Եթե ուզում եք, որ թոշակի գնամ, ես անպայման կգնամ. Աղվան Հովսեփյան

Եթե ուզում եք, որ թոշակի գնամ, ես անպայման կգնամ. Աղվան Հովսեփյան

«Եթե դուք ուզում եք, որ ես թոշակի գնամ, ես անպայման կգնամ, մարդու կյանքը հոսում է».- եղավ Աղվան Հովսեփյանի պատասխանը, երբ hraparak.am-ը հետաքրքրվեց արդյոք չի՞ պատրաստվում թոշակի գնալ քննչական կոմիտեի ղեկավարը:



Քննչական կոմիտեի նախագահն այսօր Ապարանում էր, մասնակցում էր Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարությանը:



«Քննչական կոմիտեն շուրջ 50 քննիչներով հենց առաջին օրվանից այնտեղ աշխատել է, այսինքն՝ պատերազմի ողջ հետևանքները քննիչների կողմից արձանագրվել են: Առգրավվել են անհրաժեշտ նյութեր, ֆիքսվել են ադրբեջանական հրոսակախմբերի կողմից կատարված բոլոր հանցագործությունների հետքերը: Այս պետք է աներ քննչական կոմիտեն, և մեր քննիչները բարեխղճորեն այդ բոլոր նյութերը պատրաստել են».- անդրադառնալով Արցախում տեղի ունեցած 4-օրյա պատերազմին, նշեց Աղվան Հովսեփյանն ու հրաժարվեց պատասխանել պատերազմի մասին այլ հարցերի, պնդելով, որ այդ հարցերն իրեն չպետք է հասցեագրել:



Լրագրողների հետ զրույցում Աղվան Հովսեփյանն խոսեց նաև կոռուպցիայի դեմ հայտարարած նոր «արշավանքի» մասին, նրա խոսքերով վերջին տարիներին շատ արդյունավետ պայքար կա կոռուպցիայի դեմ. «Մասնավորապես կան համակարգեր, որտեղ եթե մի ժամանակ գոյություն ունեին համակարգված կոռուպցիայի դրսևորումներ, դրանք վերացել են, ես վստահաբար կարող եմ ասել: Իսկ կոռուպցիան մի շնչով, կամ մի քայլով չի վերջանում: Կոռուպցիայի դեմ պայքարը մշտական պրոցես է: Կոռուպցիայի դեմ պայքարում է ողջ մարդկությունը, ամբողջ աշխարհը»:



Արդյոք սպասվո՞ւմ է իր ղեկավարած կառույցում խնայողություններ իրականացնել հարցին Աղվան Հովսեփյանը նախ ընդգծեց, որ քննչական կոմիտեն նոր ստեղծված կառույց է. «Եվ դեռևս ստեղծման պահից մենք մանրադիտակով նայել ենք բոլոր հաստիքները, բոլոր ստորաբաժանումները և արել ենք ամեն ինչ, որպեսզի պետական բյուջեով նախատեսված ծախսերը կրճատենք: Այսինքն՝ դեռևս քննչական կոմիտեն ձևավորվելուց մենք այդ նպատակը դրել ենք: Մենք ձեռք ենք բերել առաջին անհրաժեշտության ավտոմեքենաներ: Դրանք չեն տրամադրվել երթևեկելու համար, դրանք օպերատիվ նպատակներով օգտագործվող մեքենաներ են: Մենք ունենք ստորաբաժանումներ, որոնք ավտոմեքենաներ չունեն, և կարծում եմ, որ ձեռքբերված ավտոմեքենաները չեն բավարարում նույնիսկ նվազագույն պահանջների համար»:



Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ խոսվում է Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության մասին, որոշ տեղեկությունների համաձայն՝ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հարցը կդրվի խորհրդարանական ընտրություններից հետո: