Գալուստի բոցը, կատաղած Թուրքիան, զինվորի մահը, Լիսկայի հոսպիտալացումը, Տաշիրի հրդեհը. Հունիսի 2-ը՝ ֆեյսբուքում

Գալուստի բոցը, կատաղած Թուրքիան, զինվորի մահը, Լիսկայի հոսպիտալացումը, Տաշիրի հրդեհը. Հունիսի 2-ը՝ ֆեյսբուքում

Այսօրվա համեմատաբար հանգիստ համացանցային առավոտը կեսօրից հետո հեղեղվեց տարատեսակ հրապարակումներով, լուրերով ու գրառումներով: Իսկ առավոտյան ֆեյսբուքը պայթեցրած ու ողջ օրվա ընթացքում թոփ թեմա մնացած բոլոր գրառումները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերն էին, որ վերցված էին նրա երեկվա հարցազրույցներից: «Երեխաները պարտավոր են մեծանալ»,-բացահայտել էր նա ու ավելացրել, որ «Պետությունը նրա համար է, որպեսզի միջոցներ ստեղծի, որպեսզի ավելի բարեհամբույր, բարեհոգի երեխաները կարողանան մեծանալ»:Օգտատերերից մեկը գրել էր, թե ԱԺ-ում պետք է ընդունել նոր օրինագիծ, որի համաձայն, առհասարակ արգելվելու է Մաեստրոյին շռայլել իր մտքերը:



Իսկ սահմանային իրավիճակի մասին հերթական հրապարակումներին հաջորդեց 19-ամյա զինվորի մահվան մասին լուրը: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը:



Այս լուրից հետո համացանցում հայտնվեց մեկ այլ պաշտոնական հաղորդագրություն: Այս անգամ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակածը, համաձայն որի, հրդեհ էր բռնկվել «Տաշիր» առևտրի կենտրոնում : Տարհանել էին աշխատակիցներին, այրվում էր երրորդ հարկից մի հատված, որի համար առևտրի կենտրոն էր ուղարկվել միանգամից 4 մարտական հաշվարկ:



Օրվա թեման այսօր Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր: Հարյուրավոր գրառումներում, տասնյակ հրապարակումներում, բոլոր լրատվական կայքերում ու ֆեյսբուքյան խմբերում տեղ գտած այս նորությունը բուռն արձագանք ստացավ Թուրքիայի կողմից: Թուրքիայի կառավարությունը շտապեց դատապարտել այս քայլն ու հետ կանչել Գերմանիայում իր դեսպանին: Օրվա երկրորդ կեսին արդեն Գերմանիայում Թուրքիայի դեսպանը լքել էր երկիրը:



Բավական շատ գրառված ու քննարկված թեմաներից մեկն էլ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առողջության մասին լուրերն էին: Պարզվում է՝ մարզպետն այսօր դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Որոշ լուրերի համաձայն՝ նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ բժիշկների հավաստմամբ, նա իր ոտքով է մտել հիվանդանոց, այսօր կմնա այնտեղ, դիմել է մրսածության համար:



Օրվա առավել քննարկված ու դիտված թեմաներից էին նաև Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին նորությունները, որոնց համաձայն, դերասանին տեղափոխել են հիվանդանոց, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նաև երգիչ Անդրեի ֆեյսբուքյան գրառումն ու լուսանկարը բուռն արձագանք ստացավ համացանցում: Անդրեն հրապարակել էր մի աղջկա լուսանկար՝«Վերջապես գտա նրան» վերնագրով: Երգչի սիրեցյալն էր աղջիկը, թե նոր տեսահոլովակի հերոսուհի, պարզ չէ, սակայն երկրպագուները շտապել էին շնորհավորել:



Շուշաննա Գրիգորյան