Հլը տուն չենք հասել, հետևներիցս տենանք ակտերը եկան. արագաչափերը օգո՞ւտ են, թե՞ վնաս

Հլը տուն չենք հասել, հետևներիցս տենանք ակտերը եկան. արագաչափերը օգո՞ւտ են, թե՞ վնաս

Սկսած 2012 թվականից` Երևանում տեղադրվեցին արագաչափեր և երթևեկության համար նախատեսված տեսախցիկներ, ժամանակի ընթացքում արագաչափեր ու տեսախցիկներ հայտնվեցին նաեւ մարզերում, գնալով դրանց թիվը ավելացավ:



Hraparak.am-ը փոքրիկ հարցում է կատարել մեր համաքաղաքացի վարորդների շրջանում՝ փորձելով պարզել, թե ինչպես են նրանք վերաբերում արագաչափերի և տեսախցիկների առկայությանը, կանոնակարգում են արդյոք երթևեկությունը, թե միայն «ժողովրդին թալանելու համար են»: Քաղաքացիներից ոմանք բողոքեցին դրանց առկայությունից, ոմանց համար էլ դրանք եղած-չեղած մի հաշիվ էին։



Մեր հարցմանը մասնակցածների մեծ մասը այդքան էլ գոհ չէ արագաչափերի առկայությունից։ Նրանց կարծիքով` արագաչափերն ու տեսախցիկները լոկ բիզնեսի աղբյուր են։ Այս հարցով հատկապես անհանգստացած են տաքսիների վարորդները։ Մեզ հետ զրույցում միմյանց հերթ չտալով` նրանք բողոքում էին արագաչափ սարքերի վերահսկողությունից, թեմայից էլ շեղվելով` սկսեցին իրենց բողոքը բարձրացնել նաև կարմիր գծերի, երթևեկության այլ կանոնակարգման համար նախատեսված կանոններից։



«Տո էս ինչ էր, էլ բան չունեին գլխներիս բերելու, բերեցին էդ արագաչափերն ու տեսախցիկները դրեցին, հլը տուն չենք հասել, հետևներիցս տենանք ակտերը եկան»,-նշում է տաքսու վարորդներից մեկը. ընկերն էլ, կողքից միջամտելով, ավելացնում է, որ ամեն քայլափոխի տեղադրված տեսախցիկների ու արագաչափերի պատճառով կոնֆլիկտներ են ունենում ուղևորների հետ. «Մարդը նստել ա, ասում ա` շտապ հիվանդանոց քշեք, կամ կարևոր տեղից ուշանում ենք, կարո՞ղ ա ասեմ՝ չէ, չեմ կարա քշեմ, դուք վատացեք, 10-ից ավել չեմ կարա գնամ, թե չէ կնկարվենք»։



Քաղաքային երթևկության մեջ կարևոր դերակատարություն ունեցող տաքսիստները ոչ մի դրական երևույթ չեն տեսնում արագաչափերի մեջ, և ըստ նրանց այն երթևեկությունը կարգավորող ոչ մի գործառույթ չի իրականացնում. «Էդ մենակ երևի դնողներին ա ձեռ տալիս, ես որ նենց մարդու չգիտեմ էսքան ժամանակ, ով գոհ ա տեսախցիկներից ու արագաչափերից»։



Արագաչափերի հսկողությունից նեղսրտում էին նաև շարքային քաղաքացիները։ Նրանցից մեկը՝ Ֆլորան, Hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ թերևս ինքն ավտոմեքենա չի վարում, բայց, այնուամենայնիվ չի կարծում, որ արագաչափերի տեղադրումը որևէ դրական արդյունքի է հանգեցրել. «Հետևելով պաշտոնական տվյալներին՝ տեսնում ենք, որ վթարների, դրանց հետևանքով զոհերի թիվը չի կրճատվել, դրա հետ էլ տուգանքների թիվն է ավելացել։ Ես անձամբ մեքենա չեմ վարում, բայց ընտանիքում՝ հայրս ու եղբայրս վարորդներ են, իրենք ստանում են տուգանքներ, ինչն էլ չի կարող ստիպել ինձ դրական կարծիք ունենալ այդ ամենի վերաբերյալ»։



Մեր հարցումները քաղաքացիների շրջանում ցույց տվեցին, որ մարդիկ այդ սարքերի` երթեւեկությունը կանոնակարգելու օգուտը չեն զգում: Միայն բողոքներ, քննադատություններ։ Հարցվածների մեջ եղան մի քանի հոգի, ովքեր չեզոք դիրքորոշում ունեին այս ամենի վերաբերյալ։ «Դե, ես ինքս վարորդ չեմ, բայց ինչքան լսել եմ, մարդիկ դժգոհում են, ինձ համար ոչինչ չի փոխվել տեսախցիկների կամ արագաչափերի տեղադրվելուց հետ։ Միևնույն է»,- նշում է քաղաքացիներից մեկը։



Մինչդեռ, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում հայտարարել էր, որ «Սեքյուրիթի Դրիմ»-ը գերշահույթով չի աշխատում, իսկ տուգանքների նպատակը ոչ թե քաղաքացիներից գումար կորզելն է, այլ վարորդներին խախտումներից զերծ պահելը: Զաքարյանի պնդմամբ՝ հարյուրավոր մարդիկ խնդրում են նոր արագաչափեր տեղադրել:



Ընկերության հիմնադիրը ևս մեկ անգամ շեշտել է, թե «Սեքյուրիթի Դրիմը» որևէ պետական պաշտոնյայի հետ կապ չունի, և ընկերության միակ սեփականատերը ինքն ու իր եղբայր են՝ Գուրգեն Զաքարյանը:



Զաքարյանի այս հայտարարությունը մեծ արձագանք էր ստացել։ Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Արամ Մանուկյանը իր էջում կիսվել էր Ալեքսան Զաքարյանի մասնակցությամբ նյութով՝ մեկնաբանելով. «Իսկ դու զանգե՞լ ես ու խնդրել ՝ շտապիր, տեղերը սահմանափակ են»։ Սրան հետևել էին բազմաթիվ բացասական մեկնաբանություններ Ա.Զաքարյանի և իր արած հայտարարության վերաբերյալ։



Աննա Պապիկյան