Ես համաձայն չեմ Մադրիդյան սկզբունքներին, բայց սահմանների ուղղումների ես լրիվ պատրաստ եմ

Ես համաձայն չեմ Մադրիդյան սկզբունքներին, բայց սահմանների ուղղումների ես լրիվ պատրաստ եմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի հետ մեր զրույցն սկսեցինք իտալական սիգարներից ու անգլիական մեքենաներից։ Հանդիպման առիթը, սակայն, արցախյան խնդիրն էր, քառօրյա պատերազմը։ 74-ամյա սրբազանը մեզ դիմավորեց Էջմիածնի Վանատան իր հարկաբաժնում, իտալական Toskano Antico սիգարը վառած։ Առհասարակ, սիգար ծխող եւ անգլիական ավտոմեքենաներ նախընտրող մարդիկ բավականին արիստոկրատ մշակույթի կրողներ են լինում։ Նրա պատկառելի տարիքը, ծագումն ու անցած ուղին հուշում էին, որ զրույցը հետաքրքիր է ստացվելու, ոչ ստանդարտ, հոգեւորականներին հատուկ լեքսիկոնով ու փիլիսոփայությամբ։



Ոսկան սրբազանն ասաց, որ ինքն ամբողջ կյանքում իտալական հենց այս՝ Toskano ֆիրմայի սիգարներից է ծխել եւ վստահ է, որ սիգար ծխողների միայն 1 տոկոսի մոտ կարող է բերանի խոռոչի քաղցկեղ առաջանալ։ Մեքենաներից նախընտրում է անգլիական Jaguar-ը, տարբեր երկրներում շատ է վարել այս մակնիշի տարբեր մոդելներ։ ԱՄՆ մեկնելիս էլ ճապոնական Nissan Maxima կամ Toyota Avalon է վարձում։ Իսկ Հայաստանում տաքսիով է շրջում կամ Մայր Աթոռին սպասարկող մեքենաներից մեկով։ Արդեն 5 տարի է՝ վերադարձել է Հայաստան։ Բնակվում է Էջմիածնի Վանատանը։ Նա շատ այլ բարձրաստիճան հոգեւորականների նման շքեղ կյանքով չի ապրում, առանձնատներ եւ թանկարժեք մեքենաներ չունի։ Ասում է՝ կարող է իրեն թույլ տալ Mercedes կամ որեւէ լյուքս բրենդի մի բան գնել, բայց ցուցամոլություն կդիտվի դա իր կողմից, նաեւ ավելորդ ծախս, քանզի հազարից մեկ է մեքենայի կարիք զգում։



Բայց մեր զրույցը ղարաբաղյան թեմայով էր, քանզի արցախյան պատերազմի օրերին նա բավականին մեծ օժանդակություն է ցուցաբերել բանակին։ Առհասարակ, պրագմատիկ մարդ է։ Հոգեւորականներին հատուկ իդեալիզմի մեջ նաեւ բավականին պրագմատիզմ էր նկատվում։ Աստծո անունը երբեք իր խոսքում ավելորդ չէր տալիս։ Եթովպիայում ծնված սրբազանը, այդուհանդերձ, խնդիրների լուծման ռեալ ուղիներ էր տեսնում։ Զգացվում էր, որ գիտի՝ ինչպես հավատին դինամիկ շարժման ուժ հաղորդել, որ Աստծո պատվիրանները պահպանելը զուր գործ չդիտվի։ Ներկայացնում ենք նրա հետ զրույցի արցախյան հատվածը։



- Եթե համեմատենք 90-ականների եւ այս քառօրյա պատերազմը, այն ժամանակ ինչպիսի՞ն էր պատերազմն իր բովանդակությամբ, այսօր ինչպիսին է, բացի տեխնոլոգիական տարբերություններից։



- Չգիտեմ, տեխնոլոգիական տեսանկյունից... ըստ մեր թերթերի կամ հայտարարությունների՝ տակավին 80-ականների տոխնոլոգիա ենք օգտագործում։ Բայց ես դրան չեմ հավատում, գիտեմ, որ արդիական տեխնոլոգիա ունենք։ Այդ ժամանակ՝ 91-93 թթ., եւ իրական ռազմական պատերազմ էր, եւ ժողովրդական պատերազմ էր։ Իսկ այսօր արդեն զուտ ռազմական իրավիճակ է, եւ ես կարծում եմ, որ որեւէ անձ՝ հոգեւոր, աշխարհիկ, եթե ուզում է օգտակար լինել, պիտի նեցուկ կանգնի բանակին եւ ոչ թե վազի գնա Ղարաբաղ։ Պետք է տալ բանակին այն, ինչ որ բանակն ուզում է, ոչ թե՝ երիտասարդ եմ, պիտի էրթամ այնտեղ կռվեմ։ Այդ ըմբռնումն այսօր չի գործի այլեւս։ Նախորդ պատերազմին նման չէ այսօր։ Հետո, մի գաղտնիք էլ պետք է իմանանք մենք՝ երկու գերուժերը՝ Ռուսաստանը, Թուրքիան, թեկուզ Իսրայելը, որ զենք են վաճառում Ադրբեջանին, չեն տալիս այն կատարելագործված զենքերը, որ իրենք են օգտագործում։



- Լավ, սրբազան, իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ղարաբաղյան հարցի լուծումը։



- Այսօր ինձ համար ղարաբաղյան հարցն արդեն նմանվում է գորդյան հանգույցի։ Իսկ գորդյան հանգույցը գիտեք, թե Ալեքսանդր Մեծն ինչպես լուծեց՝ կտրելով։ Այսօր, դժբախտաբար, այդ իրավիճակի մեջ ենք։ Մենք այս շրջանում ապրում ենք եւ պետք է ապրենք մեր հարեւանների հետ՝ լինի դա Ադրբեջանը, թե Թուրքիան։ Բայց մենք պատրաստ ենք իրենց հետ ապրելու՝ պայմանով, որ Ղարաբաղի անկախությունը բանակցության առարկա չէ, Հայոց ցեղասպանությունը չի կարող առարկա լինել եւ Թուրքիայի հետ բանակցության նյութ դառնալ։ Դրանք մեզ համար ընդունված երեւույթներ են։ Դրանք սակարկության առարկա չեն կարող լինել, որպեսզի մենք Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ լավ ապրենք։ Դրանց հաշվին որեւէ զիջում չենք կարող անել։ Իսկ Ղարաբաղի հողային տարածության համար, այն տարածությունը, որ կար Սովետմիության ժամանակ՝ ԼՂԻՄ-ը, իրական Ղարաբաղը ժամանակին նրա կրկնապատիկն էր։ Այդ սահմանը սովետական իշխանության ժամանակ գծեցին՝ մարզի կարգավիճակ տալով։ Այդ մարզի սահմաններն իրական Ղարաբաղի սահմանները չեն։ Բայց այս ասելով հանդերձ՝ ես չեմ մերժում, որ սահմանային կարգավորումներ լինեն։ Չեմ ասում՝ հետ տալ։ Կարգավորումներ, որը եւ իրենց է նպաստավոր, եւ մեզ։



- Այսինքն՝ մենք դրանով կվերադառնանք Մադրիդյան սկզբունքներով կամ Կազանի փաստաթղթով առաջարկվող լուծման հարթությո՞ւն։



- Ոչ, ոչ լրիվությամբ։ Ես համաձայն չեմ Մադրիդյան կամ Կազանի սկզբունքներին։ Նրանք պահանջում են հինգ գավառների վերադարձ։ Բայց սահմանների ուղղումների՝ ես դրան լրիվ պատրաստ եմ։ Այնպիսի ուղղումներ լինեն, որ գիծն ուղիղ լինի, օրինակի համար։



- Չե՞ք կարծում, որ այդ գորդյան հանգույցը կտրել հնարավոր է թերեւս միայն ռազմական ճանապարհով, քանզի դիվանագիտական ճանապարհով չի ստացվում։



- Գիտե՞ք ինչ, ես կարծում եմ, որ եւ ադրբեջանական իշխանությունները, եւ Հայաստանի իշխանությունները, հայ ժողովուրդը համառորեն պետք է կառչի Ղարաբաղի անկախությանը, բայց այդ սահմանների ինչ-որ ուղղումներ կատարելը, դա պետք է ժողովուրդը համոզի։ Ես կարծում եմ, որ ադրբեջանական իշխանություններն էլ ունեն դժվարություն իրենց ժողովրդին համոզելու, որ Ղարաբաղի անկախությունն ընդունեն։ Դժբախտաբար, ապրիլի 1-5-ը կարող է կրկին կրկնվի եւ ավելի վատ ձեւով։



- Ըստ Ձեզ՝ մեր բանակն այսօր որքանո՞վ է պատրաստ ռազմական ճանապարհով խնդրի լուծման, եթե կրկնվի այս քառօրյա պատերազմը։



- Ես վստահություն ունեմ մեր բանակի վրա, որ իսկապես կարող է հակահարված տալ։ Համարյա թե արտասահմանը համոզված է, որ խլրտումներն Ադրբեջանն է որոնում եւ ոչ թե Հայաստանը։ Մենք հաղթող ենք։ Մեզ համար կարեւոր չէ խլրտում անելը, այդ Ադրբեջանի համար է կարեւոր։ Տրամաբանորեն շատ պարզ է, որ միշտ նախահարձակն իրենք են լինում։ Բայց ինչքան ժամանակ անցնի, մի տեսանկյունից մեզ օգուտ է, որ դե ֆակտոն կարող է դե յուրե դառնալ ժամանակի ընթացքում, մյուս տեսանկյունից Ադրբեջանի հնարավորություններն ավելանում են։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ