Նժդեհի գաղափարախոսությունը իմ հետ տանելու եմ. Հակոբ Հակոբյանը վերադառնում է քաղաքականություն

Նժդեհի գաղափարախոսությունը իմ հետ տանելու եմ. Հակոբ Հակոբյանը վերադառնում է քաղաքականություն

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը միայն ֆիլմարտադրության ուղղությամբ չէ, որ մտածում է: Նախկին պատգամավորը շատ հնարավոր է առաջիկա խորհրդարանական ընտրություններին նույնպես առաջադրի իր թեկնածությունը:



«Ես միայնակ ավելի շատ հարցազրույցներ և վերլուծություններ եմ իրականացնում, քան ԱԺ մի 30-40 պատգամավորներ, անուններ չտամ: Իհարկե, հնարավոր է դնեմ թեկնածությունս, տեսնենք: Տեսնենք ժողովուրդը ոնց է գնահատում, տեսնենք այսօրվա քաղաքական ուժերը ոնց են գնահատում».- hraparak.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը, ով առավել հայտնի է Ճոյտ մականունով: Հետաքրքրվեցինք՝ արդյոք նորից Հանրապետական կուսակցության շարքե՞րն է լրացնելու. «Ես Նժդեհի գաղափարախոսությունը կիսում եմ, տեսնենք, թե ում հետ կգնամ, ոնց կգնամ: Ուր էլ որ գնամ, Նժդեհի գաղափարախոսությունը իմ հետ տանելու եմ և փորձելու եմ ներարկել այդ կուսակցության մեջ: Ես 53 տարեկան եմ, չեմ պատրաստվում գնալ հանգստի, ցանկանում եմ այն գիտելիքները, այն ամբողջը, որ ունեցել եմ, ձեռք եմ բերել թե ԱԺ-ում, թե լրագրողների հետ շփվելիս, օգտագործել: Օրինակի համար 99 թվականին, ես Ձեզ պարզ ասեմ, լրագրողների հետ չէի կարողանում շփել: Շատ ժամանակ նեղանում էի, ինչ-որ բառեր էի ասում, որ չէր կարելի, բայց հետագա տարիներին փորձեցի՝ փոխվեցի».- նշում է Հակոբ Հակոբյանը:



Պոտենցիալ պատգամավորը, խոսելով Արցախյան 4-օրյա պատերազմի մասին, կարծիք հայտնեց, որ որևիցե մեկը չպետք է քիթը խոթի բանակի խնդիրների մեջ. «Անկախ այն բանից, թե ինքը նախկինում ինչով է զբաղվել, հիմա կա պետություն, կա բանակ, փառք ու պատիվ նրանց: Եվ այսօր մենք ունենք հստակ նախատեսված գումարներ, կարծում եմ, որ պետությունը կարող է իր բանակն էլ պահի, իր պետությունն էլ պահի: Երբ փորձում ենք ինչ-որ բանով օգնել բանակին… բանակին երբեք պետք չէ օգնել, եթե օգնություն են ցանկանում տան, թող տան բանակում ծառայող զինծառայողներին, թող հատուկ հաշիվ բացեն ծառայողների ընտանիքների համար: Իրենց այդ 2 տարվա ժամանակահատվածում էլեկտրաէնրգիայի գազի և մնացած-մնացածի ծախսերը թող 50 տոկոսով զեղչեն, դա բոլորիս համար հասկանալի կլինի, զինվորն էլ իրեն լավ կզգա»:



Ինչ մնում է 800 հա «անպետք» տարածքների հետ գրավելուն, ապա նախկին պատգամավորը նախընտրում է թողնել այդ գործը պետությանը. «Կարծում եմ, որ պետք է դա թողնենք մեր պետության ղեկավարներին, որոնք բանակցություններ են վարում, որոնք հստակ մեծ տերությունների հետ նստում են սեղանի շուրջ և ներկայացնում են մեր պետության շահերը: Մենք չգիտենք՝ այնտեղ ինչ է կատարվում, որ պետությունները մեր պետության նկատմամբ ինչպիսի ուլտիմատումներ են տալիս, ինչպիսի առաջարկություններ են անում, կամ ինչով նրանք մեզ կկարողանան օգնել: Ես կարծում եմ, որ մենք պետք է հանգիստ թողնենք և համոզված լինելով վստահենք մեր քաղաքական մեծամասնությանը և մեր նախագահին, որ ինքը լուծի Արցախի նախագահի հետ միասին այն խնդիրները, որ ծառացած են մեր պետության առաջ: Ես չեմ ասում, որ Ժիրայր Սեֆիլյանը վատ բան է ասում, կամ Կոմանդոսը վատ բան է ասում, սակայն իրենք մանրամասն չգիտեն, թե դա ուր կտանի նրանց, մենք կօգտվենք դրանից, թե՞ կվնասենք»:



Հ.Գ. Թեպետ նախկին պատագմավորը քաղաքականություն վերադառնալու ամբիցիաներ ունի, այնուամենայնիվ չի մոռանում նաև իր ստեղծագործությունների մասին՝ ֆիլմերի: Այս պահին Հակոբ Հակոբյանը 2 սցենարներ է մշակում, պատրաստվում է 2 ֆիլմ նկարահանել: Միայն կարողացանք տեղեկանալ, որ ֆիլմերից մեկը հայ և ադրբեջանցի ընտանիքների մասին է, բայց ոչ պատրեազմի, իսկ մնացածը նախընտրեց խորհրդավորության քողի տակ պահել: