Մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդ չի դադարում. ուղիղ

Մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդ չի դադարում. ուղիղ

Այսօր Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված կոտորածի 101-րդ տարելիցն է: Վաղ առավոտյան երկրի իշխանությունները, բազմաթիվ քաղաքական գործիչներ, մտավորականներ, քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դնում անմար կրակի մոտ, հարգում զոհերի հիշատակը: Տարբեր հայկական գաղթօջախներում եւս այսօր բազմաթիվ երթեր, միջոցառումներ են կազմակերպվում: Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վաղ առավոտից մարդկանց հոսըք Ծիծեռնակաբերդ չի դադարում: Քիչ առաջ Ծիծեռնակաբերդ այցելեց Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը` իր աշխատակիցների հետ միասին: Այժմ սպասվում է նախագահ Սերժ Սարգսյանի այցը: 



Նշենք, որ Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:



Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը և այլն: Պետություններից առաջինը Ուրուգվայն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա եղել է 1965 թ-ին: Ըստ միջազգային իրավունքի` որպես ցեղասպանություն հայերի կոտորածը ընդունել են նաեւ Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա,Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, նաև ԱՄՆ 44 նահանգներ: