Մի փոքր ոստիկանական «ճաշակի» մասին

Մի փոքր ոստիկանական «ճաշակի» մասին

«Ընգեր ջան գնո՞ւմ եք, թե՞ չեք գնում».- ոստիկանի այս խոսքերին հաջորդեցին քաղաքացիներին բերման ենթարկելու երկրորդ «էպոխան»: Շատ դիպուկ նկատեց Համահայկական բնապահպանական ճակատի նախաձեռնող խմբի անդամ Լևոն Գալստյանը, ոստիկանն իր ճաշակից ելնելով էր ընտրում այն մարդկանց, ում պետք է բաժին «ուղեկցեին»:



«Կոնկրետ իմ դեպքը մեկնաբանեմ, ինձ բերման են ենթարկել կարմիր բերետավոր մայորի ճաշակով այսպես ասած: Ինձ ասաց՝ շատ ես սրամտում, իսկ հետո իր ենթականերին՝ տարեք իրեն: Այսինքն՝ այդտեղ չկա ոչ մի իրավական հիմնավորում: Սրամտելու համար մարդուն բերման ենթարկելը, մայթի վրայից հանգիստ կանգնած, որը ոչ մեկին ոչ խանգարում է, ոչ ինչ-որ այլ գործողություն է անում, դա նշանակում է, որ ոստիկանությունը ուղղակի չի տիրապետում ոչ օրենքներին, ոչ իրադրությանը: Ու այդ ամբողջ ընթացքում մարդկանց մայթի վրայից բերման են ենթարկել` ըստ այդ մայորի ճաշակի, ձեռքով ցույց էր տալիս՝ այս մեկին տարեք, այս մեկին տարեք: Մարդիկ նույնիսկ ճաղերի վար էին կանգնած ուղղակի, ընդհանրապես ոչ մեկին չէին խանգարում, քաշում էին տանում».- մեկնաբանում է Լևոն Գալստյանը:



Լուսանկարում՝ «ճաշակով» առաջնորդվող ոստիկանը:





Հիշեցնենք, որ երեկ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ընթացքում 42 քաղաքացի է բերման ենթարկվել Բաղրամյան փողոցից: Քաղաքացիները ցանկանում էին երթով նամակ-դիմում հանձնել նախագահական, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ինչին հաջորդեց Բաղրամյան փողոցում բախումները: Ոստիկանները փակեցին երթի մասնակիցների ճանապարհը: Մանրամասները՝ այս հղումով:



«Նրանք ասացին` 5 րոպե ժամանակ ենք տալիս, գնացեք այստեղից, դա էլ հիմնավորված չէր պահանջը, ինչի՞ համար մայթի վրայից մարդիկ գնան: Օրինակ 4 հոգով բարձրանում էինք մայթով վերև, ըստ էության ամեն ինչ ավարտվել էր, գնացել էինք, որ նստեինք տրանսպորտ և գնայինք տուն, այդ ձև էինք որոշել իրականում: Բայց եկան մի 50 հոգով, այդ մայթը փակեցին, եղավ կուտակում: Երբ մարդիկ փողոցն էին փակել, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց այդ դեպքում մենք գնում էինք մայթով, գալիս փակում ես 4 հոգու դեմը, մարդիկ գալիս են կուտակվում են և այլն, չես թողնում անցնել, հետո էլ ասում ես 5 րոպե ժամանակ, գնացեք տուն».-նշեց Լևոն Գալստյանը, ում դեմ նույնպես վարչական վարույթ է հարուցվել երեկվա դեպքերի հետ կապված:



Ոստիկանության տարածած հայտարարության համաձայն երեկ «այդ անձինք վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ և 15-րդ կետերով նախատեսված հիմքով»: Այն է առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը, հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը, հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը:



«Տեսա, որ ուզում են ընկերներիցս մեկին էլ բերման ենթարկել, գնացի ու փորձեցի խանգարել, ինձ էլ մտցրեցին մեքենայի մեջ: Ցուցարարներին շատ կոպիտ ձևով էին մտցնում մեքենայի մեջ, ինչի արդյունքում մի քանի հոգի վնասվածքներ էին ստացել».- պատմում է Հովհաննես Ղազարյանը, ով առաջին բերման ենթարկվածների թվում է: Վերջինիս խոսքերով, երբ ոստիկանական մեքենայով իրենց հասցրել են Արաբկիրի բաժին, այնտեղ ոչ մի աշխատող չի եղել. «Մեքենան շարունակեց ճանապարհը, դեպի Զեյթունի քաղմաս: Բաժնում հենց սկզբից ստիպեցին հեռախոսն անջատել և ուզում էին իմանալ ուրիշ կապի միջոց կա՞ մոտս, թե՞ ոչ: Սկզբից ուզում էին անձնական տվյալներս իմանալ, երբ բացասական պատասխան ստացան, սկսվեց համոզելու պռոցեսը, երբ տեսան, որ ոչ մի արդյունքի չեն հասնում, նրանցից մեկը հեռախոսով նկարեց դեմքս, ու բավականին ժամանակ անցնելուց հետո տվյալներս հայտնվեցին բաժնի պետի սեղանին: Վարչական արձանագրություն կազմել են 2 ժամ հետո, մինչ այդ նստել էին ու հեռուստացույց էին նայում, միաժամանակ փորձելով «անկեղծ» զրույցի բռնվել հետս: 3 ժամ անցնելուց հետո պետք է սպասեինք շեֆի արձագանքին: Սակայն թողեցինք ու դուրս եկանք ամեն մեկս գնալով մեր գործերին»:





Հովհաննեսը պատմեց նաև, որ բաժնում գտնվելու ընթացքում ոստիկաններն իրենց չեն հայտնել, թե ինչի համար են բերման ենթարկվել. «Մինչև վերջ չէի էլ իմանա, թե ինչի համար եմ այնտեղ հայտնվել, եթե չգար մարդու իրավունքների պաշտպանը ու ներկայացներ օրենքի այդ երկու վարչական կետերը, որոնք ես «խախտել եմ»: Կետերից առաջինը, այն էր, որ իբր խախտել եմ ցույցի բնականոն ընթացքը, իսկ մյուսը՝ այդ օրվա ակցիայի մասին չեմ ներկայացրել իրազեկում համապատասխան մարմնին: Հավանաբար ոստիկանության Զեյթունի բաժնի աշխատողները տեղյակ չեն, բայց այդ օրը բողոքի ցույցի բնականոն ընթացքը խախտել են ոստիկանական զորքերը, իսկ իրազեկումն էլ համապատասխան մարմիններ սովորաբար ներկայացնում է տվյալ ցույցի կազմակերպիչը»:



Նշենք նաև, որ երեկ ոստիկանները բերման են ենթարկել նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, իսկ այսօր հաղորդագրություն տարածել, թե «ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ խախտողի բերում կամ վարչական ձերբակալում վարույթի ապահովման միջոցներ չեն ձեռնարկվել, այլ տեղաշարժը հավաքի վայրում կարճատև սահմանափակվել է, և րոպեներ անց նրանք ոստիկանության վերակարգից դուրս են թողնվել: Միջադեպի կապակցությամբ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն»:



Սիրան Հունանյան