Ձեր ոստիկանապետը ձեզ հետ հարբած ձեւով է խոսում, նարկոտիկ օգտագործած. միջադեպ Խորենացիում

Ձեր ոստիկանապետը ձեզ հետ հարբած ձեւով է խոսում, նարկոտիկ օգտագործած. միջադեպ Խորենացիում

Խորենացի փողոցում այս պահին ուժեղացված հսկողություն է իրականացվում, արգելափակված է մեքենաների, քաղաքացիների ու լրագրողների մուտքը: Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը այդպես էլ չմեկնաբանեց, թե ինչու է քաղաքացիների շարժը արգելափակված այն դեպքում, երբ փողոցը փակ չէ: «Ձեզ է թվում, մի խոչընդոտեք մեր աշխատանքը»,-հորդորեց Կարապետյանը՝ առաջարկելով քիչ լինել նշված վայրում եւ գործով զբաղվել: Քաղաքացիական հագուստով մի քանի անձինք պարբերաբար շփվում են ոստիկաններ հետ: Նրանք հավանաբար քաղաքացիական հագուստով ոստիկաններ են:



60-անց մի կին մոտ արդեն 15 րոպե զայրույթի տոնով նախատում է ոստիկաններին, հորդորում արյուն չթափել եւ անպարկեշտ արտահայություններ հնչեցնում իշխանությունների հասցեին: «Ձեր ոստիկանապետը ժողով անելուց ձեզ հետ հարբած ձեւով է խոսում: Ժողովը անում է նարկոտիկ օգտագործած»,-ասում էր կինը՝ հավելելով, թե այդ փողոցով ինքը լռությամբ էր անցուդարձ անում, բայց այսօր չդիմացավ ու ներսում կուտակված զայրույթը որոշեց արտահայտել: Կնոջ խոսքը լսող ոստիկաններից մեկը նրան արձագանքեց՝ անվանելով «խելագար»: Կարմիրբերետավորներից մեկը որոշեց սաստել կնոջը՝ բարձրացնելով մահակը ու վազելով նրա հետեւից: Կինը վազելով անցավ մայթը՝ գոռալով՝ «չհամարձակվես»: Քիչ անց, սակայն, կարմիրբերետավորները քաշքշելով բերման ենթարկեցին տարեց կնոջը: Րոպեներ առաջ ՊՊԾ գնդի տարածք եկավ շտապօգնության մեքենան: