«Սասունցի Դավիթ» որմնաքանդակի վերադարձը

«Սասունցի Դավիթ» որմնաքանդակի վերադարձը

Նախօրեին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացվեց քանդակագործ Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» մեծածավալ որմնաքանդակը (7/9մ)։ Ստեղծագործությունը, որ պատկերում է մեր էպոսի 3 տասնյակից ավելի դրվագներ, ականավոր հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» գրաֆիկական հայտնի աշխատանքի քանդակային տարբերակն է։ Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը բնօրինակին գերազանցում է մոտ 15 անգամ։



Դեռ 1980-ականներին, երբ Կասկադը կառուցման փուլում էր, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը համալիրի սրահներից 2-ը ձեւավորելու առաջարկով դիմել էր գեղանկարիչ Գրիգոր Խանջյանին եւ քանդակագործ Արտաշես Հովսեփյանին։ Քանդակագործը 4 վարպետների հետ 4 տարի շարունակ աշխատել էր այն սրահում, որն այսօր կրում է «Սասունցի Դավիթ» անունը։ Պետությունը, ի դեմս Կարեն Դեմիրճյանի, խոստանում էր լավ վարձատրել հեղինակներին, բայց 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից, ապա Խորհրդային Միության փլուզումից հետո տուֆակերտ որմնաքանդակն անավարտ մնաց։
«Սասունցի Դավիթ» որմնաքանդակի հարցը քանդակագործի մոտ ընկեր, արձակագիր Վանուշ Շերմազանյանը 3 տարի առաջ նորից բարձրացնում է Կասկադի տնօրինության առջեւ, որից հետո «սայլը տեղից» շարժվում է, եւ հաջողվում է Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում եւ Արտաշես Հովսեփյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ որմնաքանդակը բացել ու ներկայացնել հանրությանը։ «Իր աշխատանքը հիմա իրեն ենք վերադարձնում ու նվեր անում իրեն, բայց մարդը մի լումա չի ստացել դրանից»,-ասում է Վանուշ Շերմազանյանն ու հիշում, որ սրանից մոտ 12-13 տարի առաջ Սոս Սարգսյանի ամառանոցում Արտաշես Գեղամյանը խոստովանել է, որ պետությունը պարտք մնաց Արտաշես Հովսեփյանին 166 հազար ռուբլի։



Թեեւ դեռ մի փոքր աշխատանք կա որմնաքանդակի վրա անելու, բայց այս պահի դրությամբ քանդակագործի առողջականը չի ների նոր աշխատանքներ վերսկսելու համար, եւ ավելի լավ է այդպես էլ մնա, ինչպես նշում է Շերմազանյանը, կարեւորը՝ աշխատանքը բացվեց, ինչը մեծ նվեր է մեր քաղաքին քանդակագործի կողմից. «Արտաշեսի այս գործը ես Մհերի՝ քարայրից դուրս գալու նախադուռ եմ համարում, խորհուրդ կա սրա մեջ, այն առումով, որ դա կարող էր բացվել հենց այն ժամանակ, երբ Գաֆէսճյանը եղավ, բայց չի արվել։ Գուցե այդ խորհուրդներին պետք է նաեւ հետեւենք»։



88-ից հետո ինքը՝ քանդակագործը, իր որմնաքանդակն ամբողջական վիճակով առաջին անգամ տեսել է սրահի բացման օրը եւ ընդամենը մի դիտողություն արել, որ լուսավորությունը ճիշտ չէ։ Թեեւ տնօրինությունը վստահեցրել է, որ գիշերն այն անթերի է դառնում, քանի որ դիմացից այլ լույսեր չեն խանգարում։



Չնայած իր կենդանի լեգենդ լինելուն, քանդակագործն ապրում է շատ սուղ պայմաններում։ Շերմազանյանն ասում է՝ եղել են ժամանակներ, երբ իր արվեստանոցի լույսերն անջատել են, որովհետեւ անվճարունակ է։ Ապա ընդգծում է՝ եթե պետությունը կամ որեւէ անհատ մի քիչ հոգ տանեին ու քանդակագործին գոնե ամիսը 500 դոլար վճարեին, ապա Թամանյանի արձանի նման առնվազն 2-3 գործ կունենայինք մեր քաղաքում։ Չնայած քիչ չեն նաեւ Հովսեփյանի անավարտ գործերը, դրանից մեկը Խորենացու արձանն է, որի նմուշն իր արվեստանոցի բակում ժամանակի ընթացքում փշրվեց, ոչնչացավ, դրանից միայն նկարն է մնացել։ Քանդակագործի առաջին գործերից է եղել նաեւ Մարքսի արձանը, որը 88-ին ներկերով փչացրին, եւ Պոլիտեխնիկի ղեկավարությունն այն հանեց, մինչդեռ, անկախ ամեն ինչից, այն արվեստի գործ է։



Շերմազանյանը պատմում է, որ 92-93 թթ. Սոֆիայի գլխավոր ճարտարապետը գալիս է Հայաստան եւ խնդրում Ջիմ Թորոսյանին ուղեկցել իրեն Թամանյանի արձանի հեղինակի արվեստանոց։ Վերջինս Արտաշես Հովսեփյանին առաջարկում է գնալ Սոֆիա եւ Թամանյանի արձանի նման մի արձան այնտեղ կառուցել, որի դիմաց պատրաստ է եղել կանխիկ վճարել 50 թե 100 հազար դոլար, բայց Հովսեփյանը բարկացել է նրանց վրա՝ ասելով. «Երկիրը պատերազմի մեջ, թողնելու եմ գնամ Սոֆիա՝ քանդակ անեմ ու փո՞ղ աշխատեմ»։



Լուսանկարը՝ Գերման Ավագյանի