Վահան Մարտիրոսյանն ուղերձ է հղել «թանկագին ադրբեջանցիներին»

Վահան Մարտիրոսյանն ուղերձ է հղել «թանկագին ադրբեջանցիներին»

«Քաղաքական հալածյալ» Վահան Մարտիրոսյանը, ով ապաստանել էր Ադրբեջանում և վերջերս ընտանյոք հանդերձ տեղափոխվել երրորդ երկիր, haqqin.az-ի միջոցով ուղերձ է հղել, իր իսկ բնորոշմամբ, «թանկագին ադրբեջանցիներին»: Բացի ադրբեջանցիներին և նրանց հյուրընկալությունը գովաբանելուց՝ նա հայտարարել է նաև, թե Բաքվում այժմ ապրում է 40 հզ հայ, թե ադրբեջանցիները ամենախաղաղասեր ժողովուրդն են, թե Ադրբեջանում գործում են հայկական եկեղեցիներ, իսկ հայկական սրբավայրերն այդ երկրում կանգուն են ու խնամված, թե Ադրբեջանում տպագրվում են հայկական թերթեր, հեռարձակվում են հայկական հեռուստահաղորդումներ և այլն: Իր զառանցագին բարբաջանքի վերջում Մարտիրոսյանը նշել է, թե նույնիսկ բնակություն հաստատելով երրորդ երկրում՝ շարունակելու է պայքարել երկու ժողովուրդների բարեկամության համար և Հայաստանն այժմ ղեկավարող քաղաքական ուժերի դեմ:



Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը, պատճառաբանելով, թե ենթարկվում է քաղաքական հալածանքների, ապաստան էր խնդրել Ադրբեջանից եւ հատել սահմանը: Վերջինս այսպես կոչված «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավարն էր: Նրա հանդեպ հարուցված է եղել նաեւ քրեական գործ: Ադրբեջան անցնելուց հետո, մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, վրաերթի էր ենթարկվել մայրը, իսկ զոքանչին էլ հեռացրել էին աշխատանքից: