Մեր երկրի համար միակ տարբերակն արդար ընտրություններն են

Մեր երկրի համար միակ տարբերակն արդար ընտրություններն են

Արձակագիր Նառա Վարդանյանը, անդրադառնալով օրերս Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին, նշեց, որ, անկախ արդյունքներից, «Քաղաքացիական պայմանագիրը» կարողացավ իր դիտորդներով, վստահված անձերով այնպես անել, որ ընտրությունները չկեղծվեն, իսկ դա, մեծ հաշվով, հաղթանակ է մեր հասարակության համար։ «Այլ հարց է, որ մինչեւ ընտրությունները հակառակ կողմն ինչ միջոցների էր դիմել՝ ընտրակաշառքներ, ծանոթ-բարեկամ հարաբերություններ, կամ բոլոր այն պետական կառույցները՝ բուժհաստատությունները, մանկապարտեզները, դպրոցները, որ օգտագործեցին ի շահ իրենց, իսկ մենք գիտենք, թե ոնց է աշխատում այդ օղակը։ Այս անգամ էլ, հավանաբար, կարողացան շատ լավ օգտագործել։ Մյուս տարբերակը քաղաքացիներին այդ գիտակցությանը բերելն է, որ ձեր ձայնը որոշիչ է, ձեր ձայնը փոխող է»,- նշեց Նառա Վարդանյանն ու հավելեց, որ ինքը կողմնակից է այն գործելաոճին, որ վարում է «Քաղաքացիական պայմանագիրը» եւ Նիկոլ Փաշինյանը։ 



«Նայեք մեր հարեւան երկրներին, որտեղ տոտալիտար ռեժիմ է, ու իրար հետեւից 15-20 տարի նույն նախագահներն են ղեկավարում, այդ երկրները ճահճի մեջ կորելու ամենամեծ հնարավորությունն ունեն, այս դեպքում նույնը վերաբերում է նաեւ Հրազդանին։ 15 տարի մի քաղաքապետ տնօրինի մի քաղաքի, ու 15 տարի հետո դու այդ քաղաքում ոչ մի բարեփոխում չտեսնե՞ս, բացի 1-2 կառուցված հուշարձանից, որոնց կառուցման ընթացքում չես հասկանում, թե ինչ փողեր են լվացվում, ու տեսնես կործանման եզրին հասած մշակույթի պալատ, որ նախկին պիոներ-պալատն էր։ Երբ մենք փոքր էինք, հիշում եմ, որ այդ պիոներ-պալատը մշակույթի շատ գեղեցիկ կենտրոն էր, իսկ հիմա ավերակ է հիշեցնում՝ ջարդված ապակիներով։ Մի խոսքով, քաղաքին իջած մռայլություն կա, ոչ մի լուսավոր, ոչ մի գունավոր բան չկա, ոչինչ չես կարող տեսնել այդ քաղաքում»։
Նառա Վարդանյանը չի կարծում, թե հրազդանցիներն ընտրում էին Սասուն Միքայելյանի եւ Արամ Դանիելյանի միջեւ. «Ցանկացած դեպքում էլ, եթե Սասուն Միքայելյանի փոխարեն լիներ մեկ ուրիշ տարբերակ, չեմ կարծում, թե որեւէ մեծ փոփոխություն կլիներ, այսինքն՝ ավելի շատ իրենց քաղաքական լծակը պահելու խնդիր էր, քան թե թեկնածուի»։



Ինչ վերաբերում է նրան, որ ցավն ու հիասթափությունն ավելի խորը եղան հատկապես սահմանային իրավիճակի շուրջ ձեւավորված համազգային միասնության ֆոնին, եւ թվում էր, թե դրանից հետո այս երկրում ինչ-որ բան կեղծելն անհնարին կլինի, եւ ոչ մեկի ձեռքը չի գնա դրան, ապա. «Մարդիկ չեն գիտակցում, որ այստեղ ընտրակաշառք վերցնելով՝ սահմանին իրենց երեխան է դրա համար պատասխան տալիս։ Նրանք չեն կարողանում այս ամբողջ պատմության փոխկապակցվածությունը հասկանալ, եթե ընտրակաշառք ես վերցնում, ապա ունենում ես ոչ լեգիտիմ իշխանություն, եւ, բնականաբար, նա առաջին իսկ հնարավորության դեպքում փախչելու է»։ Արձակագիրը կարծում է, որ ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողները հավասարապես պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության. «Ես ամենայն պատասխանատվությամբ եմ դա ասում, որովհետեւ ինքս բախվել եմ նման մտածողության մարդկանց հետ, երբ ընտրակաշառք են բաժանում կամ վերցնում, եւ դա իրենց համար ամենանորմալ երեւույթն է, իսկ ինձ համար՝ երկիրը ծախելու պես մի բան»։



Թե մարդիկ ինչու են վախենում գնալ փոփոխությունների, երբ 15 տարում ընդամենը 2 հուշարձան է ավելացել քաղաքում, եւ ոչ մի բան չի փոխվել, Նառա Վարդանյանը փորձում է հոգեբանորեն մոտենալ մարդկանց ու հասկանալ, թե ինչու են վախենում փոփոխություններից. «Որովհետեւ նրանք ավելի վատից են վախենում։ Երբ ասում ես, որ այսինչ բանը լինի, ավելի լավ կլինի, ասում են՝ բա որ ավելի՞ վատ լինի, այսինքն՝ այդ ներքին վախը, որ գուցե պատերազմից է եկել, որովհետեւ շատերն անցել են այդ փուլերը, ու մարդկանց մեջ այդ սովի, մթի վախը կա։ Մեր հասարակությանը շատ երկար ժամանակ է պետք ազատվելու այս սովի, մթի ու ավելի վատը լինելու վախից։ Հավանաբար, դա է պատճառը, որ մարդկանց ենթագիտակցության մեջ շատ ուժեղ նստած է»։
Այն, որ ամեն անգամ համոզվում ենք, որ ընտրությունների ճանապարհով երկրում քաղաքական փոփոխությունների չենք կարողանում հասնել, ապա արձակագիրը լավատեսորեն համոզված է, որ այն, ինչ «Քաղաքացիական պայմանագիրն» արեց, հնարավոր է նրանց հետ միասին զարկ տալ եւ կազմակերպել արդար ընտրություններ։



Նա եւս մեկ անգամ նշեց, որ ոչ ոք չի ցանկանա, որ որեւէ հեղափոխության համար մարդիկ մեռնեն. «Ընտրություններով պետք է սկսել հեղափոխությունը, միակ քաղաքակիրթ տարբերակը դա է։ Ես կողմնակից եմ ընտրություններով՝ առանց զոհերի, առանց արյունոտ ճանապարհի հասնել հեղափոխության եւ փոփոխությունների։ Միթե այդ 10 կամ 20 մարդկային կյանքն ավելին չէ, քան հեղափոխությունները։ Մենք հիմա ինչքան ենք մղկտում սահմանին զոհված մեր զինվորների համար, մի հատ էլ դնես՝ հեղափոխության համար այդքան զոհ տաս, արդյոք արժե՞... ափսոս են այդ երեխաները, մեր երկրի համար միակ տարբերակն արդար ընտրություններն են»։ 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ