Աղաբեկյանը հեռանո՞ւմ է, թե՞ հեռացնում են

Աղաբեկյանը հեռանո՞ւմ է, թե՞ հեռացնում են

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ, դաշնակցական Արթուր Աղաբեկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին անսպասելի հայտարարությունը տարբեր վարկածներ է առաջ բերել։ Ոմանք պնդում են, որ ՀՅԴ-ականին պարտադրել են «լավով» հեռանալ ու հայտարարությամբ հանդես գալ, սակայն մյուսները դա անհնարին են համարում: Սակայն փաստ է, որ վերջին շրջանում Աղաբեկյանը սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվեց՝ նախ «Մարտիկ» հիմնադրամի մասին բացահայտումները, ապա գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ «սադրիչ» գործողությունները կապեցին ՀՅԴ-ական գեներալի անվան հետ։



Տեղեկություններ կան նաեւ, որ Արթուր Աղաբեկյանին պատկանող արտադրամասերում զինվորական անորակ համազգեստներ են կարել բանակի համար, ինչն աղմուկի տեղիք է տվել։ Իր հեռացման մասին Աղաբեկյանը Ֆեյսբուքում հայտնում է. «Գործընկերներիս, համակիրներիս եւ ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ.-ի առաջին եռամսյակին թողնել պետական եւ քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս եւ բարեգործական ծրագրերի»։ Անհասկանալի է՝ ինչո՞ւ է զգուշացնում մի բանի մասին, որը պատրաստվում է ամիսներ անց անել։



2002 թվականին ստեղծված «Մարտիկ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արթուր Աղաբեկյանն է, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց ապրիլյան պատերազմի օրերին։ Հիմնադրամի կայքէջի տվյալներով, առնվազն պետք է 1 միլիոն 240 հազար 400 դոլար լիներ ֆոնդում, քանի որ 12 հազար 404 անդամ ունի, իսկ մուտքի վճարի չափը 100 դոլար է, դա անձեռնմխելի գումար է եւ, հիմնադրամի կանոնադրության համաձայն, կարող է ծախսվել միայն ՀՀ նախագահի, Վեհափառ Հայրապետի եւ պաշտպանության նախարարի որոշմամբ՝ երկրի անվտանգության դեմ սպառնալիքի առկայության պարագայում։ Ապրիլյան պատերազմի օրերին շատերը հիշեցին այդ փողի տեղը, փորձեցին պաշտոնապես պատասխան ստանալ՝ մինչեւ հիմա որքա՞ն գումար է հավաքվել հիմնադրամում, ինչի՞ վրա է ծախսվել, եւ արդյո՞ք այժմ այդ ճակատագրական պահը չէ, որպեսզի այդ գումարները ծախսվեն հայկական բանակին անհրաժեշտ զինամթերքով ապահովելու համար։ Աղաբեկյանի պաշտոնական պատասխանը 1 միլիոն դոլարի առկայության մասին էր փաստում։



ԲԱԽՇՅԱՆՆ ԷՍ Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ՝ Ո՞ՒՐ ԵՆ ՓՈՂԵՐԸ



Անահիտ Բախշյանը մանրակրկիտ ուսումնասիրել էր հիմնադրամի մասին բոլոր փաստաթղթերը։ «Ազդարարի» հաշվետվությունների միջեւ հակասող տվյալներ ու անճշտություններ են գտել, պարզել էր, որ այդ փաստաթղթերի համաձայն, ֆոնդում իսկապես կա 1.2 մլն.-ից ավելի գումար, որի միայն տոկոսները, ըստ հաշվետվության 1-ին սքանավորած փաստաթղթի, 2015թ. կազմել են 48 մլն. 895 հազար 535 ՀՀ դրամ, իսկ ըստ 6-րդի՝ 45 մլն., տարբերությունը մոտ 4 մլն. է: 2015-ին աշխատակազմը 7 հոգուց է բաղկացած եղել, աշխատավարձի ֆոնդը, ըստ 1-ին սքանավորած փաստաթղթի, 14 մլն. 158 հազար 907 դրամ է, իսկ ըստ 6-րդի՝ 12 մլն. 492 հազ. դրամ, որը 2014-ի համեմատությամբ ավելացել է: «Ասեմ, որ հաշվետվության թվով 6 PDF փաստաթղթերում թվերի մեջ էլի կան տարբերություններ, չնայած հաշվետվությունն աուդիտի ենթարկած կազմակերպությունն այն համարել է անթերի: Այնուամենայնիվ, հիմնադրամի գումարը չի եղել անձեռնմխելի, ու ֆինանսական տարում ընդհանուր օգտագործված միջոցների ընդհանուր չափը եղել է 81 մլն. 473 հազար 116 ՀՀ դրամ, որից կանոնադրական նպատակների համար՝ 58 մլն. 575 հազար 732 ՀՀ դրամ»,- մանրակրկիտ ներկայացրել էր Անահիտ Բախշյանը։



Երեկ նրան հարցրինք՝ կապ տեսնո՞ւմ է հիմնադրամի նկատմամբ իր հետեւողականության ու Արթուր Աղաբեկյանի հեռանալու մասին հայտարարության միջեւ։ Տիկին Բախշյանն ասաց. «Տա Աստված, որ կապ լինի, եւ ինչ-որ մարդիկ, մասնավորապես Սերժ Սարգսյանը, հարցրած լինի նրան, թե Անահիտ Բախշյանն էդ ի՞նչ է ասում՝ ո՞ւր են էդ փողերը»։ Նա նկատում է, որ հաշվետվությունների տարբերություն տված գումարով հաստատ կարելի կլիներ արցախյան պատերազմում վիրավորված գոնե երկու զինվորի առողջական վիճակը բարելավելու նպատակով նրանց արտերկիր ուղարկել։ «Ասում եմ՝ պարոն Աղաբեկյան, ձեր հիմնադրամի կանոնադրական նպատակներից մեկն էլ բարեգործությունն է, մարդիկ են վիրավորվել, մարդասիրություն արեք, ինչո՞ւ չեք անում։ Այսօր պիտի պատասխան տար, պատասխան չկա։ Օգնականն է ասում՝ երբ որոշումը լինի, կտեղեկացնի»։ Բախշյանն ուզում է հասկանալ նաեւ, թե ինչ կրթական, բարեգործական, կազմակերպչական ծրագրեր են իրականացվել կոնկրետ այդ գումարով, ինչի՞ համար է աշխատավարձ ստացել 7 հոգանոց աշխատակազմը, որի գործունեության մասին ոչինչ չի հրապարակվում, ինչո՞ւ համապատասխան անձինք՝ նախագահը, կաթողիկոսն ու պաշտպանության նախարարը որոշում չեն կայացնում։



«Ինչ է, հիմա սպառնալից վիճակ չէ՞, որ 100 հրաշք զոհվեցին, դա ոչի՞նչ»,- վրդովվում է նա ու խոստանում, որ շարունակելու է բացահայտումները, հաջորդ հարձակումը կլինի ավելի ուժգին. «Ես չարախոս չեմ, ինչպես Աղաբեկյանն էր ինձ պատասխանել, հիմնադրամի մասնակիցներից ինձ անձամբ Չեխիայից են գրել, որ այս հարցերը բարձրացնեմ, Ռուսաստանից նախկին գնդապետ մեկն է գրել ինձ, որ ժամանակին պարտադրել են, որ բանակում իր աշխատավարձից վճարում կատարի»։



Արթուր Աղաբեկյանը կասկածվում է Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ալիք բարձրացնելու մեջ։ Հայտնի միջադեպի մասին ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունից հետո, թե Մանվել Գրիգորյանը Հադրութում հայհոյել է զինվորներին, Աղաբեկյանն իր «կանալներով» փորձել է թեժ պահել թեման, ակտիվ աշխատել Մանվելին Արցախում անցանկալի անձ ճանաչելու ուղղությամբ։ Ճիշտ է՝ Աղաբեկյանը հերքեց այդ լուրերը, ասելով, թե գեներալ Մանվելի հետ իր հարաբերությունները լավ են, սակայն այդ հարաբերություններն իրականում միայն արտաքուստ են լավ, դրա մասին պնդում են նաեւ Գրիգորյանի «մարդիկ»։ Աղաբեկյանն անչափ նեղվում է ԵԿՄ-ի՝ Ղարաբաղ ամենամյա ուխտագնացություններից, որոնց ժամանակ Մանվել Գրիգորյանն ու կամավորներն Աղաբեկյանի առաջարկով հանգրվանում են այն տարածքներում, որտեղ ջրաշխարհի իր բիզնեսն է ծավալում Աղաբեկյանը եւ «կլիենտ փախցնում»։



Վահան Բադասյանին էլ հարցրինք՝ կապ ունի՞ Աղաբեկյանի հեռացումն իր եւ Մանվել Գրիգորյանի վեճի հետ։ Բադասյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչ կապ կարող է ունենալ․ «Ինքը բացեիբաց հայտարարում էր, որ պետք է լինի վարչապետ, նախագահ: Կարող է տեսավ, որ չի կարող, դրա համար հեռանում է: Ինքը հայտարարում է, որ Մանվելի ընկերն է: Իսկ քանի որ Մանվելի գործունեությունը թե ներկա պահին, թե անցյալում փուչիկ էր, ինքն էլ իրեն դարձրեց փուչիկ»:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ