Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը կկիսե՞ն «իշխանական կարկանդակը»

Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը կկիսե՞ն «իշխանական կարկանդակը»

«Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները գործում են վստահ եւ հաստատակամ: Կարծում եմ, որ իշխանությունները հանգիստ եւ զուսպ անում են այն, ինչը պետք է անեն այսօրվա իրավիճակով պայմանավորված», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո:



«Երկու նախագահները քննարկել են քառօրյա պատերազմին առնչվող հարցեր,- գրում է haqqin.az-ն եւ շարունակում,- այսպիսով՝ նախնական հապճեպ կանխատեսումները , որ Տեր-Պետրոսյանի եւ Սարգսյանի միջեւ որոշակի պայմանավորվածություններ կան, կարծես թե հաստատվում են»: Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում այն իրողությանը, որ նախկինում Տեր-Պետրոսյանը կողմնակից էր ԼՂ հակամարտության փուլային լուծմանը, իսկ այսօր դրսեւորում է կատարյալ հակադիր կեցվածք` բացահայտ զորակցություն ցուցաբերելով Երեւանի իշխանություններին: «Եթե նախկինում Տեր-Պետրոսյանը ԼՂ հակամարտության մասին խոսելիս կոչ էր անում կառուցողական քաղաքականություն որդեգրել, ապա այժմ հայկական ընդդիմության առաջնորդը ներկայանում է լրիվ այլ կերպարով Սարգսյանի հետ անակնկալ հանդիպումից հետո։Եվ այդ անակնկալ փոխակերպումից հետո նա բացահայտ օժանդակում է իշխանություններին: Իհարկե, դեռեւս վաղ է կոնցեպտուալ եզրահանգումներ կատարել, սակայն ակնհայտ է, որ հայկական իշխանության եւ ընդդիմության այդ հատվածի միջեւ որոշակի միակողմանի գործարք կա եւ, ամենայն հավանականությամբ, այն պայմանավորված է ՄԽ եւ առաջին հերթին Ռուսաստանի` Սարգսյանի վրա բանեցրած ճնշմամբ եւ առաջիկայում հակամարտության կարգավորման անհրաժեշտությամբ:



Մի կողմից ՀԱԿ ընդդիմադիր կուսակցությունը օժանդակում է իշխանություններին, մյուս կողմից էլ որպես հատուցում ստանում դիվիդենդներ»,- եզրակացնում է լրատվամիջոցն ու ամփոփում՝ Հայաստանն իրականացնում է սահմանադրական փոփոխություններ, եւ կերակրատաշտի նոր վերաբաժանում է տեղի ունենալու, ու «չի բացառվում, որ Սարգսյանն ու ՀԱԿ-ը համագործակցեն, ինչի մասին փոքրիկ ակնարկով հանդես եկավ նաեւ Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանության մեջ: Եվ չի բացառվում, որ հենց Սարգսյանն եւ Տեր-Պետրոսյանը կիսեն կերակրատաշտը»: