Հայաստանի առաջին հանրապետության և Ախալցխայի ինքնապաշտպանության օրը՝ Ախալցխայում

Հայաստանի առաջին հանրապետության և Ախալցխայի ինքնապաշտպանության օրը՝ Ախալցխայում

1918թ. մայիսի 28-ը համայն հայության համար դարձավ մեծ հաղթանակների եւ պետականության վերակերտման տարեթիվ: Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովուրդը ոչ միայն կարողացավ փրկել իր գոյությունը ֆիզիկական նոր բնաջնջումից, այլ վերաստեղծել դարերով երազած անկախ Հայաստանը: Սակայն այս մեծ հաղթանակների կողքին մշտապես անտեսվում է նույն ժամանակում եւ նույն թշնամու դեմ մղված հայ ժողովրդի մի այլ հատվածի՝ ախալցխահայության ինքնապաշտպանական մարտերը հանուն հայրենիքի ու հարազատ քաղաքի:



Այսօր՝ մայիսի 28-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում նվիրված ՀՀ Առաջին Հանրապետության, Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ դրանց անբաժան մասը կազմող Ախալցխայի ինքնապաշտպանական մարտերի 98 ամյակին: Միջոցառումը մեկնարկեց Ախալցխայի հոգեւոր հովիվ տեր Թորգոմը Տերունական աղոթքով:



Միջոցառման սկզբին կենտրոնի պատմության ուսուցիչ Արամ Սիմոնյանը երիտասարդներին մանրամասն ներկայացրեց 1918թ. հայ ժողովրդի հերոսամարտերը եւ ՀՀ Առաջին Հանրապետության ստեղծման պատմությունը: Կենտրոնի համակարգող Էդուարդ Այվազյանը ներկայացրեց 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանությունը:



Միջոցառման ընթացքում կենտրոնի սաները երգեցին հայրենասիրական երգեր եւ պարեցին հայկական տարբեր պարեր, ինչպես նաեւ կարդացին զեկույցներ նվիրված ՀՀ Առաջին Հանրապետության, Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ախալցխայի ինքնապաշտպանության վերաբերյալ:



Կենտրոնի տնօրինության խոսքերով՝ նրանք պլանավորել էին տվյալ միջոցառումը անցկացնել Ախալցխայի հայկական գերեզմանատանը տեղադրված 1918թ. քաղաքի ինքնապաշտպանության հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ, սակայն վատ եղանակի պատճառով միջոցառումը որոշվեց անցկացնել երիտասարդական կենտրոնի շենքում:



Աղբյուրը՝ a-info: