Հունիսի 6-ը՝ ֆեյսբուքում

Հունիսի 6-ը՝ ֆեյսբուքում

Սամվել Կարապետյանի որդու հարսանիքի հյուրերը, արժեքը, լուսանկարներն ու մանրամասները, Արմենչիկի ու Վերա Բրեժնևայի լուսանկարը, Իվետայի գիշերազգեստն ու Ինգրիդ Կյոկչյանի նորությունները, այսպիսին էր ընթացիկ օրը համացանցում:



Ամբողջ օրվա ամենալարված քննարկումները, ամենահրապարակված ու ամենադիտված նորությունները, լուսանկարներն ու տեսանյութերի պատառիկները, մեկնաբանություններն ու հարցադրումները երեկվա գլխավոր իրադարձության՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ 23-ամյա Սարգիս Կարապետյանի ու 25-ամյա վրացուհի բիզնես-լեդի Սալոմե Կինցուրաշվիլիի հարսանեկան արարողության մասին էին:



Բուռն քննարկումներ արվեցին հարսանիքի հյուրերի, զարդարանքի, հարսի զգեստի ու ծախսված գումարների շուրջ: Համաձայն ռուսական ԶԼՄ-ների հրապարակումների, միայն Սամվել Կարապետյանը հարսանյաց հանդեսի համար 2 միլիոն դոլար է ծախսել: Բազմաթիվ էին մեկնաբանություններն այն մասին, թե զվարճանքի փոխարեն, որին մասնակից էր նաև ՀՀ նախագահը՝ տիկնոջ հետ, քանի անտուն մարդկանց կօգնեին ու ինչքան զինամթերք կգնեին: Ոմանք էլ հակադարձում էին այս քննադատական մեկնաբանություններին, նշելով, որ Սամվել Կարապետյանը օգնել է և՛ անտունների, և՛ սահմանային դրամահավաքներին մասնակցել: Քննարկումների տեղիք տվեց նաև ադրբեջանական կայքերի հրապարակումներն այն մասին, որ մոսկովյան ամենահայտնի ու թանկարժեք հանդիսությունների սրահը՝ «Սաֆիսա»-ն, որտեղ անց է կացվել արարողությունը, ադրբեջանցի սեփականատերեր ունի:



Հարսանյաց արարողությունից մի կադր՝ երգիչ Արմենչիկի ու ռուսական աստղ Վերա Բրեժնևայի գրկախառնված լուսանկարը ևս համացանցում լայնորեն տարածվեց ու քննարկվեց:



Ֆեյսբուքյան խմբերում ու աստղային էջերում, ժամանցային կայքերում այսօր տեղադրվեց նաև երգչուհի Իվետա Մուկուչյանի նոր ֆեյսբուքյան լուսանկարը՝ գիշերազգեստով:



Սկանդալային հաղորդավարուհի Ինգրիդ /Աննա/ Կյոկչյանը ֆեյսբուքյան տիրույթում այսօր բազմաթիվ շնորհավորանքներ ստացավ: Իսկ պատճառը կայքերից մեկի հրապարակումն էր այն մասին, որ Ինգրիդը բալիկի է սպասում: Նրա առաջին որդու հայրը հաղորդավար Արման Մարգարյանն է, որից բաժանվելուց տևական ժամանակ անց նա սկսեց ապրել մի տղամարդու հետ, որին ֆեյսբուքում հենց այդպես էլ անվանում է՝«տղամարդը» : Իր և «տղամարդու» բալիկին է սպասում հաղորդավարուհին:



Օրվա ֆեյսբուքյան ու լրատվական հրապարակումներից էր նաև Արցախի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու մասին նորությունը, ինչպես նաև հաջորդող օրերի եղանակային կանխատեսումները:



Շուշաննա Գրիգորյան