Արեւելքը թշնամի է, Արեւմուտքը՝ ոսոխ

Արեւելքը թշնամի է, Արեւմուտքը՝ ոսոխ

Ահա իրականությունը՝ ճակատային գծի խրամատներում, հենակետային տնակներում, դիտակետերում կանգնած 18-20 տարեկան պատանիներ։ Նրանք այնտեղ իրենց օրապահիկից մի բան խնայում՝ շուն են պահում: Շունը մի տեսակ կենդանացնում է խրամատների մահառիթ միջավայրը: Եթե անցնեք խրամատներով եւ հանկարծ ընձյուղված որթենի տեսնեք, չզարմանաք. թշնամու դիպուկահարից խոցվելու վտանգն աչքի առաջ՝ այդ զինվոր-տղաներից մեկն է խրամաթմբի կավահողը քերել-մաքրել, եւ պատերազմի սմբակների տակ տրորված խաղողենին շիվ է տվել: Հաջորդ զորակոչի մի գյուղացի տղա-զինվոր հենասյուն է դրել: Մյուսը մետաղալարի ցանց է հյուսել, որթը բարձրացել, տարածվել, շվաքարան է դարձել: Ամառնավերջ-աշնան սկզբներին մանրահատիկ ողկույզներ է տալիս։



Տղա-զինվորի՝ կյանքի հանդեպ սիրո խորհրդանշանն է ամայի, խարկված տափաստանով մեկ ոլորվող խրամաթմբերի վրա վերընձյուղված խաղողենին, որի շվաքի տակ ճտճտան արեւից պաշտպանվում է դիրքապահ շունը: Զինվորն ինքը դիտակետում է։ Եթե հենակետային տնակի պատին հայելի տեսնեք, չզարմանաք: Տղա-զինվորները սիրում են կոկիկ երեւալ: Ի՞նչ արած, որ համազգեստը երբեմն մաշված է, ճտքակոշիկները՝ մի երկու համար մեծ: Նրանք կարողանում են խնամքով թաքցնել երթադաշտային կյանքի զրկանք-թերությունները: Եվ որ ժամին էլ հենակետ իջնես՝ օրապահն անպայման մի գավաթ սուրճ է առաջարկելու: Ամենահամեղ սուրճը։ Եվ այնպես ծածուկ է նայելու բջջային հեռախոսիդ, որ հասկանալու ես՝ տղայի մտքին տուն զանգել, մորը մի բարի խոսք ասելն է: Եվ հեռախոսդ թողնելու ես իրեն, դուրս ես գալու՝ արեւի տակ խմելու մի գավաթ սուրճը: Եվ նայելու ես տափաստանի հեռվի՜ն, որ գնում-գնում եւ հանկարծ փակվում է ձյունամած լեռնագագաթներով՝ հյուսիսում: Հարավից չոր, հրաշունչ քամիներ են փչում: Պղնձագույն, լերկ բլրաշարքեր են: Արեւելքը թշնամի է, ներսում թույն է եռում՝ ինչպես տափաստանի գյուրզա, որ սառն-ապակե աչքերով անթարթ նայում է, մինչեւ կորսա հարմար վայրկյանը եւ...



Եվ հասկանալու ես, որ խրամաթմբերի զիգզագներն ամենեւին էլ անշունչ հողակոշտեր չեն, կենդանի են, որովհետեւ իրենց վրա է տղա-զինվորի ապրող հայացքը, եւ ամայի հորիզոնում թրթռում է խոցվածի վերջին ծանր հոգոցը: Ճակատային գծում նույնիսկ թռչուններն են երկինքը լքել։ Իսկ տափաստանի լայնարձակությունը խեղդում է, որովհետեւ թիկունքիդ շոշափելիորեն զգում ես քեզ դեպի աշխարհ տանող ճանապարհի անձուկը: Անվերջ ոլորանները... Քանդուքարափ ասֆալտը... Ու՝ որ երբ վերջապես իջնում ես մի արեւային հովիտ, Բիբլիական լեռան կապույտ ֆոնին սահմանապահ ուղեկալների դիտաշտարակներ ես տեսնում: Ո՞րն է հյուսիսը: Որտե՞ղ է հարավը: Արեւելքը թշնամի է: Արեւմուտքը՝ ոսոխ:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ