Սա դժվար գործ է՝ եթե չեք կարողանում, գնացեք, թող ուրիշը գա կատարի

Սա դժվար գործ է՝ եթե չեք կարողանում, գնացեք, թող ուրիշը գա կատարի

Հարցազրույց պատմագիտության թեկնածու, դոցենտ Միքայել Մարտիրոսյանի հետ



- Պարոն Մարտիրոսյան, այս տարվա ապրիլը շատ ծանր տրվեց մեզ բոլորիս, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցից սկսած մինչեւ քառօրյա պատերազմ, որը, փաստացի, դեռ չի էլ դադարել։ Որպես պատմաբան, ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը։



- Այդ 101 տարիների ընթացքում միշտ չէ, որ ըստ հավուր պատշաճի նշվել է Հայոց ցեղասպանության օրը, միայն 50-ամյակից հետո, այն էլ՝ հասարակության ճնշման տակ, Խորհրդային Միության տարիներին նշվեց այդ օրը, բայց բավարարվել ձեռք բերածով ու սպասել, որ այս կամ այն պետությունը ճանաչի, դրա մեջ տեսնել հաջողության բանալի, ճիշտ չէ։ Եթե կշեռքի նժարին դնենք ճանաչման գործընթացը եւ այն խնդիրները, որի առջեւ հիմա կանգնած է մեր ժողովուրդը, հավասարազոր չեն լինի։ Աշխարհում չկա մի ուժ, որը Թուրքիային պարտադրի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ ամենակարեւոր հարցն այն է, որ հենց Թուրքիան ճանաչի, առերեսվի իր պատմությանը։



- Նորանկախ Հայաստանի 25 տարիների ընթացքում ի՞նչ քայլեր են արվել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, եւ արդյոք մեր պետությունը շատ ռեսուրսներ չի՞ ներդրել միայն այդ ուղղությամբ՝ մոռանալով, որ ունենք մեկ այլ կարեւոր խնդիր՝ Ղարաբաղի ճանաչման հարցը։



- Մեր ժողովրդի համար այս օրերին ճակատագրական՝ վճռորոշ պահ է, մեր երկիրը հենց այսօր պատերազմի մեջ է, եւ այս պայմաններում եթե պետությունը դարձնում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություն ցեղասպանության ճանաչման հարցը, ապա լավ կլիներ, որ նախեւառաջ մտածեին առաջնահերթությունների ընտրության մասին։ Ցեղասպանության ճանաչումն ավելի շատ հասարակական մտքի, քաղաքական կյանքի գնահատմանը պետք է արժանացնել՝ հասարակություններին պատրաստելով դրան։



Հիմա կա ավելի կարեւոր հարց մեր ժողովրդի համար, քան ցեղասպանությունն է, դա Արցախի հարցն է։ Պետության քաղաքականության մեջ ցեղասպանության ճանաչման հարցը երկրորդային պետք է լինի, առաջնայինը պատերազմն է, որ ընթանում է Արցախի սահմաններում։ Մեր ժողովրդի համար միշտ էլ եղել են ճակատագրական պահեր, բայց պետք չէ տարվել քաղաքական ռոմանտիզմով։ Կգա մի օր, որ այսքան շրջափակումների մեջ մենք կդառնանք կույրաղիք այս տարածաշրջանում։ Ցեղասպանությունը դարձնել հայ-թուրքական հարաբերությունների առանցք, դրանով մենք վատություն արած կլինենք եւ մեզ, եւ մեր ապագա սերունդներին։



Դարեր շարունակ հայերը երազել են ունենալ անկախ պետականություն. սա գլխավոր արժեքն է, մենք իրավունք չունենք վտանգելու մեր անկախ պետականությունը, իսկ այդ անկախ պետականության պահպանողը մեր բանակն է, այն տղաները, որ հիմա կռվում են սահմանում։ Քառօրյա պատերազմն ի հայտ բերեց մեր բանակի ու նրա ղեկավարության թերությունները, բացթողումները, որոնք պետք է շատ արագ շտկել։ Նախորդ պատերազմում մարդկային գործոնը վճռորոշ դեր էր խաղում, տարիների ընթացքում, այս գիտատեխնիկական զարգացման ընթացքում, ֆինանսական, նյութական այս ռեսուրսների առկայության պայմաններում մարդկային գործոնը պատերազմում աստիճանաբար իջնում է, եւ առաջնահերթ պլան է մղվում տեխնիկան։



Մենք պետք է ունենանք գրագետ զինվոր, դրանից առաջ պետք է ունենանք գրագետ զենք, գրագետ կադրեր։ Վերջերս 3-4 տարեկան թոռնիկս մանկապարտեզից եկել է ու անընդհատ կրկնում է՝ զիջում- փոխզիջում, ասում եմ՝ այ բալիկ ջան, որտեղի՞ց ես լսել դրա մասին, ասում է՝ խոսել են, լսել եմ։ Հիմա շատ են խոսում դրա մասին, բայց մի հատ պատկերացրեք՝ զիջում, փոխզիջում ասելով դու խրամատում կանգնած զինվորի թիկունքը չե՞ս թուլացնում, ինչի՞ համար է կռվում այդ մարդը։ Հետո, եթե մենք մոտենում ենք այդ տարածքներին որպես ազատագրված տարածքների, ապա մենք տալու բան չունենք, եթե նայում ենք այնպես, որ մենք գրավել ենք, ինտերվենցիա ենք արել, ուրեմն տալու բան ունենք՝ մերը չէ։ 



- Այսօր շատ են խոսում նաեւ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, արդյոք դրա կարիքը կա՞։



- Թող մի երկիր ցույց տան, որտեղ խաղաղապահները խաղաղություն են հաստատել։ Որ երկիր գնացել են, շարունակվել է այդ երկրում արյուն թափվել։ Մեր անվտանգությունը մենք պիտի ապահովենք։ Մենք հույսը մեզ վրա պետք է դնենք, որովհետեւ ամեն երկիր շարժվում է իր պետական շահերից ելնելով։ Ռուսաստանը 19-20-րդ դարերում մոտ 5 անգամ Արեւմտյան Հայաստանը գրավել է եւ 5 անգամ էլ վերադարձրել թուրքերին՝ ամեն անգամ մի պատճառաբանությամբ։ Մեր անվտանգության խնդիրը մեզ վրա է։



- Ժողովուրդը կարծես հասկացել է, որ մեր անվտանգության միակ երաշխավորն ու ազնիվ դաշնակիցը մեր բանակն է, իսկ իշխանությունը, ի՞նչ եք կարծում՝ հասկացե՞լ է դա։



- Մեր ժողովուրդն իր կաշվի վրա զգացել է, որ իր անվտանգության երաշխավորն ինքն է, իսկ կառավարությունն այնպիսի Հայաստան պետք է ստեղծի, որ Ադրբեջանը նայի ու տեսնի, որ հայերը Հայաստանում ապահով ապրում են, չեն գաղթում, արդար երկիր է։ Սոցիալական բողոքին միշտ դեմ եղած մեր ժողովուրդն ընտրում է արտագաղթի ճանապարհը, սա փաստ է։ Չկա մեր ժողովրդի պատմության մեջ պուգաչովականություն՝ զինված ապստամբություն։ Հիմա վերջապես անկախ պետություն ենք ստեղծել ու պիտի ելնենք մեր պետության դեմ, ինչ է թե մեր մի կտոր հացը պակասե՞լ է։ Սոված կմնանք, բայց մեր պետականությունը կպահենք, բայց սա ասա իրենք հասկանան։ Այդ պաշտոնյաների հայտարարագրերը նայում ես, ու սիրտդ ցավում է, եթե Ռոբերտ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղի հարց լուծեր, ավելի լավ կլիներ իր նյութատնտեսական ռեսուրսները ներդներ Ղարաբաղի բանակում, ու հիմա այս պատկերը չէինք ունենա։ Առաջին հերթին պետք է ունենաս ինքնուրույն արտաքին քաղաքականություն։



- Մեր արտաքին քաղաքականությունն ինքնուրո՞ւյն է։



- Ոչ... այդ ո՞ր հարցում է ինքնուրույն։ Ընդհանրապես երկրի արտաքին քաղաքականությունը չպետք է ենթարկվի որեւէ պետության, արտաքին քաղաքականությունը պետք է ենթարկվի միայն քո երկրի շահերին։



- Նախօրեին նախագահն ազատեց բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների, ինչը, թերեւս, խոսում է այն մասին, որ ապրիլի առաջին օրերին այդ մարդկանց ոչ աչալուրջ պահվածքից մենք շատ բան ենք կորցրել, բայց մյուս կողմից էլ՝ ազատել պաշտոնից, առանց պատասխանատվության ենթարկելու, որքանո՞վ է ճիշտ։



- Իհարկե, քիչ է այդ մարդկանց գործից հանելը, հիմա եթե ես, որպես վարորդ, աչալուրջ չլինեմ, վթարի ենթարկեմ մի մարդու ու դարձնեմ հաշմանդամ, ինձ չեն ազատի գործից, այլ միանգամից կդատեն։ Հիմա ծառայական պարտականությունները չկատարելու համար միայն գործի՞ց հանել, ծաղրո՞ւմ եք այս հասարակությանը։ Առաջին հերթին պետք է պատժել, որ նրանից հետո եկող մարդը հասկանա, որ մարդկային ճակատագրերի հետ խաղալ չի կարելի։



- Քառօրյա պատերազմը մեր շատ բացթողումներ ջրի երես հանեց, ընդհուպ այն, որ մեր զինվորները կռվում են 80-ականների զենքերով։



- Մինչեւ բացթողումները ասեմ, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց մի հրաշալի բան՝ այն, որ մենք ունենք լավ զինվոր, ունենք գիտակից հասարակություն, ունենք մարդիկ, ովքեր կարող են վճռական պահի մի կողմ դնել ներքաղաքական դաշտում եղած հակասությունները եւ կանգնել պետականության շահերի պաշտպանության կողմը։ Սա ամենադրականն է։ Որքան էլ խոսենք, որ տեխնիկան զարգանում է, գիտությունն առաջ է գնում, մարդկային գործոնը որքան էլ թուլանա, միեւնույն է՝ իր դերն ու նշանակությունն ունի։ Եվ այն հերոսությունը, դեպքերը, որ տեսնում ենք ու կարդում, պարզապես հոգեցունց երեւույթներ են։ Դրա կողքին տեսնում ենք նաեւ թերություններ, այդ ինչո՞ւ մեր բանակը պիտի 80-ականների զենք ունենա, եթե մենք մեր բյուջեի ծախսային մասում հատկացում չենք կատարում զենքի արդիականացմանը, բա էլ ինչի՞ վրա են գնում այդ փողերը, ինչո՞ւ եք հարկատուներից հարկեր հավաքում, բուհի դասախոսը 26 տոկոս հարկ է վճարում պետությանը, ո՞ւր է գնում այդ փողը, տարեք դրեք զենքին, եթե չեք դրել, բարի եղեք ձեր ունեցվածքից կամավոր դնել։



Ես քաղաքագետ չեմ, բայց հասկանում եմ, որ Ադրբեջանը ձգտում էր իր նախորդ պարտությունը դարձնել հաղթանակ։ Նրա նպատակն էր 94թ. զինադադարի պայմանները դարձնել առոչինչ։ Ու միայն Հայաստանի հետ դառնան բանակցային կողմ, իսկ Արցախն ընդհանրապես դուրս մղվի բանակցային կողմ լինելուց։ Ասեք, խնդրեմ, 4 օրում մոտ 250 զոհ ու վիրավոր տալը նորմա՞լ երեւույթ է, հատկապես, երբ դու գիտես, որ տեղաշարժեր են կատարվում, այդ ինչո՞ւ նրանք կարող են այդպիսի զենքերով կրակել, իսկ մենք՝ ոչ, միայն նրա համար, որ մարդասեր ու խաղաղասե՞ր ենք։ Մեր զինվորների կյանքի՞ գնով՝ ոչ մի դեպքում, կրակը համարժեք պետք է լինի։



Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա ո՞ւր էր այդ միջազգային հանրությունը, երբ մեզ կոտորում էին, կամ մեր ոխերիմ բարեկամը՝ մեր «սիրելի» Ռուսաստանը, երբ մեզ կոտորում էին, ժամանակին գոնե մի քայլ արե՞լ է կանխելու համար։ Հասցեական դեռ ոչ մի հայտարարություն չի արել այդ միջազգային հանրությունը, ընդհանուր բնույթի հայտարարություններից այն կողմ չեն անցնում, դրանից հետո կարելի՞ է նրանց վրա հույս դնել։



- Եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ի՞նչ կտա դա մեզ եւ ինչքանո՞վ կխանգարի բանակցային գործընթացին։



- Գոյություն ունի միջազգայնորեն ընդունված տերմինաբանություն՝ համաձայնության գալ։ Այդ զիջում- փոխզիջումները փակ դռների հետեւում են կատարվում։ Այդ ճանաչումը դիվանագիտական քննարկումների խնդիր է, դա հաղթաթուղթ է, որ պետք է օգտագործել բանակցություններում, եթե չի ստացվում, դա ծայրահեղ քայլ է եւ նշանակում է պաշտոնապես Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ։ Եթե դիվանագետները գտնում են, որ այս պահին դա խաղաղություն կբերի, ոչ թե պատերազմ, կարող են դա կատարել, բայց ես հակված եմ նրան, որ դա կսրի իրավիճակը, եւ ՀԱՊԿ-ն, որի մեջ ենք նաեւ մենք, բացարձակապես ոչինչ չի անելու, այսինքն՝ մենք մնալու ենք մենմենակ։ Այդ դեպքում իմաստը ո՞րն է։ Դրանք դիվանագիտական գործիքներ են, որ պետք է օգտագործել ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում։ Պետք է ծանրակշիռ մոտենալ այս հարցին եւ ոչ էմոցիոնալ։



- Անընդհատ խոսվում է ապրիլի 5-ին ձեռք բերված բանավոր հրադադարի համաձայնության մասին, պե՞տք է արդյոք հղում անել մի բանի, որը փաստացի գրավոր ամրագրված չէ, եւ պատերազմն էլ շարունակվում է։



- Ոչ մի երաշխիք չկա, դիվանագիտության մեջ բանավոր պայմանավորվածությունը ո՞րն է, դա ընդամենը մի փոքրիկ պայմանավորվածություն է հրադադարը կասեցնելու համար, ուրիշ ոչինչ։ Մեր հղումը մեկն է՝ 94թ. զինադադարը, երբ մենք ուժեղ էինք եւ պայմաններ էինք թելադրում, այն ժամանակ պետք է կնքվեր հաշտություն, երբ ուժեղ էինք։ Իսկ հիմա թույլից բան չեն ուզում, թույլից խլում են, դրա համար մենք թույլ չպետք է լինենք։ Ես շատ ցավում եմ այս զոհերի համար, ինձ համար ամենաարժեքավոր բանը մարդկային կյանքն է, եւ օր առաջ կուզենամ հաշտություն լինի, բայց ոչ արյան գնով ձեռք բերածը ջրի գնով տալու ճանապարհով։ Սա դժվար գործ է, բայց եթե չեք կարողանում կատարել, գնացեք՝ թող ուրիշը գա կատարի։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ