Հերթական սուտը բռնվեց

Հերթական սուտը բռնվեց

Ապրիլի 29-ին «Հրապարակում» տպագրված լուրը հերթական «վրդովմունքն» էր առաջացրել պաշտպանության համակարգում։ Մենք գրել էինք. «Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաեւ Հայաստանի սահմանների մոտակայքում։



Մասնավորապես, Նախիջեւանի հետ սահմանին շարժ է նկատվել։ Մեր տեղեկությունը, որ երկու օր առաջ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ է հայտնվել նաեւ Երասխի դիրքերի մոտակայքում, հաստատեց Երասխավանի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը։ Նա ասաց, որ ինքն էլ է այդ մասին լսել զորամասի զինվորականներից։ Հայ զինվորականները չեն կարողացել ոչնչացնել սարքը՝ կրակել են, չի կպել։ Ի դեպ, նախօրեին անօդաչու թռչող սարքեր են երեւացել նաեւ Տավուշի սահմանների երկայնքով»։



Լուրի տպագրությունից հետո, հավանաբար, «հարձակում» էին գործել գյուղապետի վրա, ստիպելով հերքել, որ ինքը մեզ նման բան չի ասել, ապա գործի էր դրվել ՊՆ ստի մեքենան։ «Ազատություն» ռադիոկայանը, անդրադառնալով սահմանային իրավիճակին, հաղորդել էր. «Այսօր մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաեւ Հայաստան-Նախիջեւան սահմանի մոտակայքում:



Մասնավորապես, նշվում է, որ Երասխի դիրքերի մոտ երկու օր առաջ անօդաչու թռչող սարք է հայտնվել: Այս տեղեկությունը, սակայն, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքեց: «Հայաստանի սահմանների երկայնքով որեւէ ակտիվության, հակառակորդի գործունեության որեւէ դրսեւորման իրական լինելու դեպքում պաշտպանության նախարարությունը պատշաճ կերպով կիրազեկի: Այլ տեղեկությունների, ապատեղեկատվության, սեփական տեղեկությունների վրա հիմնված ռազմական ու չակերտավոր ռազմագիտական նյութեր խնդրում եմ չհրապարակել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղարը»:



Մեզ համար նորություն չէ, որ ՊՆ մամուլի խոսնակն զբաղված է ճշգրիտ տեղեկությունները հերքելով եւ մամուլը վարկաբեկելով։ Եվ այս միջադեպին չէինք անդրադառնա, եթե երեկ նա 7 օր առաջ ասված իր խոսքերին հակասող հայտարարություն չաներ։ Քանի որ մամուլին հայտնի էին դարձել պաշտպանության նախարարի հետ պատգամավորների փակ հանդիպման մանրամասները, եւ այդ մասին գրվել էր նաեւ «Հրապարակում», երեկ մի խումբ պատգամավորներ հաստատել էին այդ տեղեկությունները՝ ներկայացնելով, որ, իրոք, Նախիջեւանի սահմանին ադրբեջանական զինուժի եւ տեխնիկայի կուտակումներ կան։ Դրանից հետո արդեն ՊՆ խոսնակն ստիպված էր եղել խոստովանել, որ դա համապատասխանում է իրականությանը եւ Իրավաբան.net-ին հայտնել էր. «Ընդհանուր առմամբ, ադրբեջանական զորքերի շարժը կա: Մի քանի օր առաջ Նախիջեւանի մասով մենք հաղորդագրություն տարածել ենք: Հավանաբար, նրանք նախկին տվյալների մասին են խոսում: Նոր տվյալ այս պահին չկա»:



Այո, նոր տվյալ չկա, բայց լկտիությունն էլ չափ ու սահման ունի՝ երբ խոսում էր «ապատեղեկատվության, սեփական տեղեկությունների վրա հիմնված ռազմական ու չակերտավոր ռազմագիտական նյութերի» մասին, թերեւս, նաեւ մեր հրապարակումը նկատի ուներ եւ վստահ էր, որ ստիպված չի լինելու մի օր ճշմարտությունն ասել, քանի որ ստի տեխնոլոգիան հովանավորվում է պետական ամենաբարձր մակարդակով։ Պարզապես այս մարդիկ մոռանում են, որ ստի ոտքը կարճ է, եւ մի օր ամեն ինչ հայտնի է դառնում։ Էլ չենք խոսում այն մասին, թե ումից են գաղտնի պահում հակառակորդի շարժը՝ հայ ժողովրդի՞ց, որն իրենցից շուտ է ամեն ինչ իմանում, թե՞ միջազգային հանրությունից, որի տեղեկացվածությունը մեր շահերից է բխում։



«Հրապարակ»