Հայ արտահանողներն անմիջական չեն աշխատում ՌԴ մանրածախ ցանցերի հետ

Հայ արտահանողներն անմիջական չեն աշխատում ՌԴ մանրածախ ցանցերի հետ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ «Էլիտ պլազայում» հանդիպում էր կազմակերպել ռուսական խոշոր առեւտրային ցանցերի ղեկավարների եւ հայ արտահանողների միջեւ։ Մրգեր եւ բանջարեղեն, ձուկ, շինարարական քար, պանիր, գինի, կոնյակ, սուրճ, սիգարետ, ծաղիկներ, դեղամիջոցներ. այս ցանկն ամենապահանջվածն է Ռուսաստանում։ Հանդիպում կազմակերպելուց առաջ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է անցկացրել գործարարների շրջանում՝ պարզելու համար, թե արտահանման ինչ խոչընդոտներ կան, ապա եկել է եզրակացության․ «ԵՏՄ անդամությունից ակնկալվող հնարավորությունները մենք լիարժեք չենք օգտագործում»։



Գործարարները դժգոհ են դիստրիբյուտորներից



Ըստ հետազոտման տվյալների, բարձր են մանրածախ առեւտրի ցանցերի կողմից պահանջվող մուտքավճարները, մատակարարվող ապրանքների դիմաց վճարումները ուշ են կատարվում, ՌԴ մանրածախ առեւտրի ցանցերը հաղորդակցման բարդություններ են ստեղծում։ Հայկական ընկերությունների կեսից ավելին ապրանքներն իրացնում են ռուսական դիստրիբյուտոր-ընկերությունների միջոցով, որոնք վերավաճառում են այդ ապրանքները մանրածախ ցանցերին եւ չեն կարողանում անմիջականորեն աշխատել Ռուսաստանի մանրածախ առեւտրային ցանցերի հետ։ Ընդամենը 19 տոկոսն են անմիջական շփվում ռուսական մանրածախ ցանցերի հետ։ Դիստրիբյուտորներն իրենց պահանջներն ունեն, որոնք կատարելն այնքան էլ հեշտ չէ եւ լրացուցիչ ծախսեր է պահանջում, միջոցներ ու ժամանակ։ Ռուսներն էլ իրենց պահանջներն ունեն։ Գործարարները բոլոր այս հարցերի մասին խոսեցին հանդիպման ընթացքում եւ սուրճի ընդմիջմանը։



Ռուս գործարարն առաջարկեց մի տուփ շաքար նվիրել լրագրողին



X5 Retail Group ընկերության նախագահ Ստանիսլավ Նաումովն անկեղծացավ․ «Երբեք չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է աշխատենք հայկական կոնյակ արտահանող 8 ընկերությունների հետ, այն դեպքում, երբ նրանք նույն կոնյակն են արտադրում, եւ անգամ շշի պիտակն է նույնը»։ Նա գտնում է, որ ավելի հեշտ է խոշոր ընկերությունների հետ համագործակցել։ «Հայկական ժամանակի» լրագրող Հայկ Գեւորգյանը, փորձելով անկեղծության դրդել X5 Retail Group ընկերության նախագահին, մի քանի անգամ հարցրեց, թե ինչու է իր կարծիքով շաքարավազը Հայաստանում երկու-երեք անգամ ավելի թանկ, քան Ռուսաստանում։ Ստանիսլավ Նաումովն անտակտ պատասխանեց. «Մյուս գալուց հետս մի տուփ շաքարավազ կբերեմ Ձեզ համար»։ Հայկ Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ ինքն ունի հնարավորություն շաքար գնելու։



«Пятерочка»-ն ծիրան էր հյուրասիրում ռուս կանանց



Հանդիպմանը եկել էին արտադրողներ, որոնք ուզում էին գործընկերներ գտնել Ռուսաստանում։ Ռուսաստանցի հյուրերին ներկայացրեցին «Ա.Ս.Մ-555» ՍՊԸ-ն, որը մրգերի արտադրությամբ եւ արտահանմամբ է զբաղվում։ Դրա ղեկավարը՝ Պավլիկ Մաղաքյանը, ռուս հյուրերին հրավիրում էր իր ջերմոցներ, ասելով՝ էկոլոգիապես մաքուր արտադրանք ունենք, եկեք տեսեք։ «Ультра свежие товары» վարչության տնօրեն Օլգա Գորոդենցեւան կանխատեսելի բիզնեսի կողմնակից է։ «Այստեղ նոր մատակարարի էին ներկայացնում։ Նոր մարդու հետ աշխատելը ռիսկային է»,- կարծիք հայտնեց նա։ «Ես հաճույքով կաշխատեմ անմիջական մատակարարի հետ, եթե իմանամ, որ նա ամեն օր ինձ թարմ աղցան կբերի կամ ձուկ։ Միջնորդ օղակի միջոցով առաջին թարմության ձուկ կամ աղցան ստանալիս դրանց պիտանելիության ժամկետը մեկ օրով նվազում է,- ասում է նա։ - Բայց այսօր դեռ չենք կարող հրաժարվել դիստրիբյուտորներից, որովհետեւ ձեր մատակարարները չեն կարող շաբաթը գոնե երկու անգամ խանութ բերել ապրանքը»։ Հայկական գները ռուս գործարարին չեն «կծում», բայց արկղերը, որով ծիրանը բերում են, դուր չեն գալիս։ «Միրգը պետք է գա հարմարավետ եւ ստանդարտ փաթեթավորմամբ։ Երբեմն ծիրան են բերում ծանր փայտյա արկղերով, եւ դա դժվարացնում է աշխատանքը։ Խանութներն ունեն իրենց պահեստավորման տեղերը, եւ եթե տարան ստանդարտ չէ, ծանր է կամ դժվար է տեղավորվում, մենք ստիպված դատարկում ենք միրգը, եւ այն փչանում է, տրորվում է։ Մենք կորուստներ ենք ունենում»։ Մաղաքյան Պավլիկն իր հետ երեք արկղ միրգ էր բերել՝ ծիրան ու կեռաս։ Երկու արկղերը փայտյա էին, մեկը՝ թղթե՝ վրան Մասիսներ պատկերված, եւ ցուցադրում էր դրանք հյուրերին, ձեռքի հետ ռուս կանանց միրգ հյուրասիրելով։ Նրանք հաճույքով համտեսում էին՝ որոշելով, որ նոր՝ եվրաստանդարտին համապատասխան թղթե արկղերն ավելի հարմար են։



Ուզբեկները հաղթում են հայերին ռուսական շուկայում



«Մենք ունենք ապրանքը ժամանակին տեղ հասցնելու առումով խոչընդոտներ եւ Ռուսաստանի, եւ Վրաստանի տարածքով։ Առանց կառավարության միջամտության դրանք լուծել հնարավոր չէ,- ասում է Մաղաքյանը։- Ուզբեկները հեշտությամբ մտնում են ռուսական շուկա ու մեր ծիրանն ուզբեկականի տակ են վաճառում։ Հայաստանն արտադրում է 120 հազար տոննա ծիրան, եւ եթե մեզ հաջողվի դրա 80 տոկոսն իրացնել, դա լուրջ քայլ կլինի մեր երկրի համար»։ Անցյալ տարի նա արտահանել է մոտ 5 հազար տոննա։ Այս տարի չի արտահանել, որովհետեւ ապրանքը շատ թանկ է։ Ի նշան գործարարներին օգնելու բարի կամքի, հանդիպմանը ներկա էին նաեւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հրավիրված լրագրողներին ասաց, որ հայ գործարարները ռուսական շուկայում գոյատեւելու համար պետք է կատարեն այդ շուկայի պահանջները, եւ խոստացավ անել, ինչ կարող է։ Բայց նրան այլ հարցեր էին տալիս։ Օրինակ, թե ինչու են ռուսական շուկայում ապրանքները 2 անգամ էժան։ «Մրցակցության խոչընդոտներ տվյալ ոլորտում չկան, իսկ գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ»,- եղավ պատասխանը։



«Հրապարակի» հարցին, թե մենաշնորհների դեմ հայտարարված պայքարի պայմաններում Արտակ Շաբոյանն ինչ նոր առաջարկներ ունի վարչապետին կամ ինչ մենաշնորհ է բացահայտել, նա պատասխանեց․ «ՏՄՊՊՀ-ն այս բոլոր տարիների ընթացքում բազմաթիվ ուսումնասիրություններ է իրականացրել, հանդիպել է միջազգային կառույցների հետ։ Մոտ 50 խնդիր ենք բարձրացրել եւ 50 խնդրի վերաբերյալ առաջարկները գրավոր ներկայացրել ենք կառավարություն»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ