Մհեր Սեդրակյանը լրագրողին ասել է՝ քո տղամարդ ասողի տերը թաղեմ կամ նման մի բան

Մհեր Սեդրակյանը լրագրողին ասել է՝ քո տղամարդ ասողի տերը թաղեմ կամ նման մի բան

Քիչ առաջ ավարտվեց Ազգային Ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի դռնփակ նիստը, որտեղ վերջապես որոշվեց՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը խախտե՞լ է էթիկայի կանոնները լրագրողի հետ շփվելիս, թե՞ ոչ:
Հանձնաժողովի նիստին մասնակցել են պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Սուքիաս Ավետիսյանը, Լյովա Խաչատրյանը եւ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Վերջինս լրագրողներին հայտնեց, որ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը հանձնաժողովին ներկայացված տեսանյութում չի լսել, որ Մհեր Սեդրակյանը հայհոյել է:



«Այսինքն՝ այդ հայհոյանքի փաստը մենք չենք համարում հաստատված, գոնե հանձնաժողովի անդամների եւ այս շփումների ընթացքում ձեռք բերված հիմքերով, բայց դրա հետ միասին գտնում ենք, թեպետ արձանագրում ենք նաեւ, որ լրատվամիջոցը ներկայացնող անձը՝ տվյալ դեպքում Փայլակ Ֆահրադյանն իր դիմելաձեւով նույնպես չի պահպանել միջանձնային հարաբերությունների կոռեկտությունը, այդ պայմաններում մենք գտնում ենք, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ունենալ բոլոր այն անձանց հետ, որոնց հետ ինքը շփվում է իր լիազորությունների կատարման ընթացքում»,- ասաց Խոսրով Հարությունյանը: Այս առումով, ըստ հանձնաժողովի նախագահի, պատգամավոր Մհեր Սեդրակյանը չի պահպանել ԱԺ Կանոնակարգ օրենքով նախատեսված 6.1 կետի «Ը» ենթակետի պահանջը, այն է՝ հարգալից վերաբերմունք բոլոր նրանց նկատմաբ, ում հետ ինքը պետք է շփվի: Խոսրով Հարությունյանը նշեց, որ որոշումն ընդունվել է միաձայն:



Հանձնաժողովի նախորդ նիստերից մեկում լսել են նաեւ Մհեր Սեդրակյանի պարզաբանումները: «Մհեր Սեդրակյանն ասաց, որ ինքը չի հայհոյել, պարզապես արտաբերել է՝ քո տղամարդ ասողի, կարծեմ, տերը թաղեմ, թե ինչ-որ մի նման բան»,- ասաց Խոսրով Հարությունյանը:



Դիմումատու լրագրող Փայլակ Ֆահրադյանի հարցին՝ արդյոք դա վիրավորա՞նք չէ, Հարությունյանն ասաց. «Չէ, բայց նա չի արտահայտել: Նա ասել է շատ ցածրաձայն: Ես ասում եմ՝ բարձրաձայն»: Իսկ եթե իրեն որևէ մեկն այդ կերպ անվաներ, չէ՞ր վիրավորվի, Խոսրով Հարությունյանն ասաց. «Ճիշտն ասած, եթե մեկն ինձ ասեր՝ բերանդ չեմ մտցրել, ընդ որում՝ ձեր տարիքի մարդը իմ տարիքի մարդուն այդպես դիմեր, ես խիստ կվիրավորվեի»:



Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը ԱԺ-ի փետրվարի 19-ի արտահերթ նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից հետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին: Մհեր Սեդրակյանի վարքը քննելու համար հանձնաժողով էին դիմել «Մեդիա եւ իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» եւ «Լրագրողների միավորում» ՀԿ-ները: 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ