, որ այդ նյութական եւ հոգեւոր մշակութային ավանդները համակարգված ձեւով հետազոտելու եւ պահպանելու համար անհրաժեշտ է ստեղծել Գարդմանի եւ Շիրվանի երկրագիտական թանգարան, գուցե՝ Երեւանի շրջակա ոչ մեծ քաղաքներից մեկում (Նոր Հաճն, Աբովյան կամ Չարենցավան), որտեղ նաեւ ադրբեջանահայերի մեծ խմբեր կան բնավորված։ «Այդ օրը, 1991 թ. ապրիլի 30-ին, խորհրդային բանակի մինչեւ ատամները զինված մի քանի զորամիավորումներ ներխուժեցին Հյուսիսային Արցախի (որ կոչում ենք նաեւ՝ Գարդման) վերջին հայկական Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերը։ Գետաշենը եւ Մարտունաշենը 88-ի Արցախյան շարժումից հետո սկսել էին անկախանալ Ադրբեջանի իշխանություններից եւ մտնում էին Շահումյանի շրջանի ու նրա հետ միասին՝ Արցախի կազմի մեջ։ Այն ժամանակ Արցախն ինքնավար մարզ էր՝ 6 շրջանով, որին միացավ Շահումյանի շրջանը, այնուհետեւ՝ Գետաշենի գյուղախումբը։ Նրանք կարողացան հերոսաբար պահպանվել մինչեւ 1991 թ. այդ օրը։ Գետաշեն եւ Մարտունաշեն մտնելով՝ խորհրդային բանակը կրակ բաց արեց, սպանեց մի քանի հոգու՝ Թաթուլին, Սիմոնին եւ մեր մյուս հերոսներին, որից հետո գյուղերի խաղաղ ժողովրդին պահեցին շրջափակման մեջ։ Փաստորեն միայն այդ զորքի ուժով կարողացան բռնագաղթի՝ դեպորտացիայի ենթարկել Գետաշենն ու Մարտունաշենը։ Նույն օրերին խորհրդային զորքերը ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ միասին մտան Հայաստանի եւ Արցախի սահմանները մի քանի ուղղություններով՝ Նոյեմբերյանի, Կապանի, Շուռնուխի, Բերդաձորի, Հադրութի գյուղերը, եւ գրավելով այդ սահմանամերձ տարածքները՝ այնտեղից էլ սկսեցին բռնագաղթեցնել մեր ժողովրդին։Այդ ժամանակ լիովին պարզ էր, որ խորհրդային կենտրոնի «Կոլցո» օպերացիան ուղղված է հայ ժողովրդի անկախության ձգտման դեմ։



1991 թ. մարտի 1-ին Հայաստանի հանրապետության Գերագույն խորհուրդը երկարատեւ քննարկումների արդյունքում Անկախության հանրաքվեի օր էր նշանակել սեպտեմբերի 21-ը։ Քննարկումների ժամանակ դրված էր այսպիսի հարցադրում՝ ե՞րբ անցկացնել հանրաքվեն։ Արդյո՞ք՝ մարտի 27-ից առաջ, երբ Մոսկվայի նշանակած հանրաքվեն պետք է լիներ ԽՍՀՄ պահպանման մասին։ Մի շարք հանրապետություններ այդպես էլ վարվել էին՝ չհամաձայնելով մասնակցել այդ հանրաքվեին։ Օրինակ՝ Մերձբալթյան երկրները, Վրաստանը իրենց հանրաքվեի օր էին նշանակել մինչեւ մարտի 27-ը։ Բայց մենք հնարավոր համարեցինք օգտվել Գորբաչովի ընդունած՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին օրենքի դրույթներից, որոնք դժվար, բայց իրականալալի էին եւ թույլ էին տալիս միությունից դուրս գալը կատարել իրավական ճանապարհով։ Մենք համարում էինք, որ կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները եւ օրինակարգ եղանակով հասնել պետական անկախության։ Ես չափազանց ճիշտ եւ կարեւոր եմ համարում, որ մենք հանրաքվեով, Խորհրդային միության օրենքի բոլոր տառերը պահպանելով էր, որ հասանք անկախության։ Խորհրդային կենտրոնը հակադրվում էր դրան բավականին դաժան ձեւով, եւ ապրիլի 30-ին իրագործվեց «Կոլցո» օպերացիան, որն էլ մենք ուղղակիորեն կապում ենք դրա հետ։ Այնուամենայնիվ ես վստահ եմ, որ մենք ճիշտ քայլ կատարեցինք, երբ գնացինք իրավական ճանապարհով։ Վստահ եմ, որովհետեւ իրավական ճանապարհը թույլ է տալիս վարվել այնպես, ինչպես պահանջում են քո ազգային շահերը, եւ միեւնույն ժամանակ դա կատարել առավել ընկալելի ու անվտանգ ձեւով։ Ժողովուրդն այդ ժամանակ, անկախ դժվարություններից, զոհերից ու կորուստներից, վստահորեն գիտակցում է, որ գնում է իրավական ճանապարհով։



Արցախյան պատերազմում եւս, որը թեժացավ 1991-92 թթ., մենք արեցինք նման հաշվարկված, ճշգրիտ քայլեր։ Ի վերջո, Խորհրդային միությունն ինքը փլուզվեց իր բազմակողմանի հակասությունների եւ թերությունների բեռի տակ, վերջնականապես՝ 91-ի օգոստոսյան «Պուտչի» արդյունքում, իսկ մենք դուրս եկանք հաղթանակած։ Ճիշտ է, ցավոք, Գետաշենն ու Մարտունաշենը մենք ետ չբերեցինք, բայց մնաց Շահումյանը եւ ողջ Արցախը, որը դեռ պիտի տարածապես ընդարձակվեր։ Այդ պահից ի վեր մենք մշտապես քաղաքական որոշումներ կայացնելու տրամաբանության մեջ ենք գործել», - հետահայաց անդրադառնալով մեր պատմության կարեւորագույն դրվագներին՝ հիշում է Ալեքսան Հակոբյանը։ 



Նա մեզ հետ զրույցը շարունակելով՝ կարեւորում է, որ մեր անկախությունից հետո, նոր Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերությունների համակարգ ստեղծելուց հետո պահպանվեց Արցախը, ամրապնդվեց Ադրբեջանից նրա անկախության ձգտումը, եւ դա ձեւակերպվեց, բանաձեւվեց Արցախի անկախության որոշումներում՝ սեպտեմբերի 2-ի Անկախության հռչակագրում եւ հունվարյան հանրաքվեում։ Արցախի անկախության այդ հանրաքվեն եւս տեղի ունեցավ իրավականորեն օրինակարգ ժամկետներում՝ Խորհրդային միության կազմից դուրս գալու մասին օրենքի տառին համապատասխան եւ նրա հռչակած հնարավորությունից օգտվելով։ Ալեքսան Հակոբյանը սա համարում է «Կոլցո» օպերացիայի հիմնական խորհուրդը, որը մենք կարող ենք գնահատել 25-ամյա հեռավորությունից։



Թագուհի Հակոբյան