Արդարադատության ակադեմիայի նոր ռեկտորին՝ Սերգեյ Առաքելյանին, ընտրեցին ծածկադմփոցով

Արդարադատության ակադեմիայի նոր ռեկտորին՝ Սերգեյ Առաքելյանին, ընտրեցին ծածկադմփոցով

Քիչ առաջ հայտնի դարձավ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի անունը։ Կառավարման խորհուրդը այդ պաշտոնում ընտրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի խորհրդական Սերգեյ Առաքելյանին: Նա ԵՊՀ դասախոս է, իրավաբանական գիտությունների դոկտոր է։ Հիշեցնենք, որ ռեկտորի թեկնածուներ էին նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակից Սարգիս Թորոսյանը, ԱՆ նախկին տեղակալ Գրիգոր Մուրադյանը և ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման ու եվրաինտեգրման բաժնի նախկին պետ Թամարա Շաքարյանը։ Սերգեյ Առաքելյանի հաղթանակի մասին իրավական շրջանակներում սկսեցին խոսել այն պահից, երբ պարզ դարձավ, որ Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը մրցույթին մասնակցելու դիմում չի ներկայացրել։ Կառավարման ակադեմիայի խորհուրդը նախընտրեց փակ նիստով որոշել հաղթողին՝ հրաժարվելով թափանցիկ ընթացակարգից։ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ին թույլ չեն տվել դիտարկել ռեկտորի ընտրությունը՝ պատճառաբանությամբ, որ խորհրդի նիստը փակ է։ Կազմակերպությունից հայտնում են, որ սա արվել է գրավոր կարգով, և իրենք պատրաստվում են բողոքարկել այս որոշումը։ Ընտրության կարգը, բաց, կամ փակ ընթացակարգով այն իրականացնելու հարցը որոշում է խորհուրդը, ինչը իրավունքի տեսանկյունից նոնսենս է։ Հանրությունը ոչ մի կերպ չի կարողանում վերահսկել կարևորագույն իրավական ինստիտուտներից մեկի՝ արդարադատության ակադեմիայի ղեկավարի ընտրությունը։ Այն անցկացվում է յուրայիններով, առանց ավելորդ աչքերի և ականջների, այլ կերպ ասած, ինչպես հարմար է խորհրդի անդամների քիմքին։ Կառավարման խորհուրդն ընդամենը կանոնադրության համաձայն ուսումնասիրեց թեկնածուների ծրագրերը։ Հանձնաժողովը թեստերով, ավելի վստահելի ընթացակարգով ռեկտոր ընտրելուն հերթական անգամ նախընտրեց ծածկադմփոցը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ