ԼՂ-ն Ղրիմի հանդեպ առավելություն ունի. ԱՄՆ-ն հավանություն է տվել ԼՂ ինքնորոշման իրավունքին

ԼՂ-ն Ղրիմի հանդեպ առավելություն ունի. ԱՄՆ-ն հավանություն է տվել ԼՂ ինքնորոշման իրավունքին

Mk.ru-ն գրում է. «Թեեւ բոլոր ազգերը հավասար են, սակայն որոշ ազգեր մի փոքր ավելի են հավասար, քանի որ այդպես է կարծում ԱՄՆ պետդեպը, որը կոչ է արել լուծել ԼՂ հարցը՝ հաշվի առնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»: Լրատվամիջոցը վկայակոչում է դեռեւս ապրիլի 4-ին հնչեցված՝ պետդեպի պաշտոնական խոսնակ Մարկ Թոների հայտարարությունը եւ պատասխանում է.«Մի՞թե սա այն նույն պետդեպարտամենտն էր, որն ընդամենը երկու շաբաթ առաջ, Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորման երկրորդ տարեդարձի օրը, կոչ արեց վերադարձնել այն Ուկրաինային` սպառնալով հակառակ դեպքում հակառուսական սանկցիաները դարձնել անժամկետ»:



Շարունակելով իր հարցադրումը՝ ռուսական պարբերականը գրում է, որ Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին ոչ մի բառ չի ասվել պետդեպի կողմից, եւ մեղադրել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ երկակի ստանդարտներ դավանելու համար: Այնուհետեւ պարբերականն անդրադարձել է ԱՄՆ-ի գիտությամբ կամ մասնակցությամբ օտար պետությունների սահմանների վերաձեւումներին եւ իրականացված հատուկ գործողություններին՝ սկսած Հարավսլավիայից մինչեւ Իրաք: Վերլուծականում ուշագրավ է մեկ այլ հարցադրում եւս. «Հայաստանը ՌԴ-ի ամենահավատարիմ դաշնակիցն է, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազա կա: Սա, բնականաբար, պետք է հիմք հանդիսանար, որպեսզի ԱՄՆ-ն դատապարտեր Հայաստանին, ԼՂ հակամարտությունը դիտարկեր որպես անջատողականություն, սակայն որքան էլ որ զարմանալի է, այդպես չէ, քանի որ Ամերիկայում կա հզոր եւ ազդեցիկ հայկական համայնք, որը լոբբիստական մեծ գործունեություն է ծավալվում, եւ, բացի այդ, ԱՄՆ-ի համար Ղարաբաղը «լավն է», քանի որ այստեղից սկսվեց ազգամիջյան այն կոնֆլիկտը, որով էլ մեկնարկեց ԽՍՀՄ-ի փլուզումը»: