Ղարաբաղի հարցը կլուծվի, երբ գարին դառնա հանց ընկույզ մի

Ղարաբաղի հարցը կլուծվի, երբ գարին դառնա հանց ընկույզ մի

Ի՞նչ տվեց Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի վեհաժողովը ԼՂ հարցի կարգավորմանը, արդյոք որեւէ բան որոշակիացա՞վ այդ հարցում, թե՞ ավելի խճճվեց: Փորձենք հասկանալ, թեեւ հասկանալու շատ բան էլ չկա:



Եթե դատելու լինենք ՆԱՏՕ-ի ամփոփիչ եզրակացությունից, որտեղ խոսվում է երկրների տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ հակամարտությունների կարգավորման երեք հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա խնդիրը լուծելու մասին, ապա միանշանակ կարելի է պնդել, որ ՆԱՏՕ-ն նոր բան չի ասել: Առանձնապես նորություն չէին նաև՝ Ալիեւի եւ Սարգսյանի ելույթները: Ալիեւը, ինչպես միշտ, խոսել է տարածքային ամբողջականությունից եւ երկրի 20 տոկոսի «օկուպացման» ու ներկա ստատուս քվոյի պահպանման անթույլատրելիության մասին, իսկ Սարգսյանը նշել է նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման եւ դրա համեմատ ստատուս քվոյի փոփոխության հնարավորությունը:



Ոմանց կարծիքով՝ Ալիեւը որոշակի զիջումների է գնացել՝ տեւական ընդմիջումից հետո կրկին մեջտեղ բերելով ԼՂ կարգավիճակի քննարկման հնարավորությունը, սակայն դա այդպես չէ, որովհետեւ նման հակամարտությունների կարգավորումը միշտ էլ ենթադրում է կողմերից մեկի որոշակի կարգավիճակ՝ առանց որեւէ մեկի ցանկության: Բացի այդ, Ղարաբաղը միշտ էլ կարգավիճակ ունեցել է եւ չի համարվել Ադրբեջանի սոսկական տարածք: Այնպես որ, Ալիեւի ցանկությունը՝ կարգավիճակ տա՞լ, թե՞ չտալ Ղարաբաղին, որեւէ կերպ չի կարող վճռորոշ լինել բուն հակամարտության հանգուցալուծման գործում: Այս հարցում հայկական կողմը, անկախ իրենից, առավելություն ունի, որովհետեւ միջազգային հանրության համար այս հակամարտության միակ տրամաբանական հանգուցալուծումը հենց Արցախի կարգավիճակի ճշտումն է, ինչը մեկ անգամ եւս հստակեցվեց ՆԱՏՕ-ի վեհաժողովում: Բայց ինչպե՞ս հասնել այն բանին, որ Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի կարգավիճակը:



Բաքուն պնդում է դրա փուլային տարբերակը՝ տարածքների վերադարձ, վերջում՝ կարգավիճակի քննարկում: Հայաստանն առաջարկում է փաթեթայինը՝ նախ կարգավիճակ, հետո՝ մյուս հարցերի քննարկում: Ալիեւը հայտարարում է, որ թույլ չի տա երկրորդ հայկական պետության ձեւավորում Ադրբեջանի տարածքի վրա եւ Ղարաբաղի կարգավիճակն էլ պատկերացնում է միայն Ադրբեջանի կազմում, մինչդեռ Հայաստանը պնդում է, որ Ղարաբաղը որեւէ կարգավիճակով չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, եւ ամեն ինչ որոշելու է Ղարաբաղի ժողովուրդը: Ընդ որում, որքան հասկացանք Սերժ Սարգսյանի հայտարարությունից, Հայաստանը համաձայն է ԼՂՀ կարգավիճակի ճշտումից հետո ստատուս քվոյի փոփոխությանը, որ մոտավորապես նույնն է, ինչ տարածքների վերադարձը:



Ի վերջո՝ ո՞ր կողմի մոտեցումն է առավել ընդունելի: ՆԱՏՕ-ի ընդունած հայտարարության մեջ դա չի զգացվում: Չի զգացվում նաեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարություններից, հավանաբար, ոչինչ չի զգացվի նաեւ Փարիզում կայանալիք հանդիպումից։ Իսկ ինչո՞ւ: Մի՞թե Հայաստանը եւ Ադրբեջանը միջնորդներին կանգնեցրել են այնպիսի խնդրի առջեւ, որը լուծում չունի: Փորձենք հասկանալ:



Ովքե՞ր են միջնորդները. հակամարտող բեւեռներ՝ ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան: Սպասել, որ այս երեքը տեսանելի ապագայում համաձայնության կգան Ղարաբաղի հարցում, նշանակում է հնարավոր համարել այդ ժամանակամիջոցում Ռուսաստանի անդամակցումը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին՝ ընդ որում Ղրիմը եւ Դոնբասն Ուկրաինային վերադարձնելով: Հնարավո՞ր է…
Եթե մի հրաշքով Հայաստանը եւ Ադրբեջանը սեպարատ համաձայնության էլ գան Ղարաբաղի հարցում, միեւնույն է, միջնորդները ոչինչ անել չեն կարող, որովհետեւ Ղարաբաղի հարցի լուծում, որպես այդպիսին, տարածաշրջանում հակամարտող բեւեռները չունեն: Ալիեւ-Սարգսյան հանդիպումները նրանց պետք են ոչ թե խնդրի կարգավորման համար, այլ խնդիրն առայժմ պահելու, որովհետեւ այս փուլում լուծումների գնալը կնշանակի բեւեռների միջեւ հակասությունների նոր սրացում եւ նույնիսկ հակամարտության հրահրում: Ամենեւին էլ պատահական չէին միջնորդների ապրիլյան հայտարարություններն այն մասին, որ եռօրյա պատերազմն սպառնում էր կոնֆլիկտի մեջ ներքաշել տարածաշրջանային այլ ուժերի եւ վերածվել խոշոր ընդհարման:



Կարծիք կա, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովից հետո հատկապես ամեն ինչ կախված է Հայաստանի հետագա արտաքին քաղաքականությունից: Եթե շարունակենք Ռուսաստանի պոչը բռնած քայլել, ապա ՆԱՏՕ-ն, Արեւմուտքը եւ միջազգային հանրությունը երես կթեքեն մեզնից եւ կպաշտպանեն հարցի լուծման Ադրբեջանի տեսլականը: Շատ հեշտ է այս տեսակետը մերժելը՝ ասելով, որ եթե ԱՄՆ-ի պոչը բռնենք, Ռուսաստանը կանցնի Ադրբեջանի կողմը: Ուզում ենք ասել՝ սա խաղ չէ, որ ՀՀ իշխանություններին խորհուրդ տանք այսպես խաղալ կամ այսպես չխաղալ: Ամեն ինչ կախված է աշխարհաքաղաքական հետագա զարգացումներից, որոնցից ոչ մի երկիր, անգամ Մեծ Բրիտանիայի նման երկիրը, ապահովագրված չէ:



Մի այսպիսի հասարակ հարց՝ ՆԱՏՕ-ի վեհաժողովում հավատացի՞ն, արդյոք, Սերժ Սարգսյանի այն խոսքին, որ եթե իրացվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ ճշտվի Ղարաբաղի կարգավիճակը, կփոխվի նաեւ ստատուս քվոն: Բնականաբար՝ չհավատացին, որովհետեւ ՆԱՏՕ-ի վեհաժողովում ախմախներ չկան, եւ այնտեղ բոլորը հասկանում են, որ Սերժ Սարգսյանը չի կարող իր ստորագրությամբ տարածքներ վերադարձնել եւ ստատուս քվո փոխել: Այդքան բան կարողացող Սերժ Սարգսյանն ավելի հեշտ կկարողանար նաեւ ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին: Մեր կարծիքով՝ հենց այն, ինչը խանգարում է տարածքներ հանձնել եւ լուծել Արցախի հարցը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ