Նվերներ՝ Հռոմի պապին

Նվերներ՝ Հռոմի պապին

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, որը կրում է «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսը, կմեկնարկի հունիսի 24-ին եւ կավարտվի հունիսի 26-ին։ Ինչպես արդեն հայտնի է, Սրբազան քահանայապետն այցելելու է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան, ունենալու է մի շարք պաշտոնական հանդիպումներ Սերժ Սարգսյանի, ՀՀ իշխանությունների, հոգեւոր դասի, ինչպես նաեւ հասարակական եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։



Հունիսի 25-ին Հռոմի պապն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ եւ Անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան՝ արդեն Երեւանում, Հանրապետության հրապարակում, Հռոմի պապի եւ Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության աղոթք: Իսկ հաջորդ օրն առավոտյան՝ Սբ. պատարագի արարողություն Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի բաց խորանում` հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի։



Հռոմի պապի այցելությունը մեծապես ոգեւորել է ոչ միայն հայաստանյան քաղաքական եւ հոգեւոր դասին, այլ նաեւ մտավորականներին։ Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Պապի այցի առիթով հատուկ նվեր է պատրաստել նրա համար: Դա մի մեծածավալ արձան է, որը մեր ժողովրդի անունից նվիրելու է Ֆրանցիսկոս պապին։ Քանդակի վրա Առաքելյանն աշխատել է շուրջ 2 ամիս՝ գիշեր-ցերեկ։ Դա արձանախումբ է, որտեղ կա 170 ֆիգուր։ Կենտրոնում կենաց ծառն է՝ որպես կյանքի շարունակության խորհրդանիշ։ Քանդակի աջ կողմում Ամենայն հայոց կաթողիկոսն է, ձախ կողմում՝ Հռոմի պապը, որի կողքին կանգնած է ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ Առաջինը՝ իր համախոհներով, նրանց կողքին են մուսուլման աշխարհի հոգեւորականները։ Վեհափառի կողմից կանգնած են հրեա հոգեւոր առաջնորդները, հետո՝ նաեւ բուդդայականները։



Քանդակը կոչվում է «Լռության րոպե»։ «Այդ բոլորը եկել են ծառի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելու ոչ միայն Հայոց, այլեւ աշխարհի ցեղասպանությունների զոհերի հիշատակը։ Հռոմի պապն էլ է գլուխը կախ կանգնել։ Բոլորը քարացած կանգնած են մեր հայ ժողովրդի հետ, իսկ հայ ժողովրդին քանդակել եմ լեռների միջից ելնող։ Ամբողջ իմաստն այն է, որ աշխարհի ամբողջ քաղաքակիրթ ժողովուրդը կանգնած է եւ մեկ րոպե լռությամբ հարգում է Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Անկախ կրոնական հայացքներից՝ բոլորը պայքարում են եւ պետք է պայքարեն ցեղասպանության դեմ»,-պատմում է Ֆերդինանտ Առաքելյանն ու նշում, որ Հռոմի պապի պատվիրակներն արդեն եկել եւ տեսել են իր աշխատանքը։ Ավելին՝ Հռոմի պապը ցանկություն է հայտնել իր հետ հանդիպելու։



Արդեն որոշված է, թե երբ եւ որտեղ պետք է ներկայացվի աշխատանքը Հռոմի պապին․ դա կլինի պաշտոնական արարողություններից մեկի ժամանակ։ «Հռոմի պապից բացի, բոլորը նայել են եւ հիացել»,-ասում է Առաքելյանն ու ընդգծում, որ որոշվել է, մինչեւ Վատիկան տանելը, այն ցուցադրել նաեւ Երեւանում, որպեսզի ժողովուրդն էլ տեսնի։ Իսկ վերջնական արդյունքում արձանը բրոնզից է ձուլվելու. «Հենց կաթոլիկների խնդրանքով այդ գործն իրենք հետո կտանեն Վատիկան»։ Թե ինչպես հղացավ Հռոմի պապին քանդակ նվիրելու գաղափարը, Ֆերդինանտ Առաքելյանն ասում է, որ Հռոմի պապը դարի մարդն է՝ այն միակ մարդը, որ ապտակեց քաղաքակրթության թշնամուն՝ տգիտությանը. «Աշխարհի բոլոր պետություններն իրենց շահին են գնում, իսկ Հռոմի պապը եզակի անհատ է, եւ նա ինձ ստիպեց, որ այդ քանդակն անեմ։ Ինքը կանգնեց քաղաքակրթության պատվանդանին՝ վերջ տալով տգիտությանը»։



Հռոմի պապի այցի նախօրեին «Գիտական կամուրջներ» կազմակերպությունը հրատարակել է «Հռոմի հայ ուխտավորը» խորագրով անգլերեն աշխատությունը։ Գրքի հեղինակն է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դեւրիկյանը։ Գիրքը նախ անգլերեն է հրատարակվել. Հռոմի պապի հետ բազմաթիվ լրագրողներ են գալիս, որոնց էլ այն անվճար կտրամադրվի։



Գիրքը Դեւրիկյանը գրել է հատուկ Հռոմի պապի այցելության առթիվ, մոտ մեկուկես ամսվա ընթացքում, ասում է՝ երբեմն սահմանից գալիս էր, մի քանի գլուխ գրում, տալիս թարգմանության, հետո նորից վերադառնում Արցախ. «Մտածեցի, որ այնպիսի մի գիրք գրվի, որը միացնող բան լինի, ասենք՝ հայ-հռոմեական, հայ-բյուզանդական վեճերի մասին չարժեր գրել, իսկ սա այն միացնող բանն է, որ ցույց է տալիս հայկական մշակույթը։ Գրքում ցույց եմ տվել, որ հայ ժողովուրդը, չնայած ժամանակի պատմաքաղաքական ծանր իրավիճակին, միշտ մաս է կազմել ընդհանուր եվրոպական, քրիստոնեական մշակույթին ու քաղաքակրթությանը»։ Գիրքն ընդգրկում է հայ-հռոմեական հարաբերությունների պատմությունը մինչեւ 17-րդ դար։ Այն օտար ընթերցողներին եւ լրատվամիջոցներին կներկայացնի հայության՝ Հռոմի սրբավայրերի եւ Հռոմեական եկեղեցու հետ ունեցած առնչությունները: Գիրքը գրվել է հիմնականում հայկական աղբյուրների հիման վրա՝ հիշատակարաններ, հին պատմական աղբյուրներ, ձեռագրեր, հայ պատմագիրներ։



Խոսելով Հռոմի պապի այցի նշանակության մասին՝ Դեւրիկյանը նկատեց, որ այն ունի նախ բարոյական ու հոգեւոր կարեւորություն. «Ինչպես ինքն է ասում՝ հուսանք, որ դա խաղաղությանն ավելի նպաստող բան կլինի թե արտաքին առումով եւ թե մեր երկրի ներսում հանդարտության, խաղաղության, քրիստոնեական արժեքներով առաջնորդվելու համար։ Սա լրացուցիչ լիցք կհաղորդի։ Նաեւ միջազգային առումով անասելի մեծ կարեւորություն ունի, ինչպես նաեւ ճանաչողական նշանակություն, որովհետեւ այս օրերին Հայաստանի անունն այնքան կշրջանառվի, որ այլ առիթներով հսկայական ջանքեր էին հարկավոր»։



Պատրաստվո՞ւմ է գիրքն անձամբ Հռոմի պապին փոխանցել։ Դեւրիկյանը կարծում է, որ դա Մայր Աթոռը կանի, իսկ ինքն իր նախորդ՝ «Էջմիածինը՝ հայ արվեստում» գիրքն է անձամբ փոխանցել Հռոմի պապին՝ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում։



Մի նվեր էլ կոմպոզիտոր, ջազային դաշնակահար եւ երգեհոնահար Գարի Քյոսայանն է պատրաստել․ «Ավե Մարիա» ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի Ֆրանցիսկոս պապի այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում: 2013-ին գրված եւ երբեւէ չկատարված գործը հունիսի 25-ին Հանրապետության հրապարակում նախատեսված երեկոյի ընթացքում կներկայացնի ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երգեհոնով կնվագակցի ինքը՝ Քյոսայանը:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ