Ղարաբաղի ճանաչումն Էրդողանի պարտությունն է «օսմանյան ժառանգության» համար մղված պատերազմում

Ղարաբաղի ճանաչումն Էրդողանի պարտությունն է «օսմանյան ժառանգության» համար մղված պատերազմում

Մայիսի 5-ին Հայաստանի կառավարությունը քննարկելու է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը: Նախաձեռնությունը պատկանում է քաղաքական ընդդիմությանը, ինչով պայմանավորված էլ երեկ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վ. Հակոբյանը անհրաժեշտ համարեց մեկնաբանել, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, ապա առաջինն այդ մասին կհայտարարի Հայաստանի նախագահը, ինչը բնական է, քանի որ ազգի համար կարեւորագույն մի այդպիսի իրադարձության մասին հայտարարելու իրավունքի երկրի ղեկավարինն է: Ադրբեջանը, կարելի է ասել, րոպեական արձագանքով հանդես եկավ, ընդ որում` բավականին ագրեսիվ կերպով` սպառնալով ԵԱՀԿ ՄԽ-ին զրկել ԼՂ հարցով բանակցելու մանդատից: Պատճառն այն նախադասությունն էր, որն ասաց ՀՀ նախագահը Deutsche Welle-ի եթերում, թե Հայաստանը չի ճանաչի ԼՂ անկախությունը միայն նրա համար, որ էլ ավելի չբարդացնի իրավիճակը:



Բաքուն, սակայն, մոռանում է այն պարզ իրողությունը, որ ԵԱՀԿ ՄԽ-ն գործում է ՄԱԿ ԱԽ մանդատով, որը լիակատար կերպով վայելում է համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աջակցությունը: Այստեղից էլ ակնհայտ է, որ հակամարտության կարգավորումն ունի գլոբալ նշանակություն եւ կախված չէ հակամարտող կողմերից մեկի կամ մյուսի ընդունելուց կամ մերժելուց: Իսկ ՄԱԿ-ն էլ դեռ ապրիլի սկզբին իր անվերապահ աջակցությունն էր հայտնել ՄԽ-ին եւ շեշտել, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ պայմաններում: Իսկ ինչո՞վ է պայմանավորված, օրինակ, միջազգային հետաքրքրությունը ԼՂ հարցով: Այս հարցի պատասխանը գալիս է նոր աշխարհակարգով, որի ուրվագծերը առարկայանում են յուրաքանչյուր հարյուրամյակի առաջին երկու տասնամյակների ընթացքում:



Այսպես, օրինակ, XVII դարում հավասարակշռությունը ձեւավորվեց Երեսնամյա պատերազմի արդյունքում (1618—1648 թթ), իսկ արդեն հարյուր տարի անց էստաֆետն ընդունեց Լուի XIV թագավորը՝ իսպանական ժառանգության համար մղած պատերազմով (1701—1714 թթ): Այն ժամանակ էլ Փարիզը սկսեց կառուցել այսպես կոչված «Արեւելյան արգելապատնեշը», որի հետեւանքը եղավ ռուս-շվեդական պատերազմը 1700—1721թթ-ներին, որն արդեն մեր օրերում վերափոխվում է լեհ-ամերիկյան աշխարհաքաղաքական նախագծի, եւ որը կոչվում է «Երկու ծովերի մեջտեղում» կամ Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով: Լուին ունեցավ արժանի աշակերտ՝ ի դեմս Նապոլեոն Բոնապարտի (1800—1815 թթ), ով ընդարձակեց Վերսալի աշխարհագրական հորիզոնները: Սակայն, այդուհանդերձ, նա չի կարողանում հասկանալ «խորամանկ բյուզանդացու»` Ալեքսանդր I-ի հաշվարկները, ով Փարիզի գրավումից մեկ տարի առաջ, 1813-ին, ստորագրում է ճակատագրական Գյուլիստանի համաձայնագիրը: 



Արդեն XX դարում աշխարհակարգի ուրվագծերը երեւացին Առաջին համաշխարհային պատերազմով (1914—1918 թթ), երբ փլուզվեցին երեք կայսրություններ` Օսմանյան, Ռուսական եւ Ավստրո-Հունգարական: Միայն կոմունիստների շնորհիվ վերածնունդ ապրեց Ռուսական կայսրությունը: 1921-ի Կարսի պայմանագիրը նոր ականներ դրեց Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում, ինչը սկսում է աշխատել միայն ԽՍՀՄ փլուզման ընթացքում: 1991-ի սեպտեմբերի 2-ին, ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն, իր անկախությունն է հռչակում նաեւ ԼՂ-ն: Դժվար թե ՄԱԿ Կանոնադրության մեջ կարելի լինի գտնել մի դրույթ, որով հնարավոր կլինի դատապարտել կամ քննադատել Ստեփանակերտի գործողությունները, թեկուզեւ նրա համար, որ 1945-ին այդ փաստաթուղթը մշակել են խորհրդային իրավագետները: Միխայիլ Գորվաչովն իր «Պերեստրոյկայով» ոչնչացրեց «յալթա-պոտսդամյան» աշխարհակարգը` Հարավային Կովկասը վերածելով մանր պետությունների մի ռեգիոնի, ինչպիսին, ասենք, Իտալիան էր XVI դարում, որոնց համար ուժերի հարաբերակցությունն ու հավասարակշռությունն ավելի կարեւոր նշանակություն ունեին, քան, ասենք, միջազգային իրավունքի նորմերը:



Այժմ անդրադառնանք ժամանակակից իրադարձություններին: Մեր աչքի առաջ թուլանում է Ամերիկյան կայսրությունը՝ իր նահանջի ճանապարհին ոչնչացնելով այնպիսի ազգային պետություններ, ինչպիսիք են Իրաքը, Թունիսը, Լիբիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան, որը նախկին Օսմանյան կայսրության մնացորդն է: Պատմությունը կրկնվում է ոսկերչական ճշգրտությամբ: Ճիշտ է՝ այս անգամ պատերազմ է մղվում հանուն օսմանյան ժառանգության, որի գլխավոր մրցանակը Մեծ Քուրդիստանն է: Անկարան այժմ անելանելի դրության մեջ է մնացել եւ փորձում է Բաքվի օգնությամբ տորպեդահարել Մոսկվա-Թեհրան-Հարավային Կովկաս հնարավոր առանցքի ձեւավորումը՝ ԼՂ-ում պատերազմը վերսկսելու միջոցով: Ուստիեւ ԼՂ անկախության ճանաչումը կնշանակի Էրդողանի պարտությունը «օսմանյան ժառանգության» համար մղվող պատերազմում, որտեղ նա պայքարում է ընդդեմ Գյուլիստանի համաձայնագրի: Անկարան, իհարկե, չի ուզում իր իշխանությունը հաստատել Ստեփանակերտում. դա, ըստ էության, անհնարին է: Անկարան փորձում է իր ազդեցության գոտում պահել Ադրբեջանը՝ հակամարտության մեջ շահարկելով վերջինիս: Եվ սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ստեփանակերտը չի ստացել միջազգային իրավական լիարժեք կարգավիճակ:



Սարգիս Ծատուրյան
ИА REGNUM.