Պատմության «ավարտը»

Պատմության «ավարտը»

18-րդ դարի ռուսական ընտրությունը եվրոպական էր: Այսպես՝ շուրջ երկու հարյուրամյակ: Եւ իմպերիայի ծաղկումը, երբ «Եվրոպայում ոչ մի թնդանոթ չէր կրակում առանց Ռուսական ցարի համաձայնության», դրանով էր պայմանավորված: Իսկ երբ բոլշեւիկները մայրաքաղաքը տեղափոխեցին Մոսկվա, դրեցին այլ՝ եվրասիականության գերակայության նպատակ:



Նրանք Եվրոպան հայտարարեցին «թշնամի»: Եվրոպան հոգնած-զզված էր համաշխարհային պատերազմից: Եւս մի՝ արդեն քաղաքացիական պատերազմ մղելու եւ եղբայրական արյուն հեղելու խելագարությունը խորթ էր նրան: «Նա ժառանգեց արորի, բայց թողեց միջուկային զենքի երկիր»,- Չերչիլն է պանծացրել Ստալինին: Բայց ո՞վ գիտի՝ եթե բոլշեւիկյան հեղաշրջումը, քաղաքացիական գրեթե քառամյա պատերազմը, կուլակաթափությունը, զանգվածային աքսորները եւ տոտալ մահապատիժները չլինեին, 30 տարում երկիրն ավելի չէ՞ր հզորանա: 



Չէ՞ որ 1913-ին Ռուսաստանն աշխարհի 5 հզոր տերություններից մեկն էր, ստորջրյա նավատորմ, ռազմական օդուժ եւ զրահատեխնիկա ուներ: Կոմս Տոլստոյը 19-րդ դարավերջին Եվրոպայից ոչ միայն հեծանիվ, այլեւ հնձող-կալսող տեխնիկա էր պատվիրում: Բոլշեւիզմն է արորի երկիր դարձրել Ռուսաստանը: Մի երկիր, որի հիմնադիրը մտավորականին «պոռնիկ» եւ «քաք» էր կոչում, դատապարտված էր:



Դատապարտված էր ֆաշիզմը: Դատապարտված է ցանկացած ամբողջատիրական դոկտրին: Աշխարհը ստեղծվել է որպես բազմազանությունների ամբողջություն: Աստծո կամքով, թե՝ բնական ընտրության ճանապարհով՝ ոչ ոք վստահաբար մեկը կամ մյուսը թող չպնդի: Այդ այդպես է եւ՝ վերջ:



Պատերազմում գրեթե հաղթանական տոնող Չերչիլը տանուլ տվեց ընտրությունները եւ թողեց Միացյալ թագավորության վարչապետի պաշտոնը: Պատերազմից 10 տարի անց Դիմադրական շարժման ոգի Շառլ դը Գոլը վստահության հանրաքվե հայտարարեց եւ, անսալով Ֆրանսիայի ազատ քաղաքացիների կամքին, լքեց Ելիսեյան պալատը:



Բայց Անգլիան առայսօր պանծացնում է Չերչիլին, Ֆրանսիան՝ դը Գոլին: Ֆրանկլին Ռուզվելտի հիշատակի արարողությանը Միացյալ Նահանգների օրվա նախագահ Քլինթոնը նրա ամենամեծ վաստակ է համարել, որ «ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմում ունեցել է անհամեմատ նվազ մարդկային կորուստներ»:



Հնչեց դպրոցական վերջին զանգը: Երեւանի դպրոցներից մեկում ապրիլյան մարտերում զոհված՝ Արցախի հերոս Ռոման Աբաջյանի քույրն արցունքախեղդ էր: Կրտսեր սերժանտ Աբաջյանը վերջին նռնակով պայթեցրել է իրեն եւ խրամատ ներխուժած մի քանի թշնամու: Սխրանք է, հերոսացում:



Քաղաքակիրթ աշխարհում պատերազմն օրենքներ ունի: Առաջնայինը կյանքի փրկությունն է, եթե հնարավոր է: Ապրիլյան մարտերում ոչ այս, ոչ այն կողմից գերի չկա: Ամենաահավորը դա է, երբ մարդկային կյանքի փրկության հնարավորությունը տեսականորեն կա, գործնականում՝ ոչ:



Սպանվել է զինվորական ասպետականությունը, որ կար անգամ ամենավայրենի հնադարում: Սա պատմության «ավարտի» սկիզբն է, որը եթե չհաղթահարվի, հաջորդը զուտ կանիբալիզմը կարող է լինել: (Բայց ինչո՞վ կանիբալիզմ չէր շարքային Սլոյանի հետ կատարվածը):



…Երկու տարի հետո լրանում է Ռուսաստանից Հարավային Կովկասի անկախության 100-ամյակը: Բայց մենք կարո՞ղ ենք ապագային նայել ա՜յս հայացքով:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ