Ծառայողական մեքենաների կրճատումը փրկարար փայտիկ չէ

Ծառայողական մեքենաների կրճատումը փրկարար փայտիկ չէ

Հունիսի վերջին գերատեսչությունների, պետական մարմինների ղեկավարները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները ծախսերի կրճատման վերաբերյալ։ Արդյոք դեռ գոտիները ձգելու տեղ ունե՞նք, ինչպե՞ս նվազեցնել անարդյունավետ ծախսերը։ Մեր զրուցակիցն է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը։



- Ե՞րբ ենք ունենալու օպտիմալացման վերջնական պատկերը։



- Օպտիմիզացիան պետք է նախարարություններն անեն։ Հիմա բոլոր նախարարություններն ամփոփում են իրենց կատարած աշխատանքները, երկու օրից ներկայացնելու են ֆինանսների նախարարությանը, որպեսզի ամբողջական սկզբունքների հիման վրա մենք մեր հերթին կառավարությանը ներկայացնենք։



- Դուք զբաղվում եք բյուջեի պլանավորմամբ, տեսնո՞ւմ եք, թե որ ծախսերը կարելի է կրճատել։



- Ֆինանսների նախարարությունը միշտ է ծախս կրճատում։ Նախարարություններից ստանում ենք հայտեր, սակայն բյուջեի մեջ դրա մի մասն ենք կարողանում ներառել։ Կան դեպքեր, երբ ներկայացված հայտերի ընդամենը 20 տոկոսն է պլանավորվել եւ ֆինանսավորվել։ Իսկ, օրինակ, միգրացիայի վարչությունը, որը փախստականների տեղավորման հարցերով է զբաղվում, տարեկան 4 մլրդ.-ի հայտ է ներկայացնում, որպեսզի բնակարաններով ապահովեն միգրանտների, բայց հատկացում չի լինում։ Ստացվում է, որ նրանց հայտը 100 տոկոսով է մերժվում։ Օրինակ, Հայաստանում շուրջ 1400 դպրոց կա, եւ մեծ մասը նորոգման կարիք ունի։ Բայց մենք, կախված մեր հնարավորություններից, կարող ենք միաժամանակ 20-30 դպրոցում ընթացիկ վերանորոգումներ անել, այն էլ՝ ոչ ամբողջական։ Նույնը ճանապարհներն են։ Առողջապահությունը, օրինակ, ծախսատար ոլորտներից մեկն է։ Միջազգային ստանդարտներում առողջապահությանը հատկացվող բյուջեի ծախսերը համախառն ներքին արդյունքի 2,2 տոկոսից ցածր չպետք է լինեն։ ՀՀ-ում մեր առողջապահության ծախսերը մեկ տոկոսից մի քիչ են ավել։ Մեր պաշտպանության ոլորտի հետ կապված ծախսերը համեմատաբար մեծ են, բայց դուք էլ գիտեք, որ ցանկալիի ու իրականի տարբերությունը մեծ է։ Կրթության ոլորտին միջազգային ստանդարտներով ՀՆԱ-ի 3 եւ ավելի տոկոս հատկացվի, մեզ մոտ 2,34 է։



- Հիմա Դուք չե՞ք նկատել, թե Ձեր պլանավորածից որ մասն է անարդյունավետ ծախս։



- Ինչ վերաբերում է անարդյունավետ ծախսերին, դրանք ի հայտ են գալիս ոչ թե պլանավորման, այլ բյուջեի կատարման ժամանակ։ Ինչ-որ մարդկանց մեղադրելը՝ անարդյունավետ ծախս պլանավորելու համար, իրատեսական չէ։ Նախարարության ոչ մի աշխատող, որը հայտ է կազմում, ներկայացնում ֆիննախ, նախապես չի իմանում, որ այդ ծախսն անարդյունավետ է։



- Օրինակ, ի՞նչ դիտարկում ունեք, ի՞նչ նպատակներ են դրվել, որոնք չեն կատարվել, եւ ծախսն անարդյունավետ է եղել։



- Ենթադրենք, ցանկություն կա մի բան գնելու, տեղադրելու։ Ողջ քննարկման ժամանակ փաստարկները լինում են ի օգուտ։ Ոչ ոք չի ասում՝ եկեք այսինչ անարդյունավետ ծախսն անենք։ Չեմ ուզում օրինակ բերել, որովհետեւ իմ հարցազրույցից ամեն ինչ կհանեք, կթողնեք դա։ Հո ես օպոզիցիա չե՞մ։ Օպոզիցիայից մի մարդ չկա՞, որ պատմի։ Ես բյուջե պլանավորող եմ, եթե մեկը գա, ասի՝ պլանավորման ժամանակ ակնհայտ այսպիսի բան կար, որից դու պետք է հասկանայիր, որ այսինչ ծախսն անարդյունավետ է, եւ եթե կարողանան ապացուցեն, դրանից հետո կարող են ինձ մեղադրել թերթերով, նույնիսկ քրեական գործ բացեն։ Պետք է նայել, թե այն ժամանակ կարելի՞ էր կանխատեսել, որ այսինչ ծախսն անարդյունավետ է։ Եթե ոչ, ապա պետք չէ հետին թվով խելոք լինել։



- Ծառայողական մեքենաների, հանգստավայրերի կառուցման, գործուղման ծախսերը պլանավորելիս կարող են անարդյունավետ ծախսեր լինել։ Դրանք չե՞ն կրճատվելու։



- Համաձայն եմ, որ ծախսերն այստեղ պետք է ռացիոնալ լինեն։ Բայց երբեմն տպավորություն ես ստանում, որ ծառայողական մեքենաների կրճատումը փրկարար փայտիկ է, որով մեր բոլոր ցանկությունները ֆինանսական բնագավառում կիրականացվեն։ Իրականում, ֆինանսական տեսակետից դա մեծ արդյունք չի տալու։ Պետական բյուջեի ծախսը 1,3 տրիլիոն դրամ է։ Մենք ունեինք 1000-ից ավելի մեքենա, ուղղակիորեն պետական բյուջեից ֆինանսավորվող, որոնց պահպանման ծախսերը 1 մլրդ. դրամ են։ Այսինքն, եթե մենք բոլոր մեքենաները կրճատենք, ապա ընդամենը 1 մլրդ. դրամ կկրճատենք։ Հարցը կարեւոր է, իհարկե, բայց հարցի կշիռը մենք կարող ենք հասկանալ, եթե այդ 1 մլրդ.-ն բաժանենք 1,3 տրիլիոն դրամի։ Բայց վերջին քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվել է մեքենաների նորմատիվին։ Նորմատիվը հետեւյալն է․ նախարար, տեղակալներ, աշխատակազմի ղեկավար, նաեւ որոշ ինքնուրույն ստորաբաժանումների ղեկավարներին է տրվում ավտոմեքենա։ Կան նաեւ նյուանսներ։ Օրինակ, հարկային տեսչության շրջանային տեսչությունները, որոնք պետք է ունենան մեքենա, որովհետեւ տեսչական աշխատանքը ենթադրում է անընդհատ տարածքից տարածք տեղափոխվել։ Մյուս կողմից՝ չեք գտնի դեպք, երբ, մեքենաների ավելացման հետ կապված, ֆինանսների նախարարությունը սիրահոժար համաձայնություն տված լինի։ Ուղղակի ուզում եմ ասել, որ մենք էլ պարտավոր ենք ծայրահեղության մեջ չընկնել։ Ի վերջո, մենք պետություն ենք, որն ունի արարողակարգային խնդիրներ։ Մենք ապրում ենք մի համակարգում, որտեղ մեծ շփումներ կան, ԵՏՄ-ի մեջ ենք մտել։ Բաներ կան, որոնց պետք է նաեւ պետական ատրիբուտների տեսանկյունից նայել։ Ես ականատես եմ եղել ժամանակին, թե ինչպես մի երկրում մեր դեսպանը տաքսիով էր եկել ու հեռու էր կանգնել բոլորից՝ անհարմար զգալով։



- Գործուղման ծախսերի մասով կրճատումներ սպասվո՞ւմ են։



- Ամբողջ պետական համակարգը, բացառությամբ ԱԺ-ի, նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ԱԳՆ-ի, գործուղման պլանավորված գումարները 300 մլն. դրամ է։ Կարող է նաեւ անարդյունավետ գործուղումներ լինեն։



- Պետական ապարատում ընդունված պրակտիկա է՝ ազատ հաստիքների համար մրցույթներ չեն հայտարարվում կամ հայտարարվում են, բայց ոչ ոք չի մասնակցում։ Այդ թափուր հաստիքների համար պետությունը վճարում է, բայց այդ գումարն ուղղվում է պարգեւավճարներին։



- Այդ հարցն էլ է քննարկվել։ Այս տարի փետրվարից կա վարչապետի հանձնարարական՝ որ տնտեսման գումարներն այլ նպատակով իրավունք չունեն ծախսելու։ Առաջիկա ամիսներին ծրագրում ենք ընտրանքային ստուգումներ կատարել։ Ձեր հարցի մյուս ասպեկտը՝ վերահսկելի դարձնելը, կապված է ծրագրային բյուջետավորման ներդրման հետ։



- Ես գիտեմ, որ Դուք ծրագրային բյուջետավորման հեղինակներից եք։ Ինչո՞վ այն կօգնի մեզ՝ վերահսկելի դարձնելու բյուջեի ծախսը։



- Մենք հաճախ լավ չենք հասկանում իրար, կառավարիչները՝ լրագրողներին, քաղաքացիները՝ կառավարությանը։ Ես կարծում եմ, որ այդ թյուրըմբռնման պատճառներից մեկն այսօրվա բյուջեի ձեւաչափն է։ Մարդիկ դժվար են հասկանում, թե այն 1 տրիլիոն 300 մլն.-ն, որ այդ հարկատուները տալիս են, ինչի համար է ծախսվում։ Կոպիտ ասած՝ ոնց որ թե հարկատուների բոլոր փողերը հավաքվեն, որ էսինչ մարդկանց աշխատավարձ տանք, հեռախոսի փող եւ այլն։ Ծրագրային բյուջեն ենթադրում է, որ, բացի թվային ցուցանիշներից, լինեն նաեւ քանակական եւ որակական ցուցանիշներ։ Օրինակ, մշակույթի նախարարությանն այսքան փող ենք տալիս էսինչ նախագծերի, այնինչ միջոցառումների, գործերի համար։ Բյուջեի քննարկումներն այլեւս կլինեն հենց այս ֆորմատով։ Մարդիկ այս դեպքում գուցե դատապարտված լինեն իրար մի քիչ ավելի լավ հասկանալու։ Ի վերջո, հասարակությանը հետաքրքրում է ոչ թե թոշակի բարձրացումը, այլ որ դրանից կենսամակարդակը բարձրանա։ Այդ հնարավորությունը տալիս է ծրագրային բյուջետավորումը։ Այն չի ենթադրում տնտեսական դասակարգումներ, այլ ենթադրում է ծրագրեր։ Աշխատավարձը ծախսվում է գործ անելու համար, եւ թե քանի հոգով այդ գործն արեցին, հասարակությանն այլեւս հետաքրքիր չպետք է լինի։



- Ե՞րբ կներդրվի դա։



- Ֆորմալ՝ 2018 թվականից պետք է անցում կատարենք։ 2018 թվականին մենք ներդնելու ենք, օրենքներն ընդունվելու են, եւ 2019 թվականի բյուջեն ծրագրավորվելու է այս ձեւաչափով։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ