Դուք համեմատական տարեք՝ 2,5 կամ 10 տարի առաջ Երեվան քաղաքը եվ այսօր

Դուք համեմատական տարեք՝ 2,5 կամ 10 տարի առաջ Երեվան քաղաքը եվ այսօր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչ միայն բողոքավոր բնակիչների, այլ նաեւ լրագրողների հետ է սկսել ազատ շփվել։ Նախկինում ինչքան մոտենում էինք նրան, Մարգարյանն ասում էր. «Հիմա էդ օրը չէ, շնորհակալություն», ու հեռանում էր։ Երկու օր առաջ՝ ՀՀԿ նիստի օրը, երբ նրան հանդիպեցինք կուսակցության գրասենյակ մտնելիս, չզլացավ, կանգնեց ու համբերատար պատասխանեց մեր բոլոր հարցերին։ Մենք էլ օգտվեցինք առիթից եւ ամեն ինչից խոսեցինք՝ էլ քաղաքում աղբամանների քչությունից, էլ քաղաքապետարանի անիմաստ ծախսերից, էլ զուգարանի վերածված գետնանցումներից ու ամեն տարի կատարվող ասֆալտապատումից։ Նախ սկսեցինք այս տարվա «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների ծախսերից։



«Մենք հայտարարեցինք, որ «Էրեբունի-Երեւանի» համար նախատեսած համայնքային բյուջեում գումարների մեծ մասը տրամադրում ենք ապրիլյան ամիսներին զոհված, վիրավոր, հաշմանդամ դարձած մեր երեւանաբնակ ընտանիքներին»,-ասաց նա՝ նշելով, որ այս պահին իրենց համար առաջնայինը ոչ թե այդ տոնակատարությունն է, այլ զինծառայողների ընտանիքների խնդիրը։



- Մենք սպասում ենք, որ պատերազմ լինի, դժբախտություն, նո՞ր միջոցներն ուղղենք սոցիալական խնդիրների լուծմանը, թե՞ կարելի էր մինչ այդ խնայել, մտածել այդ ուղղությամբ։



- Ուրեմն մենք համայնքային բյուջեում ունենք նաեւ սոցիալական ուղղվածության տողեր եւ այդ ուղղությամբ մենք խնդիրները լուծում ենք։



- Ի՞նչ եք կարծում, հյուրերի համար կարեւոր է, որ հայկական կոնյակը թանկարժեք բաժակո՞վ խմեն, թե՞ տեսնեն, որ մեր տրանսպորտի վիճակը նորմալ է, փողոցները՝ ավելի բարեկարգ։



- Բնականաբար, փողոցները շատ լավ բարեկարգված են, իսկ տրանսպորտը, այո, գաղտնիք չէ, որ լուրջ խնդիր է։ Եվ մենք ընդհանուր տրանսպորտի ոլորտում պատրաստվում ենք մեծ բարեփոխումներ անել։ Եվ այդ բարեփոխումները պետք է այնպես անենք, որ սոցիալական լրացուցիչ բեռ չդնենք մեր քաղաքացիների վրա։



- Քաղաքում շատ գետնանցումներ կան, որ մինչեւ հիմա դեռ անցորդներին որպես զուգարան են ծառայում, եւ դրանցով ուղղակի հնարավոր չէ անցնել։ Միայն կենտրոնի մի քանի անցումներ են, որ բարեկարգվել են։



- Ճիշտ եք, համաձայն եմ։ Դրանք դեռ տասնյակ տարիներ առաջ տվել են որոշ մարդկանց, կազմակերպությունների վարձակալությանը, այսօր մենք իրավական լուծումներ ենք փորձում գտնել՝ այդ գետնանցումները հետ վերցնելու։ Իսկ ինչ մնում է զուգարան ծառայելուն եւ այլն, ապա մենք բոլորիցս պետք է սկսենք առաջինը, նաեւ դպրոցներից եւ մարդկանց ասել, որ էս քաղաքը մեր բոլորի մեծ տունն է։ Մենք մեր տան մեջ չենք թափում, չէ՞, աղբը գետնին։



- Ես դրսում էլ աղբը գետնին չեմ թափում, պահում եմ այնքան, մինչեւ աղբաման գտնեմ։ Բայց հաճախ կենտրոնում ստիպված եմ լինում երկար քայլել, մինչեւ աղբամանի հանդիպեմ։ Ինչո՞ւ բավարար քանակությամբ աղբամաններ չեք տեղադրում փողոցներում։



- Ես կառաջարկեմ, որտեղ որ չկա, դու ցանկ կազմի, ես պատրաստ եմ բոլորի հետ քննարկելու, նաեւ լսելու, այո, եթե կարիքը կա, բա պետք է անենք, բա ի՞նչ պետք է անենք։



- Անդրադառնանք նորից ծախսերին, որի համար Ձեզ երբեմն քննադատում են։ Որքան էլ որ ասում եք՝ դրանք ներկայացուցչական ծախսեր են, Դուք վերլուծություն արե՞լ եք՝ ի՞նչ ուղղությամբ եւ ինչո՞ւ են քննադատում։



- Ես պատկերացնում եմ հետեւյալը. էդ քննադատողներն իրենք չեն էլ տիրապետում, թե ծախսն ինչ բան է, եւ արդյունավետությանն ու ոչ արդյունավետությանը չեն տիրապետում։ Բոլոր այն գիտակից ու հասկացող մարդիկ, որոնք նվիրված են իրենց աշխատանքին, լավ գիտակցում են այդ ծախսերի հիմնավորումները։ Իսկ մյուսները փորձում են մեր քաղաքացիների սոցիալական վիճակի հաշվին իրենց հեղինակությունը, իրենց խոսքն ընդունելի դարձնել։



- Քննադատում են նաեւ այն, որ նույն փողոցը տարին մի քանի անգամ ասֆալտ եք անում, դրա՞ն ինչ կասեք։ Մարդիկ կարծում են, որ պատճառն ատկատներն են, եւ որ ծանոթ-բարեկամներն են միայն տենդերներում հաղթում։



- Ուրեմն դա էլ մասնագիտական խնդիր է, ամեն ինչ ունի իր խնդիրը... Իսկ Դուք եկել-մասնակցե՞լ եք այդ տենդերներին, կամ Ձեր ծանոթներից մասնակցե՞լ են։ Դրանք ուղղակի կողքի խոսակցություններ են, ես էլ շատ բան Ձեր մասին եմ լսել, բայց չեմ արտահայտվում, ինձ թույլ չեմ տալիս։



- Եթե այնպիսի բան գիտեք իմ մասին, որ ես իմ գործունեությամբ վնաս եմ հասցնում որեւէ մեկին, կարող եք ազատ արտահայտվել։



- Չէ, եթե ես չիմանամ, ես իմ լսածը հիմք չեմ ընդունում, ես պետք է նաեւ իմանամ։ Ու, խնդրեմ՝ Դուք էլ դա իմացեք, նոր արտահայտվեք։



- Ձեզ բավարարո՞ւմ է մեր փողոցների վիճակը, ասֆալտի որակը։



- Այո, բավարարում է։ Դուք որ մտնում եք խանութ, ապրանքի ժամկետին եք, չէ՞, նայում։ Ամեն ապրանք ունի իր ժամկետը, նույն ասֆալտն էլ ունի իր ժամկետը։



- Երկար ժամանակ է՝ Դուք քաղաքապետ եք, բայց նույն խնդիրների մասին ամեն տարի գրում ենք, ու կարծես չեն լուծվում։



- Ես դրա մասով համաձայն չեմ, քաղաքային տնտեսությունում, այո, խնդիրները շատ են, եւ մենք միասին պետք է էդ աշխատանքներն իրականացնենք։ Իսկ ինչ մնում է, որ խնդիրները շատ են, բա բնակա՞ն չէ, մեծ քաղաքում մեծ խնդիրներ են լինում, փոքր քաղաքներում՝ փոքր խնդիրներ։ Եվ այդ խնդիրները միայն Երեւանում չեն, բոլոր զարգացած քաղաքներում էդ խնդիրները կան։ Դրա համար Դուք համեմատական տարեք՝ 2 տարի առաջ, 5 տարի առաջ կամ 10 տարի առաջ Երեւան քաղաքը եւ այսօր, եւ օրինակներով կհամոզվեք, թե էս փողոցում ինչ է եղել, հիմա ինչ է։



- Վերջին հարցը. Դուք ուզո՞ւմ եք նորից քաղաքապետ դառնալ։



- Գիտե՞ք հարցը որն է, ես իմ աշխատանքը սիրում եմ, եւ էն պրոֆեսիոնալ թիմը, որ կա, բնականաբար, մեր պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է երկար ժամանակ շարունակել աշխատել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ