896 համայնքներից միայն 200 համայնքապետ է հարցումներին պատասխանել. Լեւոն Բարսեղյան

896 համայնքներից միայն 200 համայնքապետ է հարցումներին պատասխանել. Լեւոն Բարսեղյան

Այսօր Կոտայքի մարզպետարանում ներկայացվեց ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման պարտավորությունների դիտարկման միջանկյալ զեկույց: Այն ներկայացրեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանը: Հանդիպմանը ներկա էին մի շարք պաշտոնյաներ, լրագրողներ և շահագրգիռ քաղաքացիներ:



Դիտարկման ածանցյալ խնդիրն հետեւյալն է՝ համայնքապետերից ստանալ օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ՝ համայնքների բյուջեների, հաստիքացուցակների, համայնքի ղեկավարի ընդունած որոշումների, համայնքապատկան հիմնարկների մասին տեղեկությունները, համայնքի բնակիչներին մատուցվող ծառայություններ ցանկը, վճարների չափերը, սակագները եւ այլն, իր խոսքում նշեց Լեւոն Բարսեղյանը, ապա հավելեց. «Այդ երկու օրենքներով մի շարք պարտավորվածություններ են դրված համայնքապետերի վրա՝ մարդկանց տեղեկություններ հաղորդելու, հաշվետու լինելու եւ մարդկանց ՏԻՄ–ին ներգրավվելու համար: 2015թ. դեկտեմբերից մինչեւ մարտ ամիսը Հայաստանի բոլոր համայնքապետերին հարցումներ ենք ուղարկել, հսկում ենք եւ հիշեցնում ենք, որ մեր հարցումներին դեռ չեն պատասխանել: Ամենատխուր պատկերը ունենք Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում, ամենալավ ու ակտիվ արձագանքել են Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը: Մյուսները միջանկյալ դիրքերում են: Մինչեւ հիմա 896 համայնքներից միայն 200 համայնքապետ է հարցումներին պատասխանել: Համայնքապետեր կան, որոնք լավ ծանոթ են ՏԻՄ-ի օրենքին եւ իրենց վրա դրված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7 եւ 9-րդ հոդվածների պարտականություններին: Համայնքապետեր կան, որոնք սկսնակ են, ծուլ են կամ հավես չունեն, կամ համարում են, որ մեկ այլ կազմակերպությանը ինչո՞ւ պետք է տրամադրեն իրենց բյուջեն, կամ ավագանու որոշումները: Մեր եզրափակիչ զեկույցը կլինի սեպտեմբերին, կունենանք Հայաստանի բոլոր համայնքների տեղեկատվության ազատության հաշվետվողականության, թափանցիկության հանրային մասնակցության մոնիթորինգի ամբողջական պատկերը»:



Նելլի Կարապետյան