Ես սկզբում երկիր եմ կառուցում, հետո սիրում, պաշտպանում այն

Ես սկզբում երկիր եմ կառուցում, հետո սիրում, պաշտպանում այն

Երեկ Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Օկեան Էլզի» ուկրաինական ռոք խմբի երեւանյան համերգը, իսկ մինչ այդ խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկը հանդիպեց լրագրողներին ու պատմեց Հայաստանից ստացած իր տպավորություններից՝ նշելով, որ հասցրել է խմբով լինել Էջմիածնում, շրջել քաղաքում։ Առաջին անգամ դեռ 2010-ին են եկել Հայաստան, բայց սա առաջին համերգն է լինելու Երեւանում, հնարավոր է աշնանը կրկին գան Երեւան, քանի որ համերգներով մեկնելու են Թբիլիսի։ Լեզուն Վակարչուկի համար երկրորդական է երաժշտության դիմաց. «Ուկրաիներեն երգում եմ, որովհետեւ այդպես ինձ ավելի հեշտ է արտահայտել իմ էմոցիաները, իսկ ես մտածում եւ զգում եմ այդ լեզվով»։



Վակարչուկը խոսում է իր եւ Ջիվան Գասպարյանի համագործակցությունից, ապա խոստովանում, որ «Դլե յամանն» իր ամենասիրելի հայկական երգերից է, եւ դրա մասին իմացել է հայկական արմատներով իր ուկրաինացի ընկերներից։ «Նման ընկերներ ունեմ ոչ միայն Կիեւում, այլեւ Լվովում։ Ուկրաինացի ռեժիսոր, ծագումով հայ Ռոման Բալայանը նույնպես իմ ընկերն է։ Այնպես ստացվեց, որ նրանց հետ շփվելիս ես սկսեցի հետաքրքրվել հայկական մշակույթով ու հայոց պատմությամբ եւ իմացա «Դլե յաման»-ի մասին։ Ես գիտեմ, թե ինչի մասին է այն եւ որ Ցեղասպանությանն է նվիրված։ Ես հիացած եմ հայկական մշակույթով՝ նախքան Հայաստան գալը։ Լվովում հայկական եկեղեցի կա, ես հաճախ եմ այնտեղ գնում։ Այնտեղ ինձ համար լավագույն փողոցը Հայկական փողոցն է»։
Սվյատոսլավ Վակարչուկն ասում է, որ 21-րդ դարում շատ դժվար է մարդկանց միավորել միայն այն սկզբունքից ելնելով, որ մի վայրում եք ծնվել. «Կյանքն այսօր այնպիսին է, որ սահմանները բաց են, եւ մենք կարող են հանգիստ դուրս գալ երկրից։ Ձեզ՝ հայերին, շատ ծանոթ է այն իրավիճակը, երբ մարդիկ երեխաների համար ավելի լավ կյանք փնտրելու նպատակով հեռանում են, օրինակ, Լոս Անջելես»։



Վակարչուկի համար կարեւոր չէ, թե ինչ ազգություն ունես, եթե քո երկրի քաղաքացին ես, ուրեմն պարտավոր ես այն շենացնել, իսկ ոչ ոք քո փոխարեն չի անի դա։ «Ես ուզում եմ ապրել այստեղ եւ ցանկանում եմ, որ իմ երեխաներն էլ այստեղ ապրեն, այդ պատճառով ես կառուցում եմ իմ երկիրը։ Ուզում եմ հասնենք նրան, որ կոռուպցիան վերանա, խոսքի ազատություն լինի, ազատ բիզնես, լավ կրթություն եւ առողջապահություն։ Ես սկզբում երկիր եմ կառուցում, հետո սիրում, պաշտպանում այն, քանի որ ես եմ այն շենացրել։ Եթե Ուկրաինայում հասնենք կյանքի մակարդակի բարձրացմանը, ուրեմն դրանից բաժանված մասն ակամայից կցանկանա վերադառնալ»,-ասում է Վակարչուկը, որին հարցնում են Դոնբասում ստեղծված իրավիճակի մասին, ինչին ի պատասխան նա նկատում է, որ արագ եւ ռազմական ճանապարհով լուծումներ չեն կարող լինել այս հարցում, «մյուս կողմից՝ բոլորն են տեսնում, որ ուկրաինացիները լի են վճռականությամբ՝ պաշտպանելու իրենց հայրենիքը, իրենց անկախությունը, այդ թվում՝ զենքը ձեռքներին։ Բոլորն են ձգտում ապրել այնտեղ, որտեղ լավ է, բայց մեզ պետք է ցույց տալ, որ այն, ինչ տեղի ունեցավ, դա պատմության մի դաս է, որից դուրս կգանք ավելի ուժեղ»։



ՀԳ. «Մեցցո» ընկերությունը, որն իր 5-ամյակի շրջանակներում էր ռոք խմբին հրավիրել Երեւան, ավելի քան մանրախնդիր գտնվեց եւ սահմանափակեց լրագրողների մուտքը համերգին անգամ բեյջերով, մի բան, որ նման մասշտաբային միջոցառումների դեպքում ավելի քան հազվադեպ է պատահում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ