«Տկզար» անսամբլը երեք տարի է՝ զրկված է պետական ստատուսից

«Տկզար» անսամբլը երեք տարի է՝ զրկված է պետական ստատուսից

1982-ին Կառլեն Միրզոյանի ջանքերով ստեղծվեց Հայաստանի հնագույն փողային նվագարանների «Տկզար» անսամբլը, որի հիմքում հայկական հնագույն շնչական, այսինքն՝ փողային նվագարաններն են: Կառլեն Միրզոյանը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիրիժորի եւ խմբավարի մասնագիտությունն ստանալուց հետո ուսանել է նաեւ Տաշքենդի կոնսերվատորիայում՝ ժողովրդական նվագարանների գիտական բաժնում, զբաղվել ֆոլկլորիկ նվագարանների գիտական աշխատանքով:



Սա եզակի նմուշների նվագախումբ է, մեզ հետ զրույցում ասում է Կառլեն Միրզոյանն ու մանրամասնում, թե ինչ նկատի ունի։ «Հեթանոսական շրջանից մինչ այսօր մեր ունեցած շնչական երաժշտական նվագարանի նմուշները ես առել եմ «Տկզարի» մեջ։ Դրանք մի հազվագյուտ օրինակ են, ունեմ մի քանի հեղինակային նմուշներ, որ անձամբ իմ հեղինակությամբ է արված։ Սրանք ոչ միայն երգեր են, այլեւ նվագարաններ, որի միտքն ու գաղափարն ընդհանրապես Կոմիտասն է տվել»,-ասում է Միրզոյանն ու ընդգծում, որ ոչ միայն այդ նվագարանների պահպանությունը գումար արժե, այլեւ հենց այդ հազվագյուտ նվագարանների ինքնարժեքը մեծ կարողություն է։ Իր ստեղծման օրվանից Հայաստանի հնագույն փողային նվագարանների «Տկզար» անսամբլը ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր անկյուններում` լսելի դարձրել հայ երաժշտությունը՝ ներկայացնելով կոմիտասյան մշակումներ:



34 տարի գոյություն ունեցող նվագախումբը մինչեւ վերջերս պետական ստատուս է ունեցել, բայց 3 տարի առաջ Կառլեն Միրզոյանը գիտական ուսումնասիրությունների նպատակով մեկնել է Ամերիկա, երբ վերադարձել է՝ տեսել է, որ նվագախումբն արդեն տեղափոխել են հովանավորչական կարգավիճակի, այսինքն՝ զրկել են պետական ստատուսից։ «30 տարի եղել ենք պետական հովանավորության ներքո, հետո, երբ այստեղ չեմ եղել, հանձնարարել են, որ սա պետք է հովանավորչական լինի՝ կամ ցրեք, կամ՝ ինչպես կուզեք։ Իհարկե, իրենց սխալն էլ կա, պետք է չհանձնվեին եւ չգրեին այդ հրաժարականը։ Հիմա, համենայնդեպս, ուզում ենք նորից այդ պետական կարգավիճակը վերականգնենք, թե ինչպես կընթանա այդ ընթացքը՝ չգիտեմ։ Սա միայն նվագախումբ չէ, դա երեւույթ է, այս նվագարանները չկան այլեւս, եթե նորից պիտի լռության գիրկը գնանք... իրենք գիտեն...։ Այս քանի օրը նորից պետք է լսեն այդ հարցը, ես չեմ էլ գնում, չեմ զբաղվում, որովհետեւ, ճիշտն ասած, մի քիչ նեղացած եմ, բայց մինչեւ դա լինի, ես չգիտեմ՝ նվագախումբը կմնա-չի մնա, շատ կասկածելի խնդիր է»։



Միրզոյանը փորձել է հետաքրքրվել, թե ինչու են իրենց համույթը զրկել պետական ստատուսից, բայց ասում է՝ այնպիսի լաբիրինթոսի մեջ է հայտնվել, որտեղ մարդկանց ասածն ու արածը չեն համապատասխանել իրար։ Միրզոյանը նկատում է, որ ունի թե նախարարի, թե նախագահի նամակները, որտեղ իրեն գրում են, որ իր առաջ քաշած խնդիրները մշակույթի բնագավառի առաջնահերթ խնդիրներից են, եւ շնորհակալություն են հայտնում իր գործունեության համար, բայցեւայնպես, դա չի խանգարել պետական ստատուսից զրկել իր 30 տարվա կենսափորձով համույթը։



3 տարի է արդեն՝ «Տկզար» համույթն առանց պետական ստատուսի է եւ հովանավորների միջոցով է ապրում ու ստեղծագործում։ Համույթն այսօր ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած, չնայած Միրզոյանն ասում է, որ կան մարդիկ, որոնք ուզում են իրենց օգնել-հովանավորել։ Նրանցից է նաեւ Արագած Ախոյանը, որը նույնպես ցանկություն է հայտնել աջակցելու իրենց։ «Մի քիչ լավ, մի քիչ վատ, համենայնդեպս, նվիրյալներ են այս խմբի մասնակիցները, եւ նրանց համար հանապազօրյա հացը մեծ նշանակություն ունի, բայց առանց դրա էլ նրանք պատրաստ են ծառայել, եւ անում ենք մեր գործը»։
Հակառակ ամեն ինչի, համույթը շարունակում է ստեղծագործություններ ձայնագրել, համերգներ ունենալ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ «Պետք է տեսնեք, թե ինչ են գրում համույթի մասին դրսի թերթերը, այլազգիները»,-ասում է Միրզոյանը, որի կարծիքով ազգային երգը մեր երկրում պահանջարկ ունի, բայց հիմա բարձիթողի վիճակ է, եւ այդ «անիվը» հետ ենք պտտել մինչեւ 37թ., երբ չկային ոչ երաժիշտներ, ոչ էլ այդպիսի մտածողություն։ Նա ափսոսանքով է նշում, որ ազգային երգը դուրս է մղվել հեռուստաեթերից. «Ես դա ամեն օր ցավով ու լացով եմ նայում, ոչ թե դուրս է մղվել, այլ չկա ընդհանրապես։ Հիմա մենք սկսել ենք դասական երաժշտությամբ զբաղվել՝ առանց հասկանալու ազգայինը»։



Թե այսօր ամենաշատն ինչի կարիք ունի համույթը, ապա. «Հագուստները կան, նվագարանները կան, երաժիշտները կան, փորձատեղին էլ ընկերներս տալիս են, բայց ստատուս չկա, որ կարողանամ մարդկանց վճարել։ Այսօր, երբ մարդն իր ընտանիքի հացը չի կարողանում վաստակել, ես չեմ կարող ասել՝ եկեք անվճար աշխատեք»։ Համույթի հիմնադիրը նշում է, որ հավաքվում են շաբաթը մեկ անգամ, բայց այդկերպ հնարավոր չէ «լավ մարզավիճակ» պահել, ըստ այդմ՝ երաժիշտներն էլ վարձատրվում են այն ժամանակ, երբ մասնակցում են համերգների։ Ինչ վերաբերում է ակումբներում, ռեստորաններում ելույթ ունենալուն, ապա, Միրզոյանի կարծիքով, իրենք պրոֆեսիոնալ մտածողության երաժիշտներ են եւ չեն գնում դրան. «Սա հենց այնպիսի համույթ չէ, այս հնչերանգներն ազգագրական քանդակներ են, սա շատ կարեւոր ազգագրական երեւույթ է»։



Կառլեն Միրզոյանը հիմա ԳԱԱ-ի հանձնարարությամբ գիրք է գրում՝ «Հայ ազգային նվագարաններ» անվանումով, որն անդրադարձ է կատարելու մեր ազգային նվագարաններին եւ ներկայացնելու է աշխարհին դրանց պատմությունը, ծագումնաբանությունը, որպեսզի, ինչպես ընդգծում է Միրզոյանը, մեր հարեւանները մեր իսկ նվագարանները չգողանան ու ասեն՝ մերն է. «Մեր ազգի համար սա շատ առաջնային է, որովհետեւ թուրքերը, ադրբեջանցիները, վրացիները, բոլորը մեր նվագարանները տանում են, սեփականաշնորհում, եւ ստացվում է, որ մենք չունենք ազգային նվագարան»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ