Ծեծել են, ստիպել են, որ ստորագրի, որ հավաքի համար փող եմ տվել. Սամվել Բաբայան

Ծեծել են, ստիպել են, որ ստորագրի, որ հավաքի համար փող եմ տվել. Սամվել Բաբայան

Կեսօրին արդեն պայթեց լուրը, որ ծեծի են ենթարկել Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, (ասում են բավականին ընդդիմադիր հայացքների տեր) «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին: Եվ կամաց-կամաց կենդանություն առան խոսակցությունները, թե «Ազատ Արցախ»-ն այդքան էլ ազատ Արցախ չէ:



Արցախի ոստիկանությունը նախ հերքում էր լուրերը, իսկ հետո երբ բոլոր ԶԼՄ-ները ուշադրությունը սևեռեցին դեպի Արցախ, ստիպված եղան խոսոտովանել, որ այո, երիտասարդ պատգամավորին ծեծի են ենթարկել, այն էլ` դաժանաբար: Ի դեպ, պատգամավորին բռնության ենթարկելու դեպքին ականատես է եղել «Սիվիլնեթ» լրատվական կայքի լրագրող Դերենիկ Մալխասյանը, ով էլ ահազանգել էր դեպքի մասին: ԶԼՄ-ի հայտարարությունից պարզ է դառնում, որ լրագրողը տեսել է, թե ինչպես են զինվորական համազգեստով անձանց կողմից ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկում, իսկ երբ լրագրողը փորձել է տեսանկարահանել միջադեպը, զինվորական համազգեստով անձինք Մալխասյանից խլել են նրա հեռախոսը: Մանրամասները՝ civilnet.am-ում:



Հանուն Սամվել Բաբայանի



Հիշեցման կարգով նշենք, որ պատգամավոր Հայկ Խանումյանը վերջերս ակտիվ գործունեություն էր իրականացնում ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին Ղարաբաղ հրավիրելու համար: Երեկ էլ ակցիա-հանրահավաք է եղել Ստեփանակերտում, որտեղ Սամվել Բաբայանի կողմնակիցները նախագահ Բակո Սահակյանից պահանջել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակել Սամվել Բաբայանին, նրանց համոզմամբ, հանրապետության իշխանությունները և զինվորական հրամանատարությունն ի զորու չեն կատարել իրենց գործառույթները:



Նորմալ է Ղարաբաղի համար



Դե քանի որ Սամվել Բաբայանի անունն արդեն «ջրի երես էր դուրս եկել», հիվանդանոց տեղափոխելուց հետո հենց Սամվել Բաբայանն էլ այցելեց ծեծված պատգամավորին: Երբ մեր գործընկերները Սամվել Բաբայանից հետաքրքրվեցին Հայկ Խանումյանից, ԼՂՀ Պնախկին նախարարը նշեց. «Ծեծել են, ստիպել են, որ ստորագրի, որ հավաքի համար փող եմ տվել».- նշել է նախկին հրամանատարն ու հավելել, որ նորմալ է Ղարաբաղի համար: «Սխալը հենց նա է, որ ասում եք՝ իմ շահերն է պաշտպանում Հայկ Խանումյանը, խնդիրը նա է, որ ես որևէ շահ չունեմ: Ես երեկ պարզ հայտարարեցի, ես որևիցե քաղաքական պաշտոն չեմ ուզում, ի՞նչ շահերի մասին է խոսքը»:



Այտոսկրը, գանգոսկրը, քիթը, կողերը



Իսկ արդեն որոշ ժամանակ անց ծեծի ենթարկված պատգամավորն իր մոտ է ընդունել լրագրողներին: «Այս պահին պետք չի այդ մասին…».- նշել է Հայկ Խանումյանը, պատասխանելոբվ հարցին, թե ի՞նչ պատճառներով են իրեն ծեծի ենթարկել: Ի դեպ, պատգամավորը շատ վնասվածքներ ուներ, ջարդվել էին քիթը, վնասել այտոսկրը, գանգոսկրը, և 2 կողերը: Վերջինս պատմեց, որ ծեծը թեև սկսվել է Ազգային ժողովի մոտ, բայց իրենն տարել են Խտածակ գյուղի մոտակայքը: Խանումյանի խոսքերով՝ իրեն ծեծել են շուրջ 20 հոգով: Ի դեպ, ծեծից հետո պատգամավորին տաքսիով տեղափոխել են «Ազգային վերածնունդ» կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանի տուն։



«Բերել են մեր տան մոտ։ Տաքսիով ուղարկել են»,-ասել էր Էլմիրա Գրիգորյանը:



Արցախից չի գնալու, չերազեք



Քիչ առաջ Հայկ Խանումյանը «անսալով» հանրության հետաքրքրասիրությանը, իր Ֆեյսբուքյան պատին գրառում է թողել. «Ես բավականաչափ շփվել եմ թե գողականների, թե քարշ եկել դատարաններում` գլխիս սարքած գործերի գծով: Եղել եմ նաև խուլիգանների հարձակման թիրախ բազմաթիվ անգամ: Բայց առաջին անգամ եմ առնչվում բեսպրեդելի հետ: Փոքրուց ինձ սովորեցրել են, որ բեսպրեդելի ձեռքն ընկնելուց պետք է ձերբազատվել: Այսօր տեղի ունեցած դեպքը դրա վկայությունն է: Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ: Ես Արցախից որևէ տեղ չեմ գնալու, իմ գլխավոր նպատակը այն է, որ Արցախը դառնա գործոն, պաշտպանված լինի և ոչ ոք Արցախի ճակատագիրը բազարի առարկա չդարձնի: Ինձ ծեծողներից 7-ին ճանաչում եմ, նրանց տվյալները ընկերներս ճշտում են, տվյալները կփոխանցվեն մեկ այլ ընկերների»:



Նշենք նաև, որ ծեծված պատգամավորն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: 



Դատապարտում ենք բոլորս



Դե քանի որ Հիմնադիր խորհրդարանը Ղարաբաղում ծեծի ենթարկվելու դառը փորձ ունի, միջադեպին առաջինն արձագանքեցին նրանք, պաշտոնական հաղորդագրություն տարածեցին, որում ասվում է. ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այսօր առավոտյան Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի վրա կատարված հարձակումը: Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Խանումյանին ու ներկայիս բախտորոշ իրավիճակում հանուն Հայրենիքի անվտանգության ապահովման կրկին ոտքի կանգնող բոլոր ազատատենչ արցախցիներին»:



Այնուհետև Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Շարժում-88» խմբակցությունները. «Կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, և այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին, դատապարտում ենք տեղի ունեցածը և համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:



«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունն էլ չուշացավ. « Այն մարդիկ, ովքեր որոշում են կայացրել և իրականացրել այս արարքը, լրջորեն հարվածել են Լեռնային Ղարաբաղի պետականությանը և հեղինակությանը։ Հայաստանի ու Ղարաբաղի շահերից է բխում, որ ԼՂՀ իշխանություններն այս քրեական հանցագործությունը բացահայտեն։ Կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:



Եվ իհարկե Արցախի նորաթուխ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը.«Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստի առթիվ որևէ դիմում չի ստացել: Այդուհանդերձ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է, և ակնկալում է, որ իրավապահ մարմինները փաստի առթիվ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն»:



Լուսանկարը՝ Azatutyun.am-ից