Մի՞թե ասպետության ժամանակներն անցել են անվերադարձ

Մի՞թե ասպետության ժամանակներն անցել են անվերադարձ

Բանավեճի մակարդակ պահանջող Վահրամ Աթանեսյանին արժե հիշեցնել, որ կա մի գիծ, որից այնկողմ չի կարելի անցնել: Բանավեճը, սովորաբար, լինում է որևէ թեմայի շուրջ և ոչ անձերի ամբիցիաների: Հետևաբար, եթե բան ունես ասելու, ասա ասվածի մասին և ոչ թե ասողի:



Քիչ առաջ Hraparak.am-ում հայտնվեց Վահրամի հոդվածը՝ որով, իբր, պատասխանել է ավելի վաղ գրված իմ հոդվածին: Որևէ բան չունեմ ասելու իր գրածի մասին, որովհետև վերցրել և, անազնիվ ձևով շուռումուռ տալով ասածներս, փորձել է տակից դուրս գալ: Արդյունքում ստացվել է՝ «տեսեք՝ ես ինչքան լավն եմ, իսկ Էդիկ Անդրեասյանն ինչքան վատն է» տիպի մի մաքառագիր, որից ոչինչ չի հասկացվում:



Բայց Վահրամին մեկ-երկու բան ունեմ ասելու:



Վահրամ, դու չես կարող ինձ անդրադառնալ: Գրածիս՝ գուցե, բայց ինձ՝ ոչ: Գնա Քիմ Քարդաշյանին անդրադարձիր: Տեղ հասա՞վ: Ուրախ եմ: Ասեմ նաև՝ ես շատ փոքր մարդ եմ Դաշնակցության տեսակետ ներկայացնելու համար: Եվ, եթե «Ապառաժը» տպել է իմ հոդվածը, դա դեռ չի նշանակում, որ կուսակցական հանձնարարական է: Պարզապես, երբ մարդիկ անցյալն իրենց իմացածով են հրամցնում, ուղղակի չես կարողանում լռել: 



Եվ երկրորդ: Այս ի՞նչ ես, գրել, Վահրամ:



Կարդա. «Բանավեճն իջեցնել այդ մակարդակի, նշանակում է մի բան՝ չտեսնելու տալ խնդիրը, պոպուլիզմ խաղալ. «Ի՞նչ կապ ունի դա Հռոմի պապի ժողգործիքների (երեւի պապի այցելության մի պահի հասցրել-տեսել է Վ. Ա.) հետ, եթե մենք վստահ ենք, որ ՀՀ եւ Արցախի իշխանությունները Ղարաբաղի հարցում զիջելու բան չունեն: Բայց եթե Վահրամ Աթանեսյանի սիրտը կասկած է ընկել այդ հարցում, ապա նա պարտավոր է այդ մասին հստակ արտահայտվել եւ բարձրաձայն ասել. «Մի զիջեք»: Մանավանդ, որ խոսքն այս դեպքում իր հայրենի Արցախի մասին է եւ ոչ թե «անկարեւոր» Արեւմտյան Հայաստանի կամ «ինչ-որ» Նախիջեւանի»:



Իսկ հիմա բնագիրը կարդա. «Թուրքիան փակել է սահմանը, թող Թուրքիան էլ բացի: Ի՞նչ կապ ունի դա Հռոմի պապի ժողգործիքների հետ, եթե մենք վստահ ենք, որ ՀՀ եւ Արցախի իշխանությունները Ղարաբաղի հարցում զիջելու բան չունեն: Բայց եթե Վահրամ Աթանեսյանի սիրտը կասկած է ընկել այդ հարցում, ապա նա պարտավոր է այդ մասին հստակ արտահայտվել եւ բարձրաձայն ասել. «Մի զիջեք»: Մանավանդ որ խոսքն այս դեպքում իր հայրենի Արցախի մասին է եւ ոչ թե «անկարեւոր» Արեւմտյան Հայաստանի կամ «ինչ-որ» Նախիջեւանի»:



Հուսամ՝ պատասխան ունես, թե ինչ է նշանակում փակագծերի մեջ առածդ տողը:



Էդիկ Անդրեասյան