Հագնվի, գնում ես Էրևան. Աշոտ Աղաբաբյանը` Քրիստ Մանարյանին. ֆոտոշարք

Հագնվի, գնում ես Էրևան. Աշոտ Աղաբաբյանը` Քրիստ Մանարյանին. ֆոտոշարք

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերից սահման մեկնած հայտնի սցենարիստ, երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանը վերադարձել է Երեւան, նրա մոտ հայտնաբերվել է թոքաբորբ: «Վերջին երկու օրը զորանոցում պառկած էի, դեռ չգիտեի, որ թոքաբորբ ունեմ, դա էսօր, Երևանում իմացա: Երրորդ օրը մեր դասակի հրամանատարը՝ «Խելառ» Սարգիս Միքայելյանն ու Անկախության Բանակի հրամանատար Աշոտ Աղաբաբյանը կանգնեցին գլխավերևումս: Աղաբաբյանը մտահոգ նայեց դեմքիս ու իր կտրուկ, հակաճառություններ չընդունող տոնով ասաց.



- Հագնվի, գնում ես Էրևան:



Հրամանատարը էն գրեթե երկու շաբաթվա ընթացքում, որ ես Արցախում, էի՝ հարազատ հոր պես հոգատար էր բոլորիս հանդեպ: Միշտ մեզ հետ էր՝ քնում ու զարթնում էր մեր կողքին, զորանոցում, մեզ հետ ուտում էր նույն ճաշը, ծխում էր նույն սիգարեթը, խրամատ փորելիս զինվորներից առաջ էր սկսում գործն ու վերջինն էր ավարտում: Ու առանց իր ասելու էլ գիտեինք, որ եթե մարտական գործողություններ սկսվեն՝ էլի առաջինն է նետվելու գնդակների տակ:



Երբ մի անգամ երեկոյան, զորանոցում ձեռքիցս վերցրեց կիթառն ու սկսեց իր խռպոտ ձայնով տխուր մի երգ կատարել՝ ամենևին չզարմացա, արդեն հասկացել էի, որ էն բազմաշնորհ մարդկանցից է, ում ձեռքից ամեն ինչ գալիս է: Խիստ ու արդար, որոշումներն արագ կայացնող, սրտաբաց ու զինվորին կրծքով պաշտպանելու պատրաստ՝ ահա էսպիսին է Աշոտ Աղաբաբյան հրամանատարը՝ սա իմ տեսածն է ու ապրածը:
Ընկերներս բոլորն էկան ինձ ճամփու դնելու՝ ծանր պահ էր: Վերջինը մոտեցավ հրամանատարը, փաթաթվեց ու ասաց, 



-Դու մեղավոր չես, որ քո փայ մարտական հերթապահությունն առանց ռմբակոծությունների անցավ, աստված տա՝ էս հարաբերական խաղաղությունը երկար տևի: Բայց ես գիտեմ, որ էկել էիր կռվելու: Մեր ամեն բահ հողն արյան գին ունի, ամեն բահ հողը պահելու ենք մինչև վերջ:



Առջևում բուժումն է հիվանդանոցում ու երկար, անքուն գիշերներ՝ աստված պահի հրամանատարին, Խելառին ու մյուս բոլոր էն տղերքին, որոնք դատարկ ճառեր ասելու փոխարեն անխոս վերցնում են զենքն ու գնում թշնամու դիմացն առնելու: Քաղաքացիական կյանքում ամեն մեկը չի, որ կհասկանա էս բառերի կշիռը՝ ոմանք փնովելու, բամբասելու ու չարչիության համար են լույս աշխարհ եկել: Հեռու դրանցից՝ իսկական, տղամարդկային, ազնիվ կյանքն էնտեղ է»,-իր էջում գրել է Քրիստ Մանարյանը: