Ադրբեջանը կպատասխանի պատերազմով, եթե ԼՂ-ի անկախությունը ճանաչվի

Ադրբեջանը կպատասխանի պատերազմով, եթե ԼՂ-ի անկախությունը ճանաչվի

«Հայաստանը հերթական սպառնալից ուղերձն է հղում Ադրբեջանին` հայտարարելով, որ կարող է ճանաչել ԼՂ անկախությունը: Սա արդեն դառնում է ավանդույթ Հայաստանի կառավարող վերնախավի համար՝ ամեն տարի արդիականացնել ԼՂ անկախության ճանաչումը՝ այն նույնիսկ դարձնելով խորհրդարանի կամ կառավարության օրակարգային հարց»,- գրում է «Ատլաս» վերլուծական կենտրոնը եւ շարունակում. «Մինչ այսօր, սակայն, Երեւանը չի թույլ տվել, որպեսզի այս հարցը քվեարկության դրվի երկրի խորհրդարանում, թեեւ խորհրդարանում փորձեր եղել են նմանատիպ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելու: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ նախ` Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, որ անկախության այս ճանաչմամբ կընդհատվեն բանակցությունները Ադրբեջանի հետ: Պաշտոնական Բաքուն երբեք բանակցություններ չի վարի Երեւանի հետ, եթե վերջինս ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Իսկ սա նշանակում է, որ ուղիղ ճանապարհ է բացվում պատերազմի համար: Երկրորդ, եթե Երեւանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա կկորցնի միջազգային հանրության աջակցությունը, ներառյալ նաեւ՝ Ռուսաստանի: Աշխարհի պետությունների մեծ մասը կքննադատի Հայաստանին եւ կրկին կքվեարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սուվերենիտետի օգտին, որով Հայաստանն էականորեն կթուլանա»:



«Հայաստանում շատերի մոտ այն մտայնությունն է, որ, ճանաչելով Ղարաբաղի անկախությունը, այդպիսով դուռ կբացեն այն բոլոր կազմավորումների համար, որոնք դեռեւս ճանաչված չեն, ինչպիսիք են Հարավային Օսիան, Կոսովոն, Աբխազիան, եւ Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, քանի որ արդեն իսկ ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը, սակայն այստեղ ռուս-վրացական լարված հարաբերություններն են առկա, մինչդեռ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա է ռազմավարական գործընկերությունը: Բացի այդ՝ Ռուսաստանը դեմ է արտահայտվել Կոսովոյի անկախության ճանաչմանը եւ մինչ այսօր Կոսովոն համարում է Սերբիայի մաս: Մոսկվան չի կարող Կոսովոյի նկատմամբ այլ քաղաքականություն որդեգրել, Ղարաբաղի համար` այլ: Ղարաբաղի անկախությունը կարող են ճանաչել այնպիսի կազմավորումներ, ինչպիսիք են Աբխազիան ու Հարավային Օսիան, որոնք ճանաչվել են միայն այնպիսի աննշան պետությունների կողմից, ինչպիսիք են Նիկարագուան եւ Վանուատուն, որոնք կդժվարանան գտնել Կովկասի տեղը քարտեզի վրա եւ դա արել են Ռուսաստանի խնդրանքով: Եվ եթե Ռուսաստանն այս հարցում հաջողության չի հասել, ապա Հայաստանն առավել եւս չի հասնի հաջողության Ղարաբաղի ճանաչման հարցում: Եվ վերջապես, եթե Երեւանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, հնարավորություն կտա Բաքվին դիմել նախահարձակ գործողությունների»,- գրում է ադրբեջանական վերլուծական կենտրոնն իր զեկույցում եւ ներկայացնում իր պատկերացումներով հայաստանյան հասարակության եւ քաղաքական ուժերի դիրքորոշումները ղարաբաղյան հարցի առնչությամբ: