Մանվել Գրիգորյանի շուրջ առաջացած սկանդալի հետքերով

Մանվել Գրիգորյանի շուրջ առաջացած սկանդալի հետքերով

«Միտումնավոր սուտ տեղեկություններ է տարածում Վահան Բադասյանը, իրենից հարցրեք, թե ինչու է այդ ստահոդ լուրերը փորձում տարածել: Եթե նման բան լիներ, Վահան Բադասյանը կարծես սմարթֆոն ունի, որ կարող էր նկարահանել, այդ տեսանյութն էլ հրապարակեր, տեսնեին մարդիկ, որ նման բան է եղել».- նշում է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը, հավելելով, որ ովքեր Երկրապահին, հայոց բանակին ուզում են հարվածել, թուրքի պատվեր են կատարում:



Արդեն երկու օր է, ինչ համացանցը թնդում է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հարցազրույցով Aravot.am-ի հետ, որտեղ վերջինս հայտարարում է, թե ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը հայհոյել է զինվորներին, իսկ նրա թիկնապահներն էլ ավտոմատով սպառնացել. «Ինքը Հադրութից դուրս էր գնում, որպեսզի գնա իր շոուներին, չգիտեմ և իր շարասյունով: Գնացել է և տեսել է մոբիլիզացիոն զինվորներին, ովքեր գնում են դիրք պահելու իրենց հերթափոխին, Հադրութից դեպի ներքև ճանապարհին կանգած տեղավորում էին իրենց իրերը, տեսել է, որ իր ճանապարհը նեղացած է, նեղ է: Ինքը միանգամից սկսել է հայհոյանքներ, աշխարհի ամենավերջին հայհոյանքներն է տվել նրանց և հետո իր թիկնապահները մեքենայից իջել են, սպառնացել, որ կպայթեցնեն, կտրաքացնեն, ինչի եք ճանապարհին կանգնել».- նշել է Վահան Բադասյանը: Մանրամասները՝ Aravot.am-ի տեսանյութում:



Վարդան Վարդանյանը hraparak.am-ի հետ զրույցում վստահ նշեց, որ նման լուրեր տարածողները թուրքի պատվեր են կատարում.«Այդ օրերին Երկրապահը և Երկրապահ կամավորականների միության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շատ լուրջ հայրենանվեր աշխատանք են կատարում: Մարդիկ հավաքվեցին ապրիլի 2-ից, հազարներով կանգնեցին առաջնագիծ, երբ Ադրբեջանը խախտել էր 94-ի մայիսյան հրադադարն աննախադեպ ձևով, Արցախի ամբողջ սահմանի երկայնքով լայնամասշտաբ հարձակման էր անցել, Երկրապահը հասավ տեղ, որ ջոկերում, վաշտերում, դասակներում մեր բանակում հանկարծ մի բաց չլինի, համալրեն: Դրա համար էլ թուրքերը լռեցին, տեսան, որ չեն կարողանում, հայ ազգը համախմբված այնտեղ է: Ովքեր որ Երկրապահին, հայոց բանակին ուզում են հարվածել, ես վստահ ասում եմ,  թուրքի պատվեր են կատարում: Ես համոզված եմ, որ իրեն վճարել են իր թուրք տերերը, որ այդպիսի սուտ լուրեր տարածի այն մարդկանց հասցեին, ովքեր այսօր Արցախն են պաշտպանում, Արցախից պաշտպանում են Երևանը, Էջմիածնի Մայր տաճարը, Գյումրին: Գեներալը միևնույնն է այդպիսինների խելքին չի ընկնելու, իր առաքելությունը մինչև վերջ կատարելու է, մնալու է հայ զինվորի կողքին: Մենք հասկանում ենք, որ ինչքան հնարավոր է տնից հեռու է պետք ոսոխին կանգնեցնել, ոչ թե թույլ տալ գալ մտնել տունը: Այդ այն մարդիկ են քննադատում գեներալին ու Երկրապահին, ովքեր ուզում են հողերը ծախել, պարտվողական տրամադրություններ ունենալ»:



Արդյոք գեներալ Մանվել Գրիգորյանը տեսե՞լ է տեսանյութը, հետաքրքրվեցինք վերջինիս խորհրդականից. «Մանվել Գրիգորյանը առաջնագծում կանգնած է, տեսանյութեր նայելու ժամանակ չունի, այդ մենք ենք անհագստանում, նա շան տեղ չի դնում Վահան Բադասյանին, այդպիսի շնիկներին: Թող ապացույց հրապարակեն, լրատվամիջոցներ կան տիրաժավորում, տարածում են դա, բայց հարյուրավոր նորմալ լրագրողներ այս օրերին առաջնագծում աշխատել են, մի հատ այդ մարդկանց հետ խոսեք, թող իրենք ասեն, ինչ է անում այնտեղ Մանվել Գրիգորյանը»: Վարդան Վարդանյանը անդրադարձավ նաև այն լուրերին, թե գեներալին հեռացրել են Հադրութից. «Խնդրում եմ կապվեք Հադրութի վարչակազմի ղեկավարի հետ՝ Վալերի Գևորգյանի, իրենից ճշտեք, ինքը ոնց էր խնդրել, որ մնա գեներալը, ոչ թե հեռացրել են, այլ խնդրել են, որ մնա: Բայց գեներալը միշտ այնտեղ է որտեղ ինքն է ճիշտ համարում: Ինքն առաջնորդվում է հայ ազգի, Հայաստան պետության և հայկական Արցախ պետության շահերով»:



Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը hraparak.am-ին հայտնեց, որ իր նկարագրած դեպքի ժամանակ ինքը ներկա չի գտնվել, սակայն ընդգծեց, որ տեղեկությունները հավաստի են. «Մեր տղաներն են ներկա եղել, իհարկե հավաստի են տեղեկությունները: Մանվելն ինչ է արել, բոլորն էլ տեղյակ են, անկախ նրանից Երկրապահը կասի, չի ասի, կուզի, թե չի ուզի, բոլորն էլ տեղյակ են: Այդպես պետք է ասեն իրենք».- արձագանքում է նախկին պատգամավորն ու նշում, եթե իրականությանը չի համապատասխանում, թող իրեն դատի տան: Իսկ ինչ մնում է այն խոսակցություններին, թե ինքը պատվեր է կատարում, Վահան Բադասյանը նշեց. «Հիմա դա էլ կասեն: Ես փոքր տարիքից զենքը ձեռքիս կռվել եմ, պատվեր ե՞մ կատարել, ո՞ւմ պատվերն եմ կատարել»: