Նոր ու գեղեցիկ մուլտֆիլմ-մյուզիքլ՝ «Անբան Հուռին»

Նոր ու գեղեցիկ մուլտֆիլմ-մյուզիքլ՝ «Անբան Հուռին»

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ Հ. Թումանյանի հեքիաթի մոտիվներով նկարահանված «Անբան Հուռին» մուլտիպլիկացիոն ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը 30 հոգուց բաղկացած ստեղծագործական խմբի 4 տարվա աշխատանքի արդյունքն է: Բեմադրող ռեժիսոր Արթուր Միքայելյանի խոսքերով, 20 րոպեանոց ֆիլմի վրա իրենց ստեղծագործական կազմն աշխատել է 4 տարի, ամեն օր փորձելով լուծել ֆիլմի համար այդքան անհրաժեշտ ֆինանսական խնդիրները։ Այն թեեւ նկարահանվել է մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, բայց ֆիլմի համար ամբողջական գումարը հնարավոր է եղել հավաքել հասարակական աջակցության շնորհիվ՝ indiegogo.com կայքի միջոցով։ Մուլտֆիլմի ջերմ ընդունելությունն այնքան էր ոգեւորել ռեժիսորին, որ նա իր խոսքում նշեց, որ հիմա պատրաստվում են հաջորդ մուլտֆիլմի վրա աշխատել, ու թեկուզ դրա համար էլ 4 տարի պահանջվի՝ չեն կանգնելու։



«Անբան Հուռին» մուլտֆիլմը նման չէ վերջին շրջանում ստեղծված հայկական մուլտերից եւ ոչ մեկին։ Այն ամբողջությամբ հայկական է՝ իր կոլորիտով, պատկերներով, ժամանակով, մաքուր, բայց պարզ հայերենով, հիանալի երաժշտությամբ։ Ֆիլմում բոլոր կերպարներն են վառ ու հիշվող, «Անբան Հուռիում» միայն Հուռին չէ գլխավոր կերպարը, նրա մայրը նույնպես առաջնային եւ կոլորիտային կերպարներից է։ Հեղինակները գրեթե ամբողջովին համատարիմ են մնացել Թումանյանի հեքիաթին, միայն թե վերջում Անբան Հուռիի մոտ աշխատանքի հանդեպ սեր են առաջացրել։



Քանի որ ֆիլմը մուլտ լինելուց բացի նաեւ մյուզիքլ է, ապա այն ծանրաբեռնված չէ նաեւ երկար տեքստերով, մուլտֆիլմում գերիշխում են երգերը, որոնց բառերը գրել են Արթուր Միքայելյանը, Արուսիկ Սիմոնյանն ու Հասմիկ Առաքելյանը։ Ի դեպ, ֆիլմի վերջում՝ կադրից դուրս, արդեն իրենց հերոսների հետ երգում են մուլտֆիլմի դերակատարները։



Ներգրավված են եւ երգում են պրոֆեսիոնալ երաժիշտներ, Անբան Հուռու դերակատարուհին է Էկա Հոստկան, մոր դերում հանդես է գալիս Աստրիդ Էքսուզյանը, կոմպոզիտորն է Գեղայր Խլղաթյանը, երաժշտությունը գործիքավորել է Գագիկ Ատոմյանը, սցենարի հեղինակն է Արթուր Միքայելյանը։ Հիմնական նկարիչներն են Գայանե Բաբայանը եւ Իգոր Պատրինը։ Փեսայի դերակատարն Արսեն Գեւորգյանն է։



«Անբան Հուռին» գունեղ է, դինամիկ, ուրախ, դրա վառ ապացույցը դահլիճում ներկա փոքրիկների եւ մեծերի խանդավառ ծափահարություններն էին, իսկ երեւանյան կինոթատրոններում մուլտֆիլմի ցուցադրությունը մեկնարկել է հունիսի 1-ից:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ