Այդ խումբն ինչ-որ հովանավորներ ունի, որոնք ուզում են ապակայունացնել երկիրը

Այդ խումբն ինչ-որ հովանավորներ ունի, որոնք ուզում են ապակայունացնել երկիրը

Հարցազրույց «Կիլիկիա» գործարանի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ։



- Արդեն մի քանի օր է՝ լարված իրավիճակ է մայրաքաղաքում․ ՊՊԾ գունդը դեռ սեֆիլյանականների հսկողության տակ է, բոլորն սպասում են իշխանության քայլին։ Ի՞նչ է առաջարկում իշխանությունը, ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը։



- Էնպես չէ, որ պետք է պարտադիր քայլ արվի, պետք է հնարավոր քայլ լինի։ Ես չգիտեմ իրենց պահանջը որն է։



- Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում, Սերժ Սարգսյանի հրաժարական, Արցախի տարածքների խնդիր։



- Իսկ ինչ-որ մեկը հո՞ղ է հանձնում։ Իսկ նախագահի հրաժարականը, բնականաբար, ճիշտ չէ՝ ընտրություններով է նախագահն ընտրվում, ընտրություններով էլ պետք է փոխվի։ Ես կարծում եմ, որ այդ խումբն ինչ-որ հովանավորներ ունի, որոնք ուզում են ապակայունացնել երկիրը։ Հիմա ամբողջ աշխարհը, Թուրքիայի դեպքերը թողած, մեր մասին է խոսում, որը շատ վատ է։



- Դուք, որպես իշխանության ներկայացուցիչ, Ձեր պատասխանատվությունը, մեղքն զգո՞ւմ եք, քանի որ տեսակետ կա, որ երկրում տարիների կուտակված խնդիրներն ու իշխանության անգործությունը մարդկանց մղեցին այդ քայլին։



- Եթե Օպերայի հրապարակում հավաքվեին հարյուր հազարավոր մարդիկ, այդ ժամանակ ես ինչ-որ տեղ կհամաձայնեի Ձեր ասածի հետ, բայց ընդամենը մի քանի հոգի մարդիկ են, ու կարծում եմ, որ Ձեր ասածի համար չէ։ Թե ինչի համար է, ես չեմ կարող ասել։
Հիմա ում էլ հարցնես, ամեն մեկը մի բանից դժգոհ է։ Բայց ամեն ինչ գցել իշխանության վրա՝ ճիշտ չէ, որովհետեւ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի, չպետք է միայն դժգոհենք։ Դրսում էլ կոռուպցիա կա, կաշառակերություն, իրար վրա կրակել, տեսանք Ֆրանսիայում ինչ կատարվեց, ամեն մի խումբ, ինչ-որ մի բանի համար դժգոհելով, փորձում են խնդիր լուծել։ Եթե ինչ-որ բան էլ կար հիմա անելու, պետք էր գիտակցել, որ հիմա պահը չէր նման բան անելու։ Թուրքիայի դեպքերը կային, պետք է թողեինք դրանք հանդարտվեին, որպեսզի մեզ չհավասարացնեին թուրքերի հետ։



- Այսինքն՝ իշխանությունը պատասխանատո՞ւ չէ այս իրավիճակի համար։



- Ցանկացած իրավիճակի համար բոլորս կրում ենք պատասխանատվություն, բոլորիս մեղքն է դա։



- Օրինակ, շարքային քաղաքացու մեղքը ո՞րն է, որ երկրում համատարած աղքատություն է, արտագաղթ, անարդարություն։



- Ինչի, նախորդ նախագահների ժամանակ չի՞ եղել դժգոհություն, եղել է, վաղը չորրորդն էլ լինի, լինելու է դժգոհություն։ Մարդու պահանջմունքներն ավելի արագ են զարգանում, քան երկիրը, եւ դա է այս ամենի պատճառը։ Ցույց կտա՞ք մի երկիր, որտեղ իշխանությունից գոհ են։ Հիմա էս իրավիճակում պետք է կոմպրոմիսային տարբերակ գտնել, ում կողմից, ինչ չափով, դա չեմ կարող ասել, բայց պետք է կոմպրոմիսի գալ, որ արյունահեղություն չլինի։ Թե չէ ամեն 100 հոգու ասածի համար պետք է նախագա՞հ փոխենք, եթե էդպես լինի, 10 օրը մեկ պետք է նախագահ փոխենք։



- Փողոց դուրս եկողների նկատմամբ բռնություն է գործադրվում, բերման են ենթարկում, ընդդիմությանն այնպես եք լռեցրել, որ լռում են, դատապարտում։



- Երբ Հարկային օրենսգիրքն էինք քննարկում ԱԺ դահլիճում, ես բավականին լավատես էի, ասում էի՝ ապրեն ընդդիմադիրները, շատ լավ պայքարում են դրա համար, բայց երբ որ սկսեցինք քննարկել առանձին սենյակում, որտեղ կամերաներ չկային, ոչ մի ընդդիմադիր գործիչ չներկայացավ։ Եթե դուք դրա պատասխանն ինձ ասեք, ես կշարունակեմ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ