Մասնագիտական երջանկություն է, որ նախարարը նաեւ ճարտարապետ է

Մասնագիտական երջանկություն է, որ նախարարը նաեւ ճարտարապետ է

Դեռ փետրվար ամսին պարզ դարձավ, որ քաղաքաշինության նախարարությունը որոշել է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերակազմակերպել, այլ կերպ ասած՝ միացնել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին։ Թեեւ ստեղծված աղմուկին եւ առկա դժգոհություններին, այնուհանդերձ, կառավարության որոշման համաձայն, երկու թանգարանների միավորումը մոտ մեկ ամիս առաջ արդեն օրենքով հաստատվեց, արդյունքում Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը կվերանվանվի «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության: Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը հրաժարվեց մեզ հետ խոսել, նշելով, որ այս պահին ասելիք չունի։ Հանդիպեցինք Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանին, որն այս տարվա փետրվարին նշանակվեց ինստիտուտի տնօրեն եւ այս պահին իրականացնում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները, մինչեւ պաշտոնապես կհայտարարվի մրցույթ նոր ձեւավորված թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնի համար։ 



- Տիկին Տեր-Մինասյան, այնուամենայնիվ, որքանո՞վ էր նպատակահարմար միավորել այս երկու թանգարան-ինստիտուտները։



- Կարծում եմ՝ շատ նպատակահարմար էր, որովհետեւ, ըստ իս, մեկ խոշոր թանգարանը դա միշտ ավելի լավ է, քան տասնյակ փոքր, մանր թանգարանները, դա էլ պետք է, ասենք, ինչ-որ մի գյուղում, քաղաքում։ Ինչքան շատ լինեն թանգարանները, այնքան լավ, բայց այն, ինչ վերաբերում է մեր ճարտարապետությանը, մենք պետք է հնարավորինս մեծ մասշտաբով ցույց տանք, որտեղ, անշուշտ, Թամանյանը պետք է ունենա իր շատ կարեւոր դերը, բայց պետք է սկսվի հնուց, ու նոր գանք-հասնենք Թամանյանին։ Ինձ թվում է՝ դա ավելի արժեքավոր կլինի, հատկապես որ հիմա ամբողջ թանգարանն է կոչվել Թամանյանի անունով։



- Ըստ քաղաքաշինության նախարարության, այդ 2 թանգարանները թանգարանային ոչ բավարար պայմաններ ունեցող 2 հաստատություններ էին, այդպե՞ս է։



- Այստեղ կարեւոր է նշել, որ պայմաններն էին անբավարար, ոչ թե գործունեությունը, Ճարտարապետության թանգարանում անընդհատ եղել են ցուցահանդեսներ, ինչպես եւ Թամանյանի թանգարանում։ Հիմա, երբ արդեն միավորված ենք, պետք է աշխատենք մշտական էքսպոզիցիա ունենալ, որտեղ Թամանյանը, անշուշտ, կարեւոր դերակատարում պետք է ունենա։



- Միավորված տարածքում հնարավոր կլինի՞ մաքսիմալ կերպով ներկայացնել երկու թանգարանների արժեքավոր նմուշները։



- Հնարավոր կլինի, եթե ունենանք ավելի մեծ տարածք, որովհետեւ պայմանները, անշուշտ, անբավարար են, իսկ մենք շատ հարուստ արխիվ ունենք։ Չգիտեմ, թե նրանք ինչ որոշում կընդունեն, որովհետեւ, վիրավորված լինելով, պարոն Հայկ Թամանյանն իր արխիվը, որը մասնավոր արխիվ է համարվում, թանգարանից տարել է տուն։ Ես չգիտեմ, թե ինչ ավարտ դա կունենա, բայց հույս ունեմ, որ, տեսնելով մեր էքսպոզիցիան, ինքն էլ կուզենա հետ բերել գոնե աշխատանքների մի մասը, որպեսզի Թամանյանը լավ ձեւով ներկայացված լինի։ Ի դեպ, մեզ խոստանում են, որ նոր շենք կլինի, ու դա էլ շատ կարեւոր է, որ քաղաքում լինի Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան՝ մեծ շենքով, որպեսզի մեր շատ արժեքավոր արխիվները պահվեն ժամանակակից պայմաններում։ Մենք սպասում ենք նոր շենքի ու շատ հավատում ենք, որ դա մեզ կտան։



- Դա մասնավո՞ր զրույցի, թե՞ պաշտոնական մակարդակով է Ձեզ ասվել։



- Կարելի է ասել, որ պաշտոնական մակարդակով զրույց էր։ Մենք դիմել ենք, եւ մեզ ասել են, որ պետք է աշխատենք դա անել։ Դեռ ոչ մի որոշում չկա, եւ դեռ կոնկրետ շենք էլ չկա, բայց գիտեմ, որ նախարարությունը հետաքրքրված է դրանով եւ կուզի ինչ-որ բան անել, որովհետեւ թանգարանը կարեւոր թանգարան է։



- Այս ընթացքում շատ խոսվեց, որ, թանգարանները միացնելով, ընդամենը տարածքի հարց են լուծում...



- Ոչինչ չի փոխվել տարածքի առումով, դրանք այնպիսի անհեթեթ խոսակցություններ են, ցավոք, Թամանյանի ընտանիքից մեկը Լոնդոնից գրում էր, որ ուզում են բանկետների համար այդ սրահը, բայց դա այնքան ծիծաղելի է, դա դեզինֆորմացիա է։ Թամանյանի թանգարանի տարածքը մնացել է մեր ընդհանուր թանգարանին, որպես երկրորդ սրահ, միաժամանակ երկու լավ ցուցահանդեսներ կունենանք եւ այստեղ, եւ այնտեղ։ Մեկում կլինի մշտական էքսպոզիցիա, մյուսում՝ ժամանակավոր ցուցահանդեսներ։ Այդ տարածքն օգտագործվելու է միայն թանգարանային նպատակներով։ Նույն տարածքը մնացել է՝ նույն աշխատողներով։



- Կրճատումների վտանգ չի՞ սպառնում աշխատողներին։



- Հուսանք՝ չէ, մեզ այդպիսի բան չեն ասել, որովհետեւ նրանք աշխատողներ են, որոնք ինչո՞ւ պիտի իրենց գործը կորցնեն։ Սա դառնում է ուղղակի ընդհանուր թանգարան, իսկ աշխատանքն ավելանում է, բնականաբար, շատ մեծ նպատակներ ունենք, այնպես որ, աշխատող ձեռքեր եւ գլուխներ մեզ շատ պետք են։



- Մտավախություն կա, որ միավորված թանգարանում, անկախ նրանից, որ այն կրելու է Թամանյանի անունը, Թամանյանի եւ նրա ժառանգության ներկայացմանը շատ քիչ տեղ է տրվելու։



- Ոչ, այն, ինչ նրանց թանգարանում ցուցադրված էր, այստեղ էլ կցուցադրվի, ոչ պակաս։ Հետո՝ իրենցից է կախված, թե ինչքան բան կտրամադրեն, բայց եթե նույնիսկ ոչինչ չտրամադրեն, մենք, միեւնույն է, Թամանյանին ցույց կտանք մանրակերտերով, պատճեններով, ֆոտոներով, շատ հնարավորություններ կան Թամանյանին ցուցադրելու։ Իհարկե, ցանկալի կլինի, որ օրիգինալները լինեն, բայց դե, մենակ իրենց արխիվով չի վերջանում աշխարհը։



- Հիմա Ձեզ համար մոտավորապես պա՞րզ է, թե Թամանյանի ժառանգությանը թանգարանում ինչքան տեղ եք հատկացնելու։



- Կախված է տարածքից, երբ ունենանք մեծ տարածք, կարծում եմ՝ մի ամբողջ սրահ, ինչպես որ իրենց մոտ էր ներկայացված, իսկ հիմա տեղը քիչ է, մեր Իսրայելյանը, Աղաբաբյանը, Գրիգորյանն էլ ցուցադրված չեն։



- Ցուցանմուշների շուրջ արդեն բանակցություններ վարո՞ւմ եք Հայկ Թամանյանի հետ։



- Դեռ ոչ, քանի որ մեր գործերը դեռ Պետռեգիստրում են, հենց ընդհանուր թանգարանի պաշտոնական կնիք ունենանք՝ իհարկե, կխոսենք։



- Ձեր նշանակվելու առիթով ասում էին՝ քանի որ Նարեկ Սարգսյանի մտերիմն եք, դրա համար Ձեզ նշանակեցին տնօրեն, որ հետո վերամիավորված թանգարանի տնօրենն էլ Դուք լինեք, դրանից հետո փոխտնօրենի պաշտոնում արդեն սկսեց շրջանառվել նաեւ Հայկ Թամանյանի անունը։ Այդ պաշտոններում Ձեր համագործակցությունն իրատեսական համարո՞ւմ եք։



- Այո, իհարկե, մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք Հայկ Թամանյանի հետ, եւ կարծում եմ, որ շատ հանգիստ, շատ լավ կարող ենք համագործակցել։ Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանին, ինչպես որ ռուսներն են ասում՝ «не за красивые глаза», կապ չունի մեր ծանոթությունը, մտերմությունը, հետո՝ ամեն օր չէ, որ հանդիպում ենք։ Նա ինձ ճանաչում է որպես ճարտարապետ, գիտեր իմ գործունեությունը, երբ դեռ Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն չէի, եւ միայն ու միայն իմ գործունեությունից ինձ գիտեր։



- Մեր երկրում պրակտիկան ցույց է տալիս, որ սովորաբար ժամանակավոր պաշտոնակատարներն էլ նշանակվում են տնօրենի պաշտոնում։



- Ռուսների ասած՝ «пусть победит достойный», եթե լինեն ուրիշ թեկնածուներ, թող մրցեն, ինչո՞ւ չէ, ես չեմ հավակնում, որ միակն եմ։ Ես ուղղակի այս գործը շատ սիրում եմ եւ մեծ հաճույքով կաշխատեմ։ Պատկերացնում եմ եւ արդեն հայեցակարգ ունեմ, թե ինչպիսին պետք է լինի այդ թանգարանը։ Կարծում եմ՝ այստեղ է, որ մեր կարծիքները համընկան Նարեկ Սարգսյանի հետ, թե ինչպիսին պետք է լինի Ճարտարապետության թանգարանը, եւ մասնագիտական երջանկություն է դա, որ նախարարը ճարտարապետ է եւ հասկանում է, թե ինչ է ճարտարապետությունը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ