«Եվրատեսիլում» այնպիսի մի երկրի պետք է տալ մեր միավորները, որը կխանգարի լիդերին

«Եվրատեսիլում» այնպիսի մի երկրի պետք է տալ մեր միավորները, որը կխանգարի լիդերին

Այս տարվա «Եվրատեսիլի» հաղթողն Ուկրաինայի ներկայացուցիչ երգչուհի Ջամալան էր՝ արմատներով կիսով չափ Ղրիմի թաթար, կիսով չափ՝ հայ։ Ուկրաինացի երգչուհու «1944» երգը, որն անձնական պատմություն էր, պատմում էր երգչուհու տատիկի մոր՝ Նազիլխանի մասին, որը վերապրել էր գաղթը, երբ սովետական բանակը մտել էր Մալորեչենսկոյե եւ շուրջ 10 հազար ղրիմյան թաթարների լցրել բեռնատար վագոններն ու տարել Միջին Ասիա, որոնց մի մասը մահացել էր ճանապարհներին։



Անցած տարվա եվրատեսիլյան մեր փորձից ելնելով, թվում է, թե կարելի էր մեկընդմիշտ ֆիքսել, որ քաղաքական ենթատեքստով երգերը տեղ չունեն Եվրոպայում, եւ միջազգային երգի մրցույթը դրա տեղը չէ, բայց եթե 2015-ին՝ ի դեմս հայաստանյան մեր մասնակից «Genealogy» խմբի, որի ձեւաչափը եւ երգն անմիջականորեն շոշափում էին Հայոց ցեղասպանության խնդիրը, Եվրոպան չընդունեց, այս տարի Եվրոպան ոչ միայն ընդունեց, այլ նաեւ հաղթող ճանաչեց 1944-ի Ղրիմի թաթարների տեղահանության մասին երգը։ Այլ կերպ ասած՝ 1915-ի եւ 1944-ի միջեւ Եվրոպան ընտրեց վերջինը։



Երաժիշտ Գիսանե Պալյանի կարծիքով, գաղտնիք չէ, որ «Եվրատեսիլը» բավականին քաղաքականացված մրցույթ է, եւ ամեն տարի մի խնդիր է վերցվում, ու, ըստ դրա, մի երկրի է հաղթանակ տրվում։ «Ինձ համար պարադոքսը նրանում է, որ իրենք՝ «Եվրատեսիլի» կազմակերպիչները, պահանջելով չքաղաքականացնել իրենց մրցույթը, հենց իրենք են քաղաքականացնում, այսինքն՝ քաղաքական դիտարկումներից ելնելով, հաղթանակը շնորհվում է այս կամ այն երգին»,-ասում է Գիսանե Պալյանն ու նկատում, որ այստեղ առանձնահատուկ տրամաբանություն փնտրելն անիմաստ է, որովհետեւ այս պահին միգուցե Եվրոպային անհանգստացնում է Ուկրաինայի եւ Ղրիմի հետ կապված խնդիրը, եւ կուզենային որոշակի արձագանք տալ դրան, հետեւաբար, նաեւ փիառ անել այդ խնդիրը. «Այդտեղ միգուցե նաեւ իրենց անձնական շահերը կան․ Ուկրաինայի՝ դեպի Եվրոպա տարվող քաղաքականությունն ավելի մոտ է իրենց, քան, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչել կամ չճանաչելու խնդիրը, որը Եվրոպային կարծես թե չի էլ հետաքրքրում կամ գոնե քիչ է հետաքրքրում։ Այս հարցում կոնկրետ իրենց քաղաքական շահերն են արծարծվում, դրա համար էլ բարձրաձայնվում է այդ խնդիրը»։



Ըստ Գիսանեի, եթե մենք հասկանանք, որ սա քաղաքականացված մրցույթ է, եւ հաղթող երգը ոչ միայն կատարման, այլեւ զուտ քաղաքական լինելու համար է հաղթում, ապա այդ խնդիրն այլեւս մեզ համար ուշադրության արժանի չի լինի։ Իսկ ընդհանրապես, ինքը լուրջ չի վերաբերվում այդ մրցույթին, որովհետեւ հենց նույն այդ քաղաքական միտումներն էլ արժեզրկում են արվեստի պահը։ Դեռ չի հաղթել մի երգ, որը, որպես երաժիշտ, ինքը հավանել է. «Զուտ երաժշտական առումով, կարելի է ասել, միջակ մրցույթ է»։



Նա հիշում է՝ երբ Հայաստանը նոր-նոր էր սկսում մասնակցել «Եվրատեսիլին», կազմակերպվում էին հանրային մեծ քննարկումներ, եւ միշտ շեշտվում էր հայկական էլեմենտի մասին, որպեսզի նաեւ Սփյուռքի հանդիսատեսը ձայներ տար մեր երգին։ Չփոքրացնելով Սփյուռքի այդ գործոնը, Գիսանե Պալյանը, ինչպես այն ժամանակ, հիմա էլ կարծում է, որ պետք է Եվրոպայի ականջին սովոր լեզվով հանդես գալ։ «Ես միշտ ասել եմ, որ ավելի կարեւոր կլինի, որ ոչ հայերը սիրեն ու քվեարկեն մեր երգի օգտին։ Վերջին 2 տարիների ընթացքում հենց այդպես էլ եղավ. թե անցած տարի Արամ MP3-ի եւ թե այս տարի Իվետայի ելույթները հասանելի էին Եվրոպային։ Ես կողմնակից եմ, որ այդպիսին լինեն այսուհետ մեր համարները»։ Ինչ վերաբերում է այս տարվա մեր ելույթին, ապա «իսկապես անթերի աշխատանք էր արված, եւ ելույթը, եւ իմիջը, եւ բեմի վրայի մինիմալիզմով շոուն, որովհետեւ Իվետան արդեն ինքն իրենով շոու էր։ Չափի մեջ, զուսպ, տեղին, առանց ավելորդությունների, բայց, միեւնույն ժամանակ, ամեն ինչ համապատասխան երգին։ Կարծում եմ՝ անթերի էր ամեն ինչ»։



Փիառի մի քայլ կարելի է համարել նաեւ Իվետայի կողմից Արցախի դրոշը ծածանելը, չնայած դրանից հետո անգամ ելույթից զրկվելու մտավախություն կար. «Արցախի դրոշն էլ աշխատեց, բայց եթե զրկեին մրցույթից, այդ դեպքում ի՞նչ կասեինք, այսինքն՝ ռիսկային քայլի գնաց մեր պատվիրակությունը, ապրեն նրանք, որ գնացին դրան, եւ աշխատեց այդ ռիսկը»։



Երաժիշտն իր խոսքում ընդգծում է, որ ցանկացած մրցույթի վրա մեծ գումարներ են ծախսվում մեր պետբյուջեից, եւ մենք սովորել ենք, որ այդ գումարները շատ հաճախ անտեղի ու անհիմն են ծախսվում։ «Ես ուրախ եմ՝ այն գումարը, որ բյուջեից է գնում եւ բոլորիս գրպանից է գնում, արժեցող բանի վրա է գնում, ոչ թե տրվում է մի մարդու, որն ինչ-որ մեկի բարեկամն է, ծանոթն է կամ ներկայացնում է շատ կասկածելի որակով երգ»,-ասում է Գիսանե Պալյանը, ապա նկատում, որ այդ առումով ափսոս չէին այն ուժերն ու գումարը, որ ներդրվել էին թե անցած, թե այս տարվա համարների մեջ, քանի որ միջազգային բարձր որակի համարներ էին պատրաստվել։



Երաժիշտ Արտավազդ Բայաթյանի գնահատմամբ, «Եվրատեսիլն» իր իմացած մրցույթներից ամենաանհետաքրքիրն է, որովհետեւ միշտ էլ զգացել ու տեսել է, որ այն քաղաքականացված է։ «Սլավոնական երկրներն իրար են տալիս, բալկանյան երկրները՝ իրար, այսինքն՝ բաժանված, թայֆա-թայֆա աշխատում են եւ չեն էլ ուզում հասկանալ՝ լավ է, լավ չէ։ Իսկ այս տարի տվեցին մի երգչուհու, որ չէի ասի, թե եսիմինչ էր, ուղղակի Եվրոպան հիմա անընդհատ Ուկրաինայի խաղաքարտն է օգտագործում։ Այս դեպքում հենց սա էր, եւ դա Ղրիմի թաթարների խնդիրը չէր, այլ հենց Ղրիմի խնդիրը, եւ փորձեցին դրանով Ռուսաստանին եւս մեկ անգամ ծակել, ճիշտ է՝ շատ գեղեցիկ, իբր մշակութային ճանապարհով, բայց սա ոչ մի մշակույթ էլ չէր, սա քաղաքականություն էր։ Դա ակնհայտ էր, ու փորձեցին դրանով, այսպես ասած, նաեւ Ուկրաինային աջակցել։ Ամբողջ ցավն այն է, որ Եվրոպան իր դիրքորոշմամբ բացարձակ ոչ մի հայանպաստ քայլ չի էլ ուզում անել, նրանք իրենց հավասարության նշանով ամեն ինչ տապալեցին։ Հայաստանը կարող է նման միջոցառումների մասնակցել, բայց դրան շատ մեծ նշանակություն պետք չէ տալ»,-ասում է Բայաթյանն ու եւս մեկ անգամ նշում, որ «Եվրատեսիլը» հերթական անպետք մրցույթներից է, որի ընթացքում կարելի է ուրիշ ուղի բռնել, օրինակ՝ այնպիսի մի երկրի գնահատական տալ, որին ընդհանրապես ոչ մեկը չի տալիս. «Եթե մեզ կտան, մենք էլ իրենց կտանք, այդպես պետք է լինի, դա էլ պետք է պայմանավորվել, եթե չէ՝ ինչո՞ւ պետք է տանք, որովհետեւ, ընդհանուր առմամբ, եթե վերցնես արտիստների, երգերի որակը, համարյա բոլորի մոտ նույնն է, եւ կարծում եմ՝ պետք է հաշվարկներով առաջնորդվենք ու նայենք տեսնենք, թե մեզ ոնց է ձեռք տալիս, պետք չէ ասել՝ այ, հիմա մենք Ռուսաստանին միավորներ կտանք, ինքն էլ՝ մեզ։ Նույնը՝ Վրաստանի դեպքում։ Ոչ մի բան էլ չեն տա, այդ մենք ենք, որ այդպես միամտորեն ենք մտածում։ Ես գտնում եմ, որ այնպիսի մի երկրի պետք է տալ մեր միավորները, որը կխանգարի լիդերին»։



Ինչ վերաբերում է Արցախի դրոշը ծածանելուն, ապա կարծում է, որ ավելի լավ կլիներ այն ցույց տալ հենց եզրափակչի ժամանակ, որովհետեւ դրանից հետո ոչ մեկն էլ ոչ մի բան չէր կարող ասել, չնայած հետո կարող էին զրկել ինչ-որ բաներից. «Պետք է ուսումնասիրել ու անել այնպիսի մի բան, որ չխախտի իրենց կանոնները, բայց, միեւնույն ժամանակ, մեզ համար կարեւոր մի շտրիխ լինի։ Ամեն դեպքում, շատ լավ արեց մեր մասնակիցը, որ ցույց տվեց Արցախի դրոշը, մենք պետք է ցույց տանք, որ չենք հրաժարվում նրանից, ինչի համար պայքարում ենք»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ