Միհրան Պողոսյանն ազատվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից

Միհրան Պողոսյանն ազատվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից

Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Միհրան Պողոսյանին Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից ազատելու մասին:



Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։



Հիշեցնենք, որ ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ապրիլի 18-ին: Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։