Համատեղ նիստ՝ Արցախում

Համատեղ նիստ՝ Արցախում

Երեկ Արցախ են մեկնել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների անդամները։ Նրանք հանդիպումներ են ունենալու Արցախի համապատասխան հանձնաժողովների հետ՝ համատեղ նիստ են անցկացնելու։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը երեկ մեզ հայտնեց, որ նիստի օրակարգում ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է, դրանից բխող գործողությունները՝ երկու առանձին ենթահարցերով։



«Առաջինը՝ ռազմական իրադրություն, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ արտաքին քաղաքական միջավայր՝ մարտահրավերներ, զարգացումներ»,-ասաց նա։ Նահապետյանը դժվարացավ հստակ ասել՝ բացի հանձնաժողովների համատեղ նիստից, այլ հանդիպումներ, մասնավորապես՝ ԼՂՀ նախագահի կամ այլ պաշտոնյաների հետ նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ։ Կամ հնարավո՞ր է նաեւ դիրքեր մեկնեն. «Հասնենք տեղ, տեղում կորոշվի։ Միջոցառումը նախատեսված է այսօր՝ մայիսի 7-ին։ Մեզ տեղում առաջարկվել է կոնկրետ ծրագիր, ըստ դրա՝ արդեն տեղում որոշում կկայացվի»։



Հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ է այս այցը հատուկ է արված՝ Մայիսի 9-ի տոներին ընդառաջ, որն Արցախում պատրաստվում են շուքով նշել, քանզի մտավախություն կա, որ հակառակորդն այդ օրերին կարող է նորից ագրեսիա ցուցաբերել, եւ իրենք նաեւ այդ հարցերն են քննարկելու։ «Չէ, նման սցենար չի քննարկվել, վաղուց հանձնաժողովների մոտ կար նման ցանկություն՝ անցկացնելու համատեղ նիստ, ուղղակի աշխատանքային ծրագրով ստացվեց այնպես, որ մայիսի 7-ին ենք անցկացնելու։ Մեր պատվիրակության կազմով առանձին պատգամավորներ կմասնակցեն նաեւ այդ օրերին կազմակերպվող տարբեր արարողակարգային միջոցառումներին՝ մայիսի 8-ին, 9-ին»,-ասաց նա։ Անձամբ ինքը վերադառնալու է այսօր երեկոյան, քանզի պետք է մեկնի Իտալիա՝ հանդիպելու Իտալիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի հետ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ